Եգիպտոսի դատախազությունը կքննի Թուրքիային ահաբեկչության հովանավոր ճանաչելու հայցը

Եգիպտոսի դատախազությունը կքննի Թուրքիային ահաբեկչության հովանավոր ճանաչելու հայցը

PanARMENIAN.Net - Ալեքսանդրիայի դատարանը Եգիպտոսի գլխավոր դատախազությանն է փոխանցել Թուրքիային ահաբեկչության հովանավոր ճանաչելու վերաբերյալ հայցը, իսկ Եգիպտոսի նախակին նախագահ Մուհամմեդ Մուրսիի կողմնակիցներին միավորող «Ապրիլի 6-ի շարժումը»՝ ահաբեկչական խմբավորում: Ինչպես նշել են դատավորները, հարցն իրենց իրավասության շրջանակներից դուրս է:

Հայցը ներկայացրել է «Թահիա Մասր» խմբավորման առաջնորդներից փաստաբան Տարիկ Մահմուդը: Նրա գլխավորած կազմակերպությունը զբաղվում է նաև իսլամիստների իրավաբանական հետապնդմամբ: Այնտեղ ասվում է, որ Թուրքիան դարձել է հիմնական բազա «Մահմեդական եղբայրների» համար, որոնք Եգիպտոսում ճանաչվել են ահաբեկչական խմբավորում, հայտնում է newsru.co.il-ը:

«Մահմեդական եղբայրները» միջազգային կրոնական քաղաքական ասոցիացիա է, որ հիմնվել է 1928թ. ուսուցիչ Հասան ալ Բաննայի կողմից Եգիպտոսի Իսմաիլիի քաղաքում: 1933թ. ի վեր կազմակերպության կենտրոնակայանը տեղափոխվեց Կահիրե: 1949թ. Հասան ալ Բաննայի մահից հետո, 1950թ. շարժման գաղափարախոսը դարձավ գրականագետ Սեյիդ ալ Կուտբը, որը մահապատժի ենթարկվեց 1966 թվականին: Ասոցիացիան բաժանմունքներ ունի Սիրիայում, Պաղեստինում, Իրաքում: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո այն արդեն 500 հազար անդամ ուներ:

Մինչ Հոսնի Մուբարաքի տապալումն այդ կազմակերպությունը գործում էր ընդհատակում: Մուբարաքի հետնորդը՝ Մուրսին, պաշտոնանկ արվեց զինվորականների կողմից հուլիսին 3-ին զանգվածային բողոքի ակցիաներից հետո: Դրանից հետո «Մահմեդական եղբայրների» ղեկավարնության անդամներից շատերը ձերբակալվեցին երկրում բռնություն բորբոքելու մեղադրանքով:

Մահմուդը պնդում է, որ Թուրքիան նաև զենքի մաքսանենգությամբ է զբաղվում, զենք մատակարարելով Եգիպտոսում գործող ահաբեկչական խմբավորումներին: Անկարայի թշնամական վերաբերմունքի վկայությունն է, ըստ հայցվորի, նաև զինված հեղաշրջման միջոցով Մուրսիի տապալման ճանաչումը:

«Թահիա Մասրը» ևս մեկ հայցով դիմել է Կահիրեի դատարան՝ մեղադրելով Թուրքիային Եգիպտոսի հողում կատարվող բոլոր հանցագործություններին «սատարելու» համար, մեղասկից համարելով նրան ոստիկանների ու զինծառայողների սպանություններին, պետական հաստատությունների շենքերի հրկիզումներին»: Դատարանի առաջին նիստը կայանալու է ապրիլի 6-ին:

Հիշեցնենք, որ ըստ նոր օրենքի, որն ուժի մեջ է մտել փետրվարի 24-ին, ահաբեկչական խմբավորում է ճանաչվում այն կազմակերպությունը, որը կատարում կամ արդարացնում է հանրային անվտանգությանը, կարգին, ազգային միասնությանն ու քաղաքացիների անդորրին սպառնացող գործողությունները:

Ավելի վաղ թուրքական Demokrat Haber գործակալությունը հոդված էր հրապարակել, որտեղ ասվում է, որ Կահիրեում պահվող Հայոց ցեղասպանության վերաբերյալ վավերագրական վկայությունների ոչնչացման համար Թուրքիան կաշառք է տվել «Մահմեդական եղբայրներին»: Ըստ աղբյուրի, Թուրքիան Եգիպտոսին մոտ 1 մլն դոլար է վճարել այդ փաստաթղթերն այրելու համար: Այդ մասին Եգիպտոսի կառավարության նիստում հայտարարել է «Ջիհադ» կուսակցության հիմնադիր շեյխ Նաբիլ Նաիմը, որը նշել է, որ մեղավորները պետք է պատժվեն: Ըստ հաղորդագրության, որը հրապարակվել է Կահիրեում լույս տեսնող «Վետո» թերթում, ոչնչացված փաստաթղթերի թվում եղել են նաև այնպիսինները, որոնց շնորհիվ Թուրքիան դժվարին կացության մեջ կարող էր հայտնվել միջազգային դատարաններում: Նաիմն ասել է, որ Եգիպտոսը պարտավոր է պատժել նաև Թուրքիային:

Տեղեկությունների համաձայն, 2011-ի դեկտեմբերի 17-ին հրկիզվել են Եգիպտական ինստիտուտի արխիվային փաստաթղթերը, և հրշեջ հաշվարկի ուշացման պատճառով, ինստիտուտում պահվող ձեռագրերի ու արխիվային փաստաթղթերի մեծ մասն այրվեց

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---