Արաբական երկրները միասնական բանակ կստեղծեն

Արաբական երկրները միասնական բանակ կստեղծեն

PanARMENIAN.Net - Արաբական պետությունների ԱԳ նախարարները հավանություն են տվել միասնական բանակի ստեղծման նախագծին: Այս մասին հայտարարել է Reuters գործակալությունը եգիպտական հեռուստատեսության վրա հղումով: ԱԳՆ ղեկավարները դիմել են Արաբական պետությունների լիգային մեկ ամսվա ընթացքում միասնական զորքեր կազմավորելու նպատակով: Բանակը նախատեսված է լինելու արագ ռազմական ներխուժումների միջոցով անվտանգության սպառնալիքների դեմ պայքարի համար:

Նախարարների հանդիպմանը նախորդեց Եմենում շիա գրոհայինների (հոուսիթների) դիրքերի ռմբակոծումը Սաուդյան Արաբիայի կողմից: Սաուդիտներին սատարեցին ԱՊԼ-ն, ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Թուրքիան, Սուդանը, Եգիպտոսը և Պարսից ծոցի գրեթե բոլոր միապետությունները: Իրանն ու Ռուսաստանը դեմ են ռազմական միջամտությանը: Չինաստանն ու ԵՄ-ն մտահոգություն են հայտնել այս առիթով ու կոչ արել հակամարտության կողմերին կարգավորել բոլոր հակասությունները խաղաղ ճանապարհով, հայտնում է Lenta.ru-ն:

Հոուսիթների դեմ ագրեսիան սկսվեց այն բանից հետո, երբ նրանք գրոհեցին Ադեն հարավային քաղաքն ու ստիպեցին Եմենի նախագահ Աբդ Ռաբբ Մանսուր Հադիին փախչել երկրից: Ըստ Սաուդյան Արաբիայի պետական Al Ekhbariya հեռուստաալիքի, Եմենի փախած նախագահը ժամանել է Էր Ռիադ: Ըստ al-Arabiya TV-ի, նախագահը Սաուդյան Արաբիայի հովանավորությամբ մեկնել է Շարմ էլ Շեյխ: Մարտի 28-ին նա մտադիր է մասնակցել արաբական պետությունների գագաթնաժողովին Եգիպտոսում:

Հադին հրաժարական տվեց 2015-ի հունվարին, երբ հոուսիթները իրենց հսկողության տակ առան Սանայի մեծ մասը: Ավելի ուշ նախագահը փախավ հայրենի Ադեն, որտեղ զորք հավաքեց ու հայտարարեց, որ չեղյալ է հայտարարում իշխանությունից իր հեռանալը: Սակայն առաջին իսկ մարտերում Հադիի կողմնակիցները պարտվեցին ու ապստամբները լայնածավալ հարձակում սկսեցին:

Ավելի վաղ միասնական բանակի ստեղծման մասին խոսեցին նաև Եվրամիությունում:

Եվրամիության միասնական բանակի ստեղծումը եվրոպական արժեքները պաշտպանելու բնական միջոց է: Այս մասին հայտարարել է Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստեն Ֆիննական հեռագրային բյուրոյին: Նա նշել է, որ ԵՄ համար գլխավոր նպատակը խաղաղությունն է, հենց այդ նպատակով է այն ստեղծվել ժամանակին: «Ուստի լուրջ և բնական քայլ կլիներ, եթե ԵՄ-ն ստանձներ իր արժեքների պաշտպանությունը»,-ասել է նա:

Ըստ Ֆինլանդիայի նախագահի, «Ֆինլանդիան կողմ է միասնական բանակի ստեղծմանը», հայտնում է ՏԱՍՍ-ը: Ֆինլանդիայի պաշտպանության նախարար Կարլ Հագլունդն իր հերթին հայտարարեց, որ նման բանակի ստեղծման գաղափարը ճիշտ է համարում, սակայն, չի կարծում, թե ԵՄ անդամ բոլոր երկրները համամիտ կլինեն:

Ավելի վաղ գերմանական Welt am Sonntag-ը հրապարակել էր Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերսի հարցազրույցը, որտեղ նա կարծիք է հայտնել, որ Եվրամիությունը պետք է միասնական բանակ ստեղծի որպես Եվրոպայի շահերը պաշտպանող ինստիտուտ: «Ընդհանուր եվրոպական բանակը ցույց կտար աշխարհին, որ ԵՄ անդամ երկրներն այլևս երբեք չեն պատերազմի: Այդպիսի բանակը կօգներ մեզ ընդհանուր արտաքին քաղաքականության ու անվտանտության քաղաքականության իրագործման մեջ»,-ասել է նա:

Եվրամիության միասնական բանակը կարող է սադրիչ դեր կատարել, եթե ստեղծվի, հայտարարել է լրագրողներին Պետդումայում «Եդինայա Ռոսիա» խմբակցության ղեկավարի առաջին տեղակալ, պաշտպանության կոմիտեի անդամ Ֆրանց Կլինցևիչը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---