27 մարտի 2015 - 12:46 AMT
Թուրք նախարարը Եվրախորհրդարանի բանաձևի մասին. Եթե այն ընդունվի, «ավելին չի լինի, քան թղթի կտոր»

Թուրքիայի՝ ԵՄ հարցերով նախարար Վոլքան Բոզքըրը հայտարարել է, որ Եվրախորհրդարանն ապրիլի 15-ին «1915-ի դեպքերի» վերաբերյալ որոշում է քննարկելու: «Հայոց ցեղասպանության մասին բանաձևի» քվեարկության դեպքում «այն ավելին չի լինելու, քան թղթի կտոր»,-ասել է նա Իտալիայի մայրաքաղաք Հռոմում երկրի արտգործնախարարի հետ հանդիպումից հետո՝ պատասխանելով լրագրողների հարցերին, հայտնում է Tert.am-ը BBC-ի թուրքական ծառայության վրա հղումով:

«Պատմաբան չեղող, քաղաքական անձանց կողմից խորհրդարաններում նստելով որոշում կայացնելը ճիշտ չենք գտնում։ Եվրոպական խորհրդարանն ապրիլի 15-ին 1915-ի դեպքերին է անդրադառնալու։ Ես, անձամբ, վստահ եմ, որ զգացմունքների փոխարեն գիտակցությունը կգերակայի։ Եթե հակառակը լինի, ապա Եվրոպական խորհրդարանի որոշումը պարզապես թղթի կտոր կլինի։ Եթե նման որոշում կայացվի, ապա այդ մասին Թուրքիային տեղեկացնելու են Բրյուսելում մեր մշտական ներկայացուցչի միջոցով և հենց նույն օրը մենք հետ ենք ուղարկելու այն։ Ոչ մի ուժ և ազդեցություն բանաձևը չի ունենալու»,-ասել է Բոզքըրը:

Ընթացիկ տարվա մարտին Եվրախորհրդարանը Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ կոչ առեց ԵՄ բոլոր անդամ պետություններին ընդունել Ցեղասպանությունը և խրախուսել ԵՄ ինստիտուտներին նպաստել Ցեղասպանության ճանաչմանը: Այս ձևակերպումը տեղ է գտել Եվրախորհրդարանի մարդու իրավունքների և ժողովրդավարության վերաբերյալ 2013 թվականի տարեկան զեկույցում։

Ավելի վաղ՝ փետրվարին, «Ֆլամանդական շահ» (Vlaams Belang) կուսակցության նախագահ, Եվրախորհրդարանի բելգիացի պատգամավոր Ջերոլֆ Աննեմանսը Եվրախորհրդարանին ներկայացրեց միջնորդություն, որով կոչ է անում Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

2006 թ. հուլիսին Եվրախորհրդարանի հիմնական քաղաքական խմբերի ներկայացուցիչները հանդես եկան Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության վերաբերյալ բանակցությունների օրակարգում այդ երկրի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին կետն ընդգրկելու օգտին: Պատգամավորները, մասնավորապես, կողմ արտահայտվեցին, որ Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման եւ առանց որեւէ նախապայմանի Անկարայի կողմից Հայաստանի շրջափակման վերացման մասին հարցերը ամրագրվեն Բրյուսելի հետ բանակցային շրջանակներում որպես ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության նախապայման:

Photo: Volkan Bozkar Sabah