9 օգոստոսի 2006 - 18:12 AMT
Հայ գաղթականների խնդիրը երեւան բերեց Ղարաբաղի հարցով բանակցային գործընթացի անհամաչափությունը
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի արագացումը երեւան բերեց բանակցային գործըթնացի թուլությունները: Բանակցությունների ձեւաչափը չի համապատասխանում հակամարտության ընդհանուր տեսքին: Այդ մասին PanARMENIAN.Net-ին տված հարցազրույցում հայտարարել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական Արման Մելիքյանը: Նրա խոսքերով, այդ ընկալման գործոններից մեկը դարձավ Ադրբեջանից հայ գաղթկանների հարցը: «Հենց այդ խնդիրը, որը բարձրացրեցին իրենք` գաղթականները, որ միավորվել են իրենց իրավունքների պաշտպանության հարցով զբաղվող կազմակերպությունում, երեւան բերեց բանակցային գործընթացի ասիմետրիան: Նրանք հասկացան, որ իրենց մասին պարզապես մոռացել են եւ նամակ հղեցին Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին, ինչպես նաեւ համանախագահ-երկրների ներկայացուցիչներին»,- նշել է Մելիքյանը:

ԼՂՀ նախագահի խորհրդականը ընդգծեց, որ, ըստ համանախագահների առաջարկած կարգավորման ծրագրի, Ադրբեջանն ինչ-որ տարածքներ է ստանում, իսկ իրենց նախկին բնակության վայրը լքած գաղթականները վերադառնում են: «Սակայն պետք չէ մոռանալ, որ այդ մարդիկ բռնությունների եւ էթնիկ մաքրումների չեն ենթարկվել, ինչպես դա տեղի էր ունեցել Բաքվի, Կիրովաբադի, Սումգայիթի հայկական բնակչության նկատմամբ, նրանց ոչ ոք չի վտարել, ավելին նրանցից շատերը կազմել են Ադրբեջանի զինված ուժերի կորիզը ռազմական գորոծղությունների ժամանակ եւ հեռացել են նահանջող ադրբեջանական բանակի հետ: Չէ որ, այն ժամանակ Ադրբեջանի ռազմական ստորաբաժանումները կազմվում էին տարածքային սկզբունքով: Համանախագահները շրջանցում են հայ գաղթականների հարցը»,- ասել է Մելիքյանը: Նա նաեւ հիշեցրել է, որ հայ գաղթականների շրջանում անցկացված հարցումը ցույց է տվել, որ նրանք չեն վերադառնա նախկին բնակավայրերը, որոնք ներկայումս գտնվում են Ադրբեջանի Հանրապետության իրավասության ներքո: «Այդ մասին ասվում է «Գաղթականներն ու միջազգային իրավունքը» քաղաքացիական ընկերության ցանցի բաց նամակում` ուղղված ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին: Կազմակերպությունն առաջարկում է Ղարաբաղյան հարցի բանակցությունների գործընթացի օրակարգում ներառել նաեւ 500 հազար հայ գաղթակնների հարցը: Ի դեպ, որքանով ես գիտեմ, Մինսկի խմբի համանախագահ-երկրներից մեկի դեսպանատան ներկայացուցիչները բառացիորեն օրերս հանդիպել են «Գաղթականներն ու միջազգային իրավունքը» քաղաքացիական ընկերության ցանցի ներկայացուցիչների հետ»,- ընդգծել է Արման Մելիքյանը:

  • Հարցազրույցի տեքստն ամբողջությամբ