1 սեպտեմբերի 2006 - 16:05 AMT
Մինչեւ տարեվերջ հնարավոր է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպում
Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Ռոբերտ Քոչարյանի եւ Իլհամ Ալիեւի մինչեւ տարեվերջ հանդիպման հնարավորությունը` ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հարցի շուրջ, չի բացառվում: Այդ մասին հայտարարել է նախագահի մամլո խոսնակ Վիկտոր Սողոմոնյանը: «Երկու պետությունների ղեկավարների` մինչեւ տարեվերջ հանդիպելու հնարավորությունը չի կարելի բացառել, սակայն ներկայումս դրա մասին դեռեւս վաղ է խոսել»,-նշել է նա: Վիկտոր Սողոմոնյանը հիշեցրել է, որ օրերս նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Վարդան Օսկանյանի եւ Էլմար Մամեդյարովի միջեւ հանդիպման մասին: Նրա խոսքերով, առաջիկա հանդիպման ժամանակ ԱԳՆ ղեկավարները կփորձեն համաձայնության գալ չկարգավորված հարցերի շուրջ: «Այդ հանդիպումը հիմք կծառայի նախագահների հետագա հանդիպման համար»,-ընդգծել է ՀՀ նախագահի մամլո խոսնակը, հաղորդում է «Նովոստի-Արմենիան»: