ԼՂՀ ՊԲ. 5 հայ զինծառայողի զոհվելու մասին լուրն Ադրբեջանի ապատեղեկատվությունն է

ԼՂՀ ՊԲ. 5 հայ զինծառայողի զոհվելու մասին լուրն Ադրբեջանի ապատեղեկատվությունն է

PanARMENIAN.Net - Ադրբեջանական որոշ լրատվամիջոցների, մասնավորապես` Haqqin.az կայքի կողմից տարածված տեղեկատվությունը, Արցախում ուժեղ բախումների և հայկական կողմից հինգ զինծառայողի զոհվելու մասին, իրականությանը չի համապատասխանում և հակառակորդի քարոզչության, վառ երևակայության հերթական արգասիքն է, հայտնում են ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից։

ՊԲ առաջապահ ստորաբաժանումները առաջնագծում շարունակում են տիրապետել իրադրությանը և վստահորեն իրականացնում են իրենց առջև դրված մարտական խնդիրները:

«Ինչ վերաբերում է հակառակորդի կողմն անցած Անդրանիկ Գրիգորյանի մասին պատմող հաղորդագրությանը, որում նա գոհունակություն է հայտնում Ադրբեջանում իր գտնվելու պայմանների վերաբերյալ, ապա դրանով ադրբեջանցի քարոզիչները հերթական անգամ թոզ են փչում միջազգային հանրության աչքերին՝ փորձելով իրենց սուլթանությունը ներկայացնել որպես ժողովրդավարական երկիր, որտեղ հարգվում են բոլորի, այդ թվում՝ ռազմագերիների ու պատանդների հիմնարար իրավունքներն ու ազատությունները:

Այնինչ իրականությունը այնտեղ բոլորովին այլ է, ինչի ամենախոսուն և թարմ օրինակը հենց ադրբեջանական կողմն անցած հայ զինծառայողի պարտադրանքի տակ արված նկարահանումներն են և դրանց հրապարակումը, ինչը նմանատիպ դեպքերի համար նախատեսված միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի կոպիտ խախտում է»,– նշված է հաղորդագրությունում:

Մարտի 29-ի երեկոյան ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հակառակորդի արձակած գնդակից մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1995-ին ծնված Հովսեփ Սամսոնի Անդրեասյանը:

2015-ի սկզբից ինչպես շփման գծում, այնպես էլ ՀՀ հետ սահմանին կտրուկ ավելացել է հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձերի թիվը: Հունվարի առաջին օրերին հակառակորդի կողմից իրականացրած դիվերսիոն գործողություններից հետո արձանագրված թերությունների և հաջողությունների հիման վրա կազմվել է հրաման, որտեղ նշված է կարևոր 7 կետ՝ սահմանների պաշտպանությունն ուժեղացնելու համար:

Մարտի 19-ին հակառակորդի հատուկ նշանակության ջոկատի ուժեղացված խումբը հարձակում է ձեռնարկել հյուսիսային (Գյուլիստանի) ուղղությամբ տեղակայված դիրքերի վրա: Մոտ 2 ժամ տևած մարտական գործողության արդյունքում նախ դիրքապահ անձնակազմը հետ է շպրտել նախահարձակ հակառակորդին, ապա օգնության հասած ուժերի հետ միասին հետապնդելով վերջինիս, ոչնչացրել իր դիրքերի մատույցներում:

Հակառակորդը մարտադաշտում է թողել տարբեր տեսակի զենք ու զինամթերք, այդ թվում АК տիպի ինքնաձիգ` իսրայելական արտադրության գիշերային տեսանելիության նշանոցով և խլացուցիչով, սակրավորի հատուկ հանդերձանք, 4 հատ «Муха» տիպի նռնականետ, հարձակողական նռնակներ, փամփուշտի պահունակներ, մեծ քանակության օգտագործված ներարկիչներ, որոնք ամենայն հավանականությամբ կիրառվել են վիրավորներին ցավազրկելու նպատակով:

Հակառակորդին դիմագրավելու ժամանակ զոհվել էին ՊԲ զինծառայողներ Հակոբ Խաչատրյանը, Էդուարդ Հայրապետյանը և Արշակ Հարությունյանը: Պաշտպանության բանակի ևս 4 զինծառայող վիրավորվել էր և հոսպիտալացվել: Նրանց ցուցաբերվել էր համապատասխան բժշկական միջամտություն: Ավելի ուշ Ստեփանակերտի հոսպիտալում մահացել էր 1995-ին ծնված Սամվել Հակոբյանը։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---