ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը ցանկացել է հանդիպել Օբամային, բայց Սպիտակ տանը նրան չեն ընդունել

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը ցանկացել է հանդիպել Օբամային, բայց Սպիտակ տանը նրան չեն ընդունել

PanARMENIAN.Net - Սպիտակ տունն անտեսել է այցով Վաշինգտոնում գտնվող ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի խնդրանքը ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ հանդիպելու վերաբերյալ: Այդ մասին հայտնել է Bloomberg-ի սյունակագիր Ջոշ Ռոջինը ՆԱՏՕ-ի ղեկավարությանը մոտ աղբյուրների վրա հղումով:

ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի պաշտոնական ներկայացուցիչ Բերնադետ Միհան հրաժարվել է մեկնաբանել ստեղծված վիճակը՝ հայտարարելով, թե Սպիտակ տունը հանդիպումներ չի նախատեսում, որոնց մասին հարկ կլիներ հայտարարել:

Ինչպես նշում է Ռոջինը, Օբամայի օրակարգն այնքան էլ հագեցած չէ: Մանավորապես, մարտի 25-ին նա միայն կարճ ելույթ ունի բուժապահովագրության հարցերին նվիրված խորհրդակցությունում, իսկ մարտի 26-ին ԱՄՆ նախագահը պետք է ելույթ ունենա Ալաբամայում տնտեսական խնդիրներին նվիրված խոսքով:

ՆԱՏՕ-ում ԱՄՆ նախկին մշտական ներկայացուցիչ Կուրտ Վոլկերը կարծիք է հայտնել, որ Օբաման խախտել է իր նախորդի՝ Ջորջ Բուշ կրտսերի ավանդույթը, որի համաձայն ԱՄՆ նախագահը միշտ հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ վերջինիս Վաշինգտոն այցերի ժամանակ: «Չեմ հավատում, որ ԱՄՆ նախագահը ժամանակ չի գտել հանդիպելու համար ՆԱՏՕ-ի գործող գլխավոր քարտուղարի հետ՝ հաշվի առնելով հանգամանքների լրջությունն ու ըստ պաշտոնե նրա պարտավորությունները»,-ասել է Վոլկերը, հայտնում է Lenta.ru-ն:

Ստոլտենբերգը, որը երկու անգամ զբաղեցրել է Նորվեգիայի վարչապետի պաշտոնը, գլխավորեց ՆԱՏՕ-ն 2014-ի հոկտեմբերին: Նշանակման պահից ի վեր նա ոչ մի անգամ չի հանդիպել Օբամայի հետ:

Մարտի 24-ին մեկնարկեց Ստոլտենբերգի այցը Վաշինգտոն, որտեղ նա մի շարք հանդիպումներ կունենա երկրի ղեկավարության հետ, այդ թվում «ռուսական ագրեսիային» դիամգրավելու հարցերի շուրջ:

Բացի այդ, նա կմասնակցի ՆԱՏՕ-ի վերակազմավորման հարցերին նվիրված միջազգային սեմինարին, որն անցնելու է Վաշինգտոնում մարտի 25-26-ը:

Ավելի վաղ Պենտագոնը հայտարարություն տարածեց, որի համաձայն ՌԴ գործողությունները «դրդեցին ՆԱՏՕ-ին արմատական փոփոխությունների պաշտպանական ռազմավարության մեջ»: Ըստ Ստոլտենբերգի, դաշինքը որոշել է կրկնապատկել իր արձագանքման ուժերի հզորությունն ու այժմ կառավարման տարրեր է ստեղծում Էստոնիայում, Լատվիայում, Լիտվայում, Լեհաստանում, Ռումինիայում և Բուլղարիայում:

 Ուշագրավ
---