Ռուս պատգամավորները կայցելեն Գյումրի և ծաղիկներ կդնեն Ավետիսյանների շիրիմներին

Ռուս պատգամավորները կայցելեն Գյումրի և ծաղիկներ կդնեն Ավետիսյանների շիրիմներին

PanARMENIAN.Net - ՌԴ Պետդումայի ԱՊՀ գծով կոմիտեի պատվիրակությունը մտադիր է այցելել Գյումրի և ծաղիկներ դնել Ավետիսյանների ընտանիքի անդամների շիրիմներին, հայտնել է լրագրողներին կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին:

Ըստ պատգամավորի, Դումայի կոմիտեի անդամները մտադիր են մարտի 28-ին համատեղ նիստ անցկացնել ՀՀ ԱԺ արտաքին քաղաքականության կոմիտեի հետ: Օրակարգում են եվրասիական ինտեգրման, միգրացիայի հարցերը, կքննարկվեն նաև Հայոց ցեղասապնության 100-ամյա տարելիցի հետ կապված հարցեր:

Մարտի 29-ին կոմիտեի պատվիրակությունը, ինչպես ենթադրվում է, կայցելի Գյումրի: «Ինչ վերաբերվում է Գյումրիում տեղի ունեցած ողբերգությանը, ապա այն չդարձավ, ինչպես կարծում էին մեր ընդդիմախոսները, այն անկյունաքարը, որը մեզ կտարանջատեր պաշտոնական Երևանից: Քննություն է գնում: Մենք մտադիր ենք ծաղկեպսակ դնել Ավետիսյանների ընատնիքի շիրիմին»,-ասել է պատգամավորը:

Նա հավելել է նաև, որ տեղի կունենա հայ ընտանիքի սպանության քննությանը հետևող համատեղ հանձնաժողովի նիստ: «Մեր կողմից այն ղեկավարում է Օլեգ Լեբեդևը»,-հավելել է Սլուցկին, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Հունվարի 12-ին Գյումրիում տեղի ունեցած Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության գործով ստացվել է նշանակված դատաձգաբանական փորձաքննության եզրակացությունը: «Հաշվի առնելով նշված գործի նկատմամբ ձևավորված հասարակական պահանջը՝ տեղեկացնում ենք, որ փորձագետների գնահատմամբ՝ դեպքի վայրում հայտնաբերված և փորձաքննության ներկայացված պարկուճները, գնդակները կրակվել են «АКС-74» տեսակի ինքնաձիգից, որը ամրակցված է եղել գործով մեղադրյալ Վ.Պերմյակովին և հայտնաբերվել դեպքի վայրում»,-ասվում է ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության հաղորդագրության մեջ:

Հունվարի 12-ին Գյումրիում հայտնաբերվեցին Ավետիսյանների ընտանիքի 6 անդամի դիերը: Ընտանիքի մյուս երեխան՝ 6-ամսական Սերյոժա Ավետիսյանը, ծանր մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց, որտեղ վիրահատվեց։ Չնայած բժիշկների ջանքերին, երեխային փրկել չհաջողվեց, փոքրիկը մահացավ հունվարի 19-ին: Հայ-թուրքական սահմանը հատելու փորձի ժամանակ հայտնաբերված կասկածյալ Վալերի Պերմյակովին մեղադրանք առաջադրվեց, նա ընդունել է իր կատարած հանցանքը: Նրան տեղափոխեցին ռուսական ռազմակայան, ինչը բողոքի մեծ ալիք բարձրացրեց:

Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ կասկածվող Վալերի Պերմյակովին մեղադրանք է առաջադրվել ՌԴ ՔՕ 105-րդ հոդվածի 2-րդ (սպանություն) և 338-րդ հոդվածի 2-րդ մասի (դասալքություն) հատկանիշներով, որպես խափանման միջոց ընտրված է կալանքը: Միաժամանակ, որոշում է կայացվել Վալերի Պերմյակովին որպես մեղադրյալ ներգրավել ՀՀ ՔՕ 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (այն է՝ երկու կամ ավելի անձանց սպանություն, ինչը պատժվում է 8-ից 15 տարի ժամկետով կամ ցմահ ազատազրկմամբ) հարուցված քրգործով:

Իսկ հունվարի 19-ին Գյումրիի քաղաքապետարանը ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին ուղերձ էր հղել, որում, մասնավորապես, նշվում էր՝ ակնկալվում է Կոստանյանի միջնորդությունը, որպեսզի հանցագործության նախաքննությունը հանձնվի հայ իրավապահներին, որոնք կապահովեն գործի քննության արդարացիությունը և թափանցիկությունը, իսկ դատավարությունը տեղի ունենա Հայաստանի Հանրապետությունում:

Ձեռնարկվել են քննչական, դատավարական և օպերատիվ-հետախուզական այլ միջոցառումներ: Վալերի Պերմյակովին քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշում է կայացվել: Մեղադրյալն ընդունել է առաջադրված մեղադրանքը:

ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը, ղեկավարվելով ՀՀ և ՌԴ միջև ՀՀ տարածքում ռուսաստանյան ռազմական բազայի գտնվելու հետ կապված գործերով իրավասության և փոխադարձ իրավական օգնության հարցերի վերաբերյալ Համաձայնագրի 6-րդ հոդվածով, հունվարի 12-ին Գյումրի քաղաքում ՀՀ յոթ քաղաքացիների սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի վարույթը ՀՀ իրավապահ մարմիններին փոխանցելու վերաբերյալ միջնորդությամբ դիմել է ՌԴ գլխավոր դատախազ Յու. Չայկային:

ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությունն այժմ քննարկվում է ՌԴ գործընկերների կողմից: Միջնորդության շուրջ ստեղծված թյուրըմբռնումներից խուսափելու համար հրապարակվեց դրա վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազության միջազգային-իրավական կապերի բաժնի կողմից ՌԴ գլխավոր դատախազություն ուղարկված հարցման պատասխանի լուսապատճենը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---