Նռնականետերի և մինչև 120 մմ ականանետերի կիրառմամբ Ադրբեջանը հրադադարը խախտել է 1200 անգամ

Նռնականետերի և մինչև 120 մմ ականանետերի կիրառմամբ Ադրբեջանը հրադադարը խախտել է 1200 անգամ

PanARMENIAN.Net - ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, մարտի 22-ից 28-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է մոտ 1200 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60, 82 և 120 մմ ականանետերից ու ՌՊԳ-7, ՀԱՆ-17 և ՍՊԳ-9 տիպի նռնականետերից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 17.000 կրակոց, հայտնում են ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայությունից:

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկին տեղեկացրել է, որ հակառակորդի կողմից դիվերսիոն գործողություններից, տարբեր հրաձգային զենքերից, 60 և 82 մմ տրամաչափի ականանետերից զատ, հրադադարի ռեժիմի հաստատումից հետո առաջին անգամ կիրառվել են առավել մեծ` 120 մմ տրամաչափի ականանետեր:

ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Արման Կիրակոսյանը ևս մարտի 26-ին ԵԱՀԿ Մշտական խորհրդի հանդիպմանը հայտարարություն էր ներկայացրել՝անդրադառնալով մարտի 19-ին ԼՂՀ Մարտակերտի շրջանում, Ադրբեջանի զինված ուժերի կողմից իրականացրած դիվերսիոն գործողությանը, և որ Ադրբեջանն առաջին անգամ կիրառել է խոշոր՝ 120 մմ տրամաչափի հրետանի, ինչն ի ցույց է դնում Բաքվի մտադրությունը` շարունակել ընթանալ զինված առճակատման ճանապարհով:

ՊԲ առաջապահ զորամասերը, հավաստանշելով հակառակորդի կրակակետերը, դիպուկ կրակով ճնշել են դրանք` շարունակելով պահպանել վերահսկողությունը օպերատիվ-մարտավարական իրադրության նկատմամբ:

Իսկ Արցախի հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից տեղեկացնում են, որ ԼՂՀ պետական սահմանի տարբեր ուղղություններով մարտ ամսվա ընթացքում հակառակորդի հարձակումները հետ մղելու և արժանի հակահարված տալու, մարտական գործողությունների ժամանակ անձնական արիություն ու քաջություն ցուցաբերելու համար Պաշտպանության բանակի մի խումբ զինծառայողներ այսօր՝ մարտի 28-ին, պարգևատրվել են պետական պարգևներով, այդ թվում` «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով պարգևատրվել է 1 զինծառայող, «Արիության համար» մեդալով` 19, «Մարտական ծառայություն» մեդալով՝ 26: 22 զինծառայողի հանձնվել են արժեքավոր նվերներ:

Հայրենիքի պաշտպաններին ուղղված իր խոսքում նախագահ Բակո Սահակյանն ընդգծել է, որ մեր զինվորները ցուցաբերել են մեծ հայրենասիրություն և բարձր պրոֆեսիոնալիզմ՝ հերթական անգամ ապացուցելով, որ հայրենիքի սահմանները անսասան են, և մեր երկրի անկախության ու անվտանգության դեմ ուղղված հակառակորդի ցանկացած գործողություն դատապարտված է ձախողման:

Մարտի 19-ին՝ ժամը 08:30-ի սահմաններում, հակառակորդի հատուկ նշանակության ջոկատի ուժեղացված խումբը հարձակում է ձեռնարկել հյուսիսային (Գյուլիստանի) ուղղությամբ տեղակայված դիրքերի վրա: Մոտ 2 ժամ տևած մարտական գործողության արդյունքում նախ դիրքապահ անձնակազմը հետ է շպրտել նախահարձակ հակառակորդին, ապա օգնության հասած ուժերի հետ միասին հետապնդելով վերջինիս, ոչնչացրել իր դիրքերի մատույցներում:

Հակառակորդին դիմագրավելու ժամանակ զոհվել են ՊԲ զինծառայողներ Հակոբ Խաչատրյանը, Էդուարդ Հայրապետյանը և Արշակ Հարությունյանը, Պաշտպանության բանակի ևս 4 զինծառայող վիրավորվել են: Վիրավորները հոսպիտալացվել են: Մարտի 26-ին Ստեփանակերտի զինվորական հոսպիտալում մահացել է ծանր վիրավորված Սամվել Հակոբյանը: 2015-ի սկզբից ինչպես շփման գծում, այնպես էլ ՀՀ հետ սահմանին կտրուկ ավելացել է հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձերի թիվը: Հունվարի առաջին օրերին հակառակորդի կողմից իրականացրած դիվերսիոն գործողություններից հետո արձանագրված թերությունների և հաջողությունների հիման վրա կազմվել է հրաման, որտեղ նշված է կարևոր 7 կետ՝ սահմանների պաշտպանությունն ուժեղացնելու համար:

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---