Չանաքքալեի 100-ամյակի միջոցառումներին հրավիրյալների թիվը նվազում է

Չանաքքալեի 100-ամյակի միջոցառումներին հրավիրյալների թիվը նվազում է

PanARMENIAN.Net - Ապրիլի 24-ին Թուրքիայում կայանալիք Չանաքքալեի ճակատամարտի 100-ամյակին նվիրված միջոցառումներին հրավիրվածների թիվը նվազել է 25-ով, գրում է «Ակոս» թերթը: Հայոց ցեղասպանության սկիզբ համարվող Ապրիլի 24-ին այս տարի Չանաքքալեի միջոցառումը նշելու Էրդողանի հայտարարության մեջ ասվել էր, որ հրավեր է ուղարկվելու 102 երկրների ղեկավարների:

Այդ թիվն այժմ նվազել է՝ հասնելով 77-ի: Ցանկից 25 երկիր է պակասել, սակայն Անկարան փորձում է ավելացնել մասնակցության թիվը։

Մինչ այժմ հստակ է միայն, որ Չանաքքալեի տոնակատարություններին մասնակցելու համար Թուրքիա են ժամանելու Մեծ Բրիտանիայի արքայազն Չարլզն ու որդին՝ Հարրին։

Մինչդեռ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել են, որ ապրիլի 24-ին Երևանում մասնակցելու են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Դարդանելիի (Չանաքքալեի) պատերազմական գործողությունների 100-ամյակի կապակցությամբ պետականորեն կազմակերպվելիք միջոցառումներ է նախատեսել ապրիլի 24-ին, չնայած, որ ամեն տարի այն նշվել է մարտի 18-ին: Ւ թիվս աշխարհի երկրների այլ նախագահների Էրդողանը հրավիրել է նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգիսյանին:

Նախագահ Սերժ Սարգսյանը` ի պատասխան Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի նամակի, որտեղ Թուրքիայի նախագահը Հայաստանի Հանրապետության նախագահին հրավիրել է ապրիլի 24-ին ներկա լինելու Թուրքիայում Գալիպոլիի ճակատամարտի հարյուրամյակի հիշատակի միջոցառումներին, պատասխան նամակ է հղել, որում, մասնավորապես, ասված է.

Թուրքիան շարունակում է ժխտողականության իր ավանդական քաղաքականությունը և տարեցտարի «կատարելագործելով» պատմության աղճատման իր գործիքակազմը՝ Գալիպոլիի մարտերի հարյուրամյակն այս տարի առաջին անգամ նշում է ապրիլի 24-ին, այն դեպքում, երբ դրանք սկսվել են 1915 թվականի մարտի 18-ին և շարունակվել մինչև 1916 թվականի հունվարի վերջը, իսկ դաշնակիցների ափհանման օպերացիան՝ Գալիպոլիի ցամաքային մարտերը սկսվել են ապրիլի 25-ին:

«Ի՞նչ նպատակ է սա հետապնդում, եթե ոչ համաշխարհային հանրության ուշադրությունը Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումներից շեղելու պարզունակ նպատակ: Մինչդեռ, մինչև հիշատակի միջոցառում նախաձեռնելը, Թուրքիան շատ ավելի կարևոր պարտականություն ուներ սեփական ժողովրդի և ամբողջ մարդկության հանդեպ, այն է՝ Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը:

Ուստի, խորհուրդ կտայի համաշխարհային խաղաղությանն ուղղված Ձեր կոչերում չմոռանալ Հայոց ցեղասպանության ճանաչման ուղերձ հղել աշխարհին՝ ոգեկոչելով մեկուկես միլիոն անմեղ զոհերի հիշատակը: Յուրաքանչյուրիս պարտքն է գալիք սերունդներին փոխանցել խեղաթյուրումից զերծ իրական պատմությունը՝ այդ կերպ կանխելով ոճրագործությունների կրկնությունն ու հող նախապատրաստելով ազգերի, հատկապես հարևան ազգերի միջև մերձեցման և հետագա համագործակցության համար»:

Հետգրությամբ Սերժ Սարգսյանը շեշտել է, որ դեռևս մի քանի ամիս առաջ Թուրքիայի նախագահին հրավիրել է Երևան՝ 2015 թվականի ապրիլի 24-ին միասին հարգելու Հայոց ցեղասպանության անմեղ նահատակների հիշատակը. «Մեզ մոտ ընդունված չէ հյուրընկալվել հրավիրվողին՝ առանց սեփական հրավերի պատասխանը ստանալու»:

Ինչպես ավելի վաղ, արդարացնելով Չանաքքալեի միջոցառման օրը մարտի 18-ից ապրիլի 24 տեղափոխելու որոշումը, Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն հայտարարեց,. «Մենք նշում էինք այդ օրը մարտի 18-ին, իսկ Ավստրալիայի ու Նոր Զելանդիայի բանակները՝ ապրիլի 24-ին: Մենք ընտրեցինք այդ օրը միայն միասին տոնելու նպատակով»:

Ավելի վաղ Թուրքիայի իրավապաշտպան կազմակերպությունները կոչ էին արդել համաշխարհային առաջնորդներին ապրիլի 24-ին մեկնել ոչ թե Չանաքքալե, այլ Երևան: Ինչպես հայտարարեցին թուրք իրավապաշտպանները, թուրքական իշխանությունները Հայոց ցեղասպանության 100-ամյակի տարում ցանկանում են շեղել աշխարհի առաջնորդների ուշադրությունն ու մոռացության մատնել Ցեղասպանությունը: Թուրքիայի Մարդու իրավունքների միության փոխնախագահ Մերալ Չըլդըրը նշեց, որ ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, որպես հաղթանակի կեղծ օր տոնելը անարգում է Ցեղասպանության զոհերի հիշատակը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---