7 օգոստոսի 2006 - 17:07 AMT
Բաքվում չեն բացառում ԵԱՀԿ ՄԽ ռուս եւ ֆրանսիացի համանախագահների փոխարինումը
ԵԱՀԿ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գծով Մինսկի խմբի ամերիկյան համանախագահի փոփոխությունից հետո չի բացառվում նաեւ ռուս եւ ֆրանսիացի համանախագահներ Յուրի Մերզլյակովի եւ Բեռնար Ֆասյեի փոխարինումը: Այդ մասին հայտարարել է Լեռնային Ղարաբաղի հարցերով Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ, փոխարտգործնախարար Արազ Ազիմովը: Նրա խոսքերով, «Մեթյու Բրայզայի մուտքը տարածաշրջան որոշակի հեռանկարներ է բացում»: Նա նշել է, որ ադրբեջանական կողմը ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերկյան համանախագահ Մեթյու Բրայզային հայտնել է իր դիրքորոշումը ղարաբաղյան խնդրի վերաբերյալ: Մեկնաբանելով Բրայզայի հայտարարությունն այն մասին, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը պետք է սահմանվի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կողմից, որի թվին են պատկանում նաեւ 1988 թվականին այն լքած մարդիկ` Արազ Ազիմովը նշել է, որ Լեռնային Ղարաբաղում բնակվող մարդկանց պետք է վերաբերվել ոչ թե որպես ժողովրդի, այլ որպես բնակչության: «Այս հարցում պետք է հաշվի առնվեն ինչպես հայկական, այնպես էլ ադրբեջանական համայնքների կարծիքները»,- ասել է Արազ Ազիմովը: Փոխնախարարի խոսքերով, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշման հարցը պետք է դիտարկվի միայն այն ժամանակ, երբ Ադրբեջանին վերադարձվեն իր տարածքները, հաղորդում է «Մեդիամաքսը»: