9 օգոստոսի 2006 - 15:44 AMT
Քաղաքականապես Ադրբեջանը պատրաստ չէ պատերազմել
«Քաղաքականապես Ադրբեջանը դեռեւս պատրաստ չէ պատերազմել, թեեւ ռազմական առումով մենք կարող էինք վաղուց արդեն ազատագրել ԼՂՀ իրավասության տակ գտնվող որոշ շրջաններ»,-«Զերկալո» թերթին է հայտարարել ռազմական փորձագետ եւ հոգեբան Ազադ Իսազադեն: Նրա խոսքերով, լայնամասշտաբ ռազմական գործողությունների վերսկսման ռիսկն այնքան էլ մեծ չէ: «Առնվազն, դա թույլ չեն տա միջազգային կառույցները: Ռազմական գործողությունների վերսկսման համար առաջին հերթին անհրաժեշտ է մի շարք քաղաքական միջոցառումներ անցկացնել` միջազգային մակարդակով Լեռնային Ղարաբաղում հակաահաբեկչական գործողություն ծավալելու Ադրբեջանի իրավունքը հիմնավորելու համար: Մոտավորապես դա նման է այժմ Իսրայելի կողմից «Հեզբոլլահի» դեմ տարվող գործողություններին: Դրա համար ոչ միայն ժամանակ կպահանջվի, այլ նաեւ մանրակրկիտ տեղեկատվական-քարոզչական պայքար: Իսկ ամեն տեսակի ուռա-հայրենասիրական կարգախոսները, թե Ադրբեջանը ոչ ոքից չպետք է թույլտվություն վերցնի ռազմական գործողություններ վարելու համար, այս իրավիճակում անտեղի են: Թեկուզ այն պատճառով, որ միջազգային կազմակերպությունները կարող են բավականին կոշտ պատժամիջոցներ կիրառել Ադրբեջնի հանդեպ»,-ասել է Ա.Իսազադեն: Մյուս կողմից, ինչպես գտնում է փորձագետը, Ադրբեջանի բնակչությունը նույնպես դեռեւս պատրաստ չէ լայնամասշտաբ ռազմական գործողությունների.«Ոչ մի պատերազմում չի կարելի հաղթել միայն հայրենասիրական ոգու հաշվին: Անհրաժեշտ է մասնագիտա-հոգեբանական եւ հատուկ պատրաստվածություն ինչպես զինծառայողների շրջանում, այնպես էլ քաղաքացիական բնակչության շրջանում»,-գտնում է նա:

Իր հերթին, ռազմական փորձագետ Ալեքպեր Մամեդովը նշում է, որ կոռուպցիան, կաշառակերությունը, հափշտակությունները եւ անտեղի ծախսերը` այս ամենը խանգարում է ադրբեջանական բանակին ամենաուժեղն ու հզորը լինել տարածաշրջանում: Նրա խոսքերով, ճիշտ չէ գնահատել բանակի մարտունակությունը ԲԹՋ խողովակատարը պահպանող զորքերի մակարդակով: Դրանով իշխանությունները փորձում են միայն բարձրացնել բանակի հեղինակությունը հանրության շրջանում եւ սխալ տպավորություն ձեւավորել նրանց մոտ ադրբեջանական բանակի արեւմտյան զարգացման մասին:

Մեկ այլ ռազմական փորձագետ Ուզեիր Ջաֆարովի խոսքերով, եթե նախկինում թուրքական կողմը ակտիվորեն մասնակցում էր Ադրբեջանի ԶՈՒ ստեղծմանը եւ շատ հաճախ էր այցելում մեր բանակի զորամասեր, ապա այժմ նրանց հետաքրքրությունը նկատելիորեն նվազել է: «Կարծում եմ, թուրք զինվորականներն ուղղակի տեսան, որ Ադրբեջանը չի ցանկանում առաջ գնալ ՆԱՏՕ-ի ուղղությամբ եւ բախվեցին այն իրողության հետ, որ ադրբեջանական բանակը չի ցանկանում կյանքի կոչել նոր տիպի զինված ուժերի կառուցմանն ուղղված ՆԱՏՕ-ի տեսական եւ գործնական ծրագրերը: Այդ պատճառով էլ թուրքական կողմը կրճատեց իր ռազմական հրահանգիչների այցերի քանակն Ադրբեջան»,-ասել է Ջաֆարովը: