3 օգոստոսի 2006 - 16:28 AMT
ԱՄՆ-ն չի ցանկանում սրել հարաբերությունները Թուրքիայի հետ
«Սպիտակ տան ջանքերն, ուղղված Հայաստանում ԱՄՆ դեսպանի փոխարինմանը, տապալել են արտաքին գործերի հանձնաժողովի անդամ սենատորները, որոնք հանդես են գալիս Ամերիկայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման օգտին»,-գրում է «Ֆրանս Պրես» (AFP) գործակալության մեկնաբանը: Գործակալությունը հիշեցնում է, որ Երեւանում ներկայիս ԱՄՆ դեսպան Ջոն Էվանսն ընդամենը 2 տարի է, ինչ զբաղեցնում է այդ պաշտոնը, եւ նրան վաղաժամ ետ կանչելու պատճառը նրա հայտարարությունն է եղել այն մասին, որ նա «1915 թվականի իրադարձությունները Օսմանյան Թուրքիայում համարում է Ցեղասպանություն»: Ըստ AFP-ի մեկնաբանի, ԱՄՆ-ն չի ցանկանում սրել հարաբերությունները Թուրքիայի հետ, որը միակ իսլամական երկիրն է ՆԱՏՕ-ի կազմում: Թուրքիան էլ իր հերթին հուսով է ստանալ Ամերիկայի աջակցությունը քրդական հարցում: Հենց այս պատճառով «Հայոց ցեղասպանություն» տերմինը չի օգտագործվում պաշտոնական Վաշինգտոնի կողմից, գտնում է AFP մեկնաբանը: