Ռուս պատգամավորը Գյումրիի սպանության մասին. Նժարի վրա այդ ստահակն է ու հայ-ռուսական հարաբերությունները

Ռուս պատգամավորը Գյումրիի սպանության մասին. Նժարի վրա այդ ստահակն է ու հայ-ռուսական հարաբերությունները

PanARMENIAN.Net - ՌԴ Պետդումայի պատգամավոր Բորիս Ռեզնիկը պատմել է օրերս պատգամավորական խմբի Գյումրի այցելության մասին՝ Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով, որի համար մեղադրվում է 102-րդ ռուսական ռազմակայանի զինծառայող Վալերի Պերմյակովը:

Հունվարի 12-ին Գյումրիում հայտնաբերվեցին Ավետիսյանների ընտանիքի 6 անդամի դիերը: Ընտանիքի մյուս երեխան՝ 6-ամսական Սերյոժա Ավետիսյանը, ծանր մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց, որտեղ վիրահատվեց։ Չնայած բժիշկների ջանքերին, երեխային փրկել չհաջողվեց, փոքրիկը մահացավ հունվարի 19-ին: Հայ-թուրքական սահմանը հատելու փորձի ժամանակ հայտնաբերված կասկածյալ Վալերի Պերմյակովին մեղադրանք առաջադրվեց, նա ընդունել է իր կատարած հանցանքը: Նրան տեղափոխեցին ռուսական ռազմակայան, ինչը բողոքի մեծ ալիք բարձրացրեց:

Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ կասկածվող Վալերի Պերմյակովին մեղադրանք է առաջադրվել ՌԴ ՔՕ 105-րդ հոդվածի 2-րդ (սպանություն) և 338-րդ հոդվածի 2-րդ մասի (դասալքություն) հատկանիշներով, որպես խափանման միջոց ընտրված է կալանքը:

Ըստ պատգամավորի, Գյումրիում տեղի ունեցած ողբերգությունը շատ է ազդել զինծառայողների վրա. «Նրանք շատ են մտահոգված. սկզբում եղավ ոչ այնքան խելամիտ սահմանափակում քաղաք դուրս գալու վերաբերյալ, թեև իրավիճակը շատ լարված էր»:

«Էխո Մոսկվի» ռադիոկայանին տված հարցազրույցում Բորիս Ռեզնիկն ասել է, որ միջադեպի պատճառով ռազմակայանի որոշ ծառայողներ ազատվեցին պաշտոններից. «Ով անմիջական եղել է այդ Պերմյակովի հետ, այսպես թե այնպես, պատասխանատու է նրա մարտական ու բարոյական ոգու համար, ինչպես ուղղակի այնպես էլ անուղղակի ձևով՝ նրանք զրկվեցին պաշտոններից: Սակայն, ցավոք, ըստ իս, ինչու է այդպիսի մեծ լարվածություն առաջացավ Գիտեք, չկա տարրական տեղեկատվական լուսաբանում աղմկահարույց գործերի վերաբերյալ: Ահա պաշտոնանկ արեցին զորամասի հրամանատարին՝ դա ինչ-որ չափով հանդարտեցրեց հասարակական կարծիքը: Ոչ ոք այդ մասին չգիտի: Ինչո՞ւ չենք հայտնում»:

Մարտի վերջում Գյումրիի ռուսական ռազմակայանի հրամանատարական կազմը փոխվեց, ինչը կապված էր տեղի ունեցած ողբերգության հետ:

Այն մասին, որ ողբերգության հետևանքով փոփոխություններ կարող են լինել, հայկական ԶԼՄ-ները գրում էին դեռ փետրվարին: Ավելի ուշ այդ տեղեկությունները հաստատեց ՌԴ Պետդումայի ԱՊՀ, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի փոխնախագահ Օլեգ Լեբեդևը:

Ռուս պատգամավորը հատուկ նշել է, որ հետաքննությունը անցկացվում է երկու երկրների Քննչական կոմիտեների սերտ համագործակցությամբ:

«Ահա, օրինակ, հոգեբանները, հոգեբույժները, որոնց ներգրավել են կողմերը, շուրջօրյա հետևում են այդ տղային: Քանի որ բազում մութ հարցեր կան: Առաջին հայացքից կարծես սովորական տղա է, և հանկած այսպիսի դաժան, վայրագ արարք, պատկերացնում եք՝ սպանել 6 մարդու և սվինով խոցել 6-ամսական տղային: Դա ուղղակի վայրենություն է: Ուստի պետք է բացատրություն տալ թե դա ինչ էր, կար դրդապատճառ թե չկար: Այս բոլոր հարցերը պատասխաններ պետք է ստանան: Քննությունը շատ է ջանում, որ այդ պատասխանները ստացվեն»,-ասել է նա:

«Նժարին ոչ ավել, ոչ պակաս մեր բազմամյա, բազմադարյա եղբայրական հարաբերություններն են և, անշուշտ, ամեն ինչ պետք է բաց լինի, հրապարակային՝ այս սա շատ կարևոր է»,-ասել է Ռեզնիկը:

Անդրադառնալով այն ենթադրություններին, թե Պերմյակովի դատը, հավանաբար, փակ է լինելու, ռուս պատգամավորն ասել է. «Այսօր դա իրավաբանների շատ լուրջ քննարկումների առարկա է: Եթե լավ նայենք, նժարի վրա մի կողմից այդ ստահակն է, մյուս կողմից հայ-ռուսական հարաբերությունները, որոնք ամրապնդվել են հարյուրավոր տարիներ: Քաղաքականապես նպատակահարմար կլիներ հանձնել նրան հայկական կողմին: Բայց, ինձ թվում է, այնուամենայնիվ, պետք է մոտենալ իրավական տեսակետից. կարո՞ղ ենք հանձնել նրան հայկական կողմին, թե չենք կարող: Նա ռազմական հանցագործություն է կատարել…Հայաստանի տարածքում: Այդ ամենը գրանցված է համաձայնագրում: Եվ այդ համաձայնագրով մենք նրան հանձնել չենք կարող: Թեև, ըստ իս, դատավճիռները երկու դեպքում էլ նույնը կլինեն՝ ցմահ բանտարկություն, քանի որ մահապատժ այսօր կողմերից ոչ մեկը չունի:

Դե իսկ ինչո՞ւ վրդովվեց Գյումրիի բնակչությունը, հայ հանրությունը՝ որովհետև սահմանապահները, ձերբակալելով նրան հայ-թուրքական սահմանին, փոխանցեցին նրան զորամաս, ոչ թե՝ իրավապահ մարմիններին: Եվ այն ժամանակ գնացին քարեր նետելու ռուսական հյուպատոսության վրա»:

Ռեզնիկը չի բացառել, որ դատավարությունը կարող է բաց լինել, և նույնիսկ կարող է հեռարձակվել: Բայց դատելու է Պերմյակովին Ռոստովի զինդատարանը:

Օրերս ՌԴ Պետդումայի ԱՊՀ, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի փոխնախագահ Օլեգ Լեբեդևը հայտնեց, որ Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի 7 անդամների սպանությունը խոստովանած ռուս զինվոր Վալերի Պերմյակովի դատը կկայանա Հայաստանի տարածքում: Այդ մասին պատգամավորը հայտարարեց Երևանում՝ Պետդումայի և ՀՀ ԱԺ կոմիտեների համատեղ նիստում: «Ռուսաստանն արեց հնարավոր ամեն ինչ, որպեսզի հետաքննությունն իրականացվի, և իրականացվում է, Հայաստանի տարածքում: Դատը ևս նախատեսվում է Հայաստանի տարածքում, դա Հայաստանի ժողովրդի խնդրանքն է»,-ասել է Պետդումայի պատգամավորը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---