Սիրիայի բանակը կատաղի մարտեր է մղում գրոհայինների դեմ Իդլիբի մատույցներում

Սիրիայի բանակը կատաղի մարտեր է մղում գրոհայինների դեմ Իդլիբի մատույցներում

PanARMENIAN.Net - Սիրիական զորքերը կատաղի մարտեր են մղում ավազակախմբերի հետ Իդլիբի մատույցներում, որը համանուն գավառի վարչական կենտրոնն է երկրի հյուսիս-արևմուտքում: «Ալ Վաթան» թերթը հերքել է ընդդիմադիր աղբյուրների տեղեկություններն այն մասին, որ գրոհայիններին հաջողվել է ներխուժել քաղաք: Ըստ պարբերականի, հակառակորդը գրոհել է մի քանի ուղղությամբ, սակայն նրա առաջխաղացումը կասեցրել են սիրիական բանակի ստորաբաժանումները: Իդլիբը, որը Դամասկոսից 230 կմ հեռավորության վրա է, կառավարական բանակը պաշտպանում է արդեն շուրջ 2 տարի: Բանակին դիմակայում են ծայրահեղական «Ջեբհաթ ան Նուսրա», «Ահրար աշ Շամ» և «Ջունդ ալ Աքսա» խմբավորումները:

Մարտի 24-ին մահապարտ ահաբեկիչները զրահապատ մեքենա պայթեցրեցին քաղաքի մատույցներում տեղակայված պահակակետերի մոտ, ինչը գրոհի ազդանշան էր: Ըստ հաղորդագրությունների, երկու կողմերը կորուստներ են կրել: «Ջեբհաթ ան Նուսրա»-ի և նրա կողմնակիցների դաշտային հրամանատարները հայտարարել են Իդլիբը գրավելու մտադրության մասին, որը պետք է դառնա «իսլամական էմիրաթի» մայրաքաղաքը Սիրիայի հյուսիս-արևելքում: Քաղաքի թաղամասերը գնդակոծվում են: Զոհվել և վիրավորվել է առնվազն 15 բնակիչ: Մինչ պատերազմը Իդլիբում 165 հազար մարդ էր ապրում, սակայն այժմ բնակչությունն աճել է ծայրահեղականների կողմից գրավված շրջաններից փախստականների ներհոսքի պատճառով:

Ըստ ՍԱՆԱ գործակալության, վարձկանների մեծ խմբեր են մուտք գործել Սիրիայի հյուսիս-արևելք թուրքական սահմանով: Հիմնականում գրոհայինները անցում են Իդլիբի և հարևան Լաթակիայի միջև գտնվող Ջեբել Աքրադ լեռնային շրջանով: Գործակալությունն Անկարային մեղադրում է գրոհայիններին լոգիստիկ աջակցություն ցուցաբերելու մեջ:

Սիրիայի ՌՕՈւ գրոհել են գրոհայիններին Թաֆթանազում, Բենեշում, Դեյր Սինբելում, Հայ-Շեյհունում: Ոչնչացվել են ծայրահեղականների շարասյուները, որոնք շարժվում էին Իդլիբի ուղղությամբ, զինամթերքի պահեստներ:

Արդեն 4 տարի Սիրիայում ընթացող քաղաքացիական պատերազմում զոհերի թիվն անցել է 215 հազարը, հայտարարել է Լոնդոնում տեղակայված Մարդու իրավունքների դիտարկման սիրիական կենտրոնի ղեկավար Ռամի Աբդել Ռահմանը: Ըստ նրա, շուրջ 66 հազարը՝ խաղաղ բնակիչներ են: Միայն ընթացիկ տարվա փետրվարից բռնի գործողությունների հետևանքով Սիրիայում մոտ 5000 մարդ է զոհվել:

Հայերը Սիրիայում հիմնականում բնակվում են Հալեպում ու Դամասկոսում: Մինչ պատերազմը սիրիահայ համայնքը հասնում էր 80 հազարի: Այժմ շուրջ 12 հազար սիրիահայեր հաստատվել են Հայաստանում, 5 հազարը՝ Լիբանանում: 2,5 տարում Սիրիայում 100-ից ավելի հայ է զոհվել:

Սիրիայում իրար դեմ են կռվում կառավարական բանակը, չափավոր ապստամբները, իսլամիստական խմբավորումը, այդ թվում «Ալ Քայիդայի» հետ կապված «Ան Նուսրան» և ծայրահեղական «Իսլամական պետությունը»:

ԱՄՆ-ն և մի շարք երկրներ շատ մոտ էին Սիրիան ռմբակոծելու որոշմանը 2013-ի աշնանը. պատրվակ հանդիսացավ քիմիական զենքի կիրառման վտանգը կառավարական ուժերի կողմից: Սակայն, համզոիչ ապացույցներ չներկայացվեցին: Ռուսաստանի միջնորդությամբ հաջողվեց խուսափել ռմբակոծություններից քիմիական զենքից հրաժարվելու Սիրիայի համաձայնության դիմաց: Դուրս բերվեց և ոչնչացվեց շուրջ 800 տոննա քիմիական նյութ, իսկ ՄԱԿ և ՔԶԱԿ համատեղ առաքելությունը ոչնչացնում է քիմզենքի արտադրության օբյեկտները երկրում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---