ԲՆ. Եթե Սևանում հայտնաբերվեն նույնիսկ Քուվեյթի նավթի չափ պաշարներ, ոչ ոք թույլ չի տա հորատումներ սկսել

ԲՆ. Եթե Սևանում հայտնաբերվեն նույնիսկ Քուվեյթի նավթի չափ պաշարներ, ոչ ոք թույլ չի տա հորատումներ սկսել

PanARMENIAN.Net - Եթե Սևանա լճում հայտնաբերվեն նույնիսկ Քուվեյթի նավթի ծավալների չափ պաշարներ, ոչ ոք թույլ չի տալու Գեղարքունիքում երկրաբանահետախուզական աշխատանքներ իրականացնող «Բլեքսթերզ էներջի Արմենիա» ՍՊԸ-ին հորատումներ իրականացնել, այսօր՝ մարտի 25-ին, «Սևանա լճում գազի և նավթի պաշարների ուսումնասիրության հարցը. բնապահպանական ռիսկեր» թեմայով քննարկման ժամանակ հայտարարել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության ընդերքի վարչության պետ Վարդան Վարդանյանը: Նրա վստահությունը բնապահպանները, մեղմ ասած, չեն կիսում:

«Հանուն մարդկային կայուն զարգացման» ՀԿ-ի ղեկավար, բնապահպան Կարինե Դանիելյանը հայտարարել է, որ ո՛չ պետական մարմինների բոլոր հավաստիացումներն են հույս ներշնչում, ո՛չ էլ այն, որ կա «Սևանի մասին օրենք», գրում է Tert.am-ը:

«Ասում եք՝ օրենքը մեզ չի թույլ տալիս, օրենքը թո՞ւյլ է տալիս, որ Արաքսի գետաբերանից այնքան ավազ հանենք, որ Արաքսը գա դեպի Հայաստան, և մենք տարածք նվիրենք Թուրքիային: Ո՛չ: Բայց պարզվում է՝ տարիներ ի վեր դա անում ենք»,-հայտարարել է Կարինե Դանիելյանը և ավելացրել, որ օրենքը թույլ չի տալիս նաև Սևանում բացասական բալանս, բայց այն հիմա կա:

Կարինե Դանիելյանը չի հավատում նաև, որ «Բլեքսթերզ էներջի Արմենիա» ՍՊԸ-ն հենց այնպես՝ «գիտության» համար է այդքան գումարներ ծախսում:

«Իրավական դաշտի առումով՝ նավթի և գազ ի արդյունահանման նպատակով հորատման աշխատանքներն արդեն ուսումնասիրություն չեն, դա արդեն ընդերքի շահագործում է, որը, բնականաբար, պետք է լինի նախագծով և անցնի հանրային լսումներ: Որ իրենք կծակեն (կհորատեն), դա իրենց որոշելիքը չէ»,- հայտարարել է Էներգետիկայի նախարարության ներկայացուցիչը՝ պատասխանելով Կարինե Դանիելյանի և «Բնապահպանական դաշինք»-ի ներկայացուցիչ Սիլվա Ադամյանի հարցին, թե եթե նման նպատակ չկա, ուրեմն ինչո՞ւ է ընկերությունը նման ծախսերի գնում։

Սիլվա Ադամյանը, պատասխանելով նախարարության աշխատակիցների պնդումներին, որ հորատման որևէ աշխատանքների մասին խոսք չկա, նկատել ՝ երբ «Օրհուս» կենտրոնների հետ բնապահպանները կազմակերպել էին հանդիպում, որին ներկա են եղել նաև նշված ընկերության ներկայացուցիչները, բնապահպանների հարցերին, թե որոնումներն ինչ փուլի են հասնելու, նրանք ասել են, որ եթե նավթ ու գազ գտնվի, ապա հորատման աշխատանքներ կարվեն:

«Որ հորատում կանեն, դա մենք չենք ասում, սա ասում է կոմպանիայի ներկայացուցիչը, որն իրեն զատում էր հանրապետությունից, ասես մի այլ մոլորակից էր եկել, կարծես հայ չէր և ասում էր` «դուք, դուք»,-ասել է Սիլվա Ադամյանը:

Գիտությունների ազգային ակադեմիայի կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի՝ հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի տնօրեն Էվելինա Ղուկասյանն էլ հայտարարեց, որ «դեռևս» բառը իրեն ոչ մի վստահություն չի ներշնչում. «Տպավորություն է, որ ինքներդ էլ դեռևս համոզված չեք, որ այդ հետախուզական աշխատանքները չեն ավարտվելու հորատանցումով»:

Ըստ գիտնականի՝ հետազոտական աշխատանքները պետք է կանխվեին հենց սկզբից։ Նա, նախարարություններին առաջարկելով ավելի հետևողական ու սկզբունքային լինել Հայաստանի բնությունը պաշտպանելու հարցում, իսկ մեկ լիտր նավթը կարող է որակազրկել 40 000 լիտր ջուր. «Այսօր Սևանը ռազմավարական նշանակության լիճ է, և նման կազմակերպություններին անգամ պետք չէր մոտ թողնել: Եվ ես վստահ չեմ, որ լավագույն պատառ փախցնելու համար ճնշում չի գործադրվի այդ հորատումը անելու համար»:

ՀՀ բնապահպանության նախարարությունը դրական եզրակացություն է տվել «Բլեքսթերզ էներջի Արմենիա» ՍՊԸ-ի կողմից ներկայացված ՀՀ 4-րդ, 5-րդ և 6-րդ պայմանական տարածքներում նավթի և գազի երկրաբանական հետախուզական աշխատանքների նախնական գնահատման հայտին, և պայմանագիրն էլ օրերս կհետաձգվի ևս երկու տարով։ Այսուհանդերձ, թե՛ Բնապահպանության, թե՛ Էներգետիկայի նախարարության ներկայացուցիչներն այսօր պնդում էին, որ հորատման թույլտվություն չկա: Ի տարբերություն, Վարդան Վարդանյանի, ՀՀ բնապահպանության նախարարության ընդերքի և հողերի պահպանության քաղաքականության վարչության պետ Վիգեն Ավետիսյանը ավելի զգուշավոր էր այս հեռանկարը բացառելու հարցում և օգտագործում էր «դեռևս» բառը:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---