Էլեկտրականության զանգվածային անջատում Թուրքիայում. Չեն բացառում նաև ահաբեկչության վարկածը

Էլեկտրականության զանգվածային անջատում Թուրքիայում. Չեն բացառում նաև ահաբեկչության վարկածը

PanARMENIAN.Net - Մարտի 31-ի առավոտյան Թուրքիայում առանց էլեկտրականության է մնացել երկրի 80 գավառներից 25-ը, հայտնում է Vedomosti-ին Hurriyet-ի վրա հղումով: Անջատումները սկսվել են 10:36-ին: Դրան նախորդել են էլեկտրահաղորդիչ գծերում առաջացած խնդիրները, հայտնել է TEIAS էներգետիկ ընկերությունը: Անջատումից երկու ժամ անց ընկերությունը հայտնել է, որ Անկարայի և Ստամբուլի էներգամատակարարումը 15 տոկոսով վերականգնվել է, մասնավորապես, երկու քաղաքներում էլեկտրաէներգիա է ստացել մետրոն, իսկ մայրաքաղաքում՝ խորհրդարանի շենքը:

Ստամբուլում չի աշխատել հասարակական տրանսպորտը, հայտնել է CNN-ը քաղաքապետարանի հայտարարության վրա հղումով: Լույսից զրկվել են նաև քաղաքի բնակելի թաղամասերը: Էլեկտրականության անջատումն ազդել է նաև Թուրքիայի օդային տարածքով իրականացվող թռիչքների վրա, քանի որ ավիակարգավարների 16 ռադարներից 11-ը հոսանքազրկվել է, հայտնել է Flightradar24 ծառայությունը:

TEIAS-ը հետաքննում է արտակարգ իրավիճակի պատճառները: Թուրքիայի էներգետիկայի նախարար Թաներ Յիլդիզը, որն այցով գտնվում է Սլովակիայում, հայտարարել է, որ իրեն անհայտ է համատարած անջատման պատճառը: Նա չի կարողացել մեկնաբանել նաև այն կարծիքը, թե դա կարող էր հաքերային գրոհի հետևանք լինել:

Մինչդեռ երկրի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն չի բացառել նույնիսկ ահաբեկչության վարկածը:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---