4 օգոստոսի 2006 - 22:15 AMT
Իսրայելի նպատակն է ոչնչացնել Լիբանանը
Իսրայելի նպատակն է ոչնչացնել Լիբանանը: Ռմբակոծվում են քաղաքացիական օբյեկտները, ոչնչացվում է երկրի ենթակառուցվածքը: Այդ մասին Երեւանում հայտարարել է Հայաստանում Լիբանանի դեսպան Ջեբրաիլ Ժաարայը: Նրա խոսքերով, միայն անցած գիշերվա ընթացքում ավիրվել է 3 կամուրջ Լիբանանի հարավում, որի վերականգնումը կպահանջի 50 մլն դոլար: «Իսրայելի կողմից Լիբանանի դեմ ռազմական գործողությունների 22 օրվա ընթացքում երկրին հասցված վնասը հասնում է 5 միլիարդ դոլարի, եւ յուրաքանչյուր օրվա հետ այդ թիվն աճում է: Լիովին ավիրվաել է 15 հազար բնակարան, շուրջ մեկ միլիոն մարդ դարձել են տեղահանված անձիք: Աշխարհի բարձրաստիճան դիվանագետների բազմաթիվ այցերը դեռեւս արդյունք չեն տալիս: Պատերազմը շարունակվում է»,-ընդգծել է նա: Ջեբրաիլ Ժաարայը նշել է նաեւ, որ ներկայումս որպես պատանդ Իսրայելի բանտերում են գտնվում 8 լիբանանցիներ եւ շուրջ 10 հազար պաղեստինցիներ: «Ողջ Մերձավոր Արեւելքը շատ պայթյունավտանգ եւ բախումնային գոտի է: Խաղաղությունն այստեղ դեռ չի նշմարում»,-ասել է նա:
Դեսպանը ներկայացրել է Լիբանանի կառավարության որոշումը, կազմված 7 կետից, որոնք անհրաժեշտ է կատարել մինչ պատերազմի դադարեցումը: Դա գերիների եւ պատանդների փոխանակումն է, իսրայելական բանակի ետ քաշումը Լիբանանի սահմանից, լիբանանյան բանակի տեղաբաշխումը երկրի ողջ տարածքում, ՄԱԿ-ի խաղաղապահների տեղակայումը Լիբանանի հարավում, վերադարձը 1949 թվականի պայմանագրին` Իսրայելի եւ Լիբանանի միջեւ ռազմական գործողությունները դադարեցնելու մասին, Լիբանանը որպես աղետի գոտի ճանաչելը եւ մարդասիրական օգնության ցուցաբերումը: «Լիբանանին բոլորից շատ աջակցում են Սաուդյան Արաբիան եւ Ֆրանսիան: Մենք նաեւ բարձր ենք գնահատում հայկական կառավարության օգնությունը, ինչը մեկ անգամ եւս հաստատում է, որ մեր ժողովրդներին կապում է եղբայրական բարեկամությունը»,-հայտարարել է նա:

Երեւանում Լիբանանի դիվանագիտական առաքելության ղեկավարը նշել է նաեւ, որ երկու օր առաջ Լիբանանի բոլոր դավանանքների հոգեւոր առաջնորդները, այդ թվում նաեւ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը հանդես են եկել հայտարարությամբ, որտեղ աջակցություն է հայտնվում կառավարության որոշմանը: