ԵԱՀԿ. Տարեվերջին չի բացառվում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը

ԵԱՀԿ. Տարեվերջին չի բացառվում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը

PanARMENIAN.Net - «ԵԱՀԿ Մինսկի խմբի hամանախագահները քննարկել են տարվա վերջին Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպման հնարավորությունը, ինչպես նաև կողմերի միջև բանակցությունները շարունակելու անհրաժեշությունը՝ համակողմանի խաղաղության համաձայնագրի հասնելու համար: Միջնորդները նաև ընդգծել են ԵԱՀԿ Մինսկի խմբի և ԵԱՀԿ անդամ երկրների դերակատարությունը փոխադարձ վստահության և կապերի ամրապնդման գործում»,- ասվում է ԵԱՀԿ մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մարտի 31-ին Վիեննայում Մինսկի խմբի անդամների հետ քննարկել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը: Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել էր նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը: «Լավ բանակցություններ տեղի ունեցան ԵԱՀԿ Մինսկի խմբի ներկայացուցիչների հետ Վիեննայում՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված իրադարձությունների և հետագա քայլերի վերաբերյալ»,- գրել էր ամերիկացի համանախագահը:

Մարտի 12-ին Ջեյմս Ուորլիքը հայտարարեց, որ նախատեսվում է կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը. «Համանախագահների տարածաշրջան վերջին այցի ժամանակ նրանք պատրաստակամություն հայտնեցին հանդիպելու 2015-ին: ԱԳ նախարարների հետ միասին մենք աշխատում ենք կողմերի միջև տարաձայնությունները նվազեցնելու և նախագահների հերթական հանդիպման օրակարգը պատրաստելու ուղղությամբ»,-ասել է Ուորլիքը:

Ամերիկացի համանախագահը շեշտեց նաև, որ բանակցություններում պետք է հաշվի առնվեն Լեռնային Ղարաբաղի բնակչության շահերը:«Հենց այդ պատճառով էլ համանախագահները այցելություններ են կատարում Լեռնային Ղարաբաղ, հանդիպում են տեղի «դե ֆակտո» ղեկավարության և հասարակության այլ անդամների հետ»,- նշել է համանախագահը:

Մարտի 11-ին ԵԱՀԿ մշտական խորհրդի հատուկ նիստին իր ելույթի ժամանակ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ փետրվարին տարածաշրջան վերջին այցելության ընթացքում համանախագահները հայտարարեցին. «Նախագահները համաձայնեցին դիտարկել համանախագահների առաջարկները, որոնք կարող են ամրապնդել հրադադարի ռեժիմը»: Սակայն, համանախագահների տարածաշրջանային այցից անմիջապես հետո Ադրբեջանը հրաժարվեց առաջարկներից և առավել սրեց իրավիճակը՝ ցուցադրելով իր աղաղակող արհամարհանքը համանախագահների առաջարկների հանդեպ:

Շփման գծի միջադեպերի քննության մեխանիզմի շուրջ համաձայնության իրականացումը՝ վստահության և անվտանգության հաստատման միջոցների վերաբերյալ համանախագահների կողմից արված այլ առաջարկների հետ մեկտեղ, կարող են ծառայել որպես կարևոր գործիք՝ նման միջադեպերի կանխման և խաղաղ բանակցություններին նպաստող մթնոլորտի ստեղծման համար: Սակայն Ադրբեջանը շարունակաբար մերժում է համանախագահների՝ հրադադարի ամրապնդման և վստահության հաստատման միջոցների առնչությամբ արված բազմաթիվ առաջարկները»:

Անդրադառնալով Ադրբեջանի կողմից ԵԱՀԿ գործունեության, մասնավորապես՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահության ձևաչափի շրջանակներում ընթացող բանակցային գործընթացի խափանմանն ուղղված քաղաքականությանը՝ Էդվարդ Նալբանդյանն ասել է. «Ադրբեջանը ձախողել է ԵԱՀԿ հետ բոլոր հարթություններով համագործակցությունը և այն որպես կառուցողական քննարկումների հարթակ օգտագործելու փոխարեն հանդգնում է օգտագործել կազմակերպությունը՝ իր նեղ քաղաքական օրակարգը առաջ մղելու նպատակով:

Բանակցություններում ներգրավվելու փոխարեն՝ Բաքուն փորձում է բանակցությունների իմիտացիա ստեղծելու նպատակով ներկայացնել սեփական գաղափարները՝ որպես համանախագահների առաջարկներ, խեղաթյուրում է հակամարտության և բանակցային գործընթացի էությունը և արշավ է իրականացնում Մինսկի խումբը հեղինակազրկելու նպատակով: Շարունակաբար քննադատվում է նաև ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցիչը: Բախվելով այս իրականությանը՝ Մինսկի խմբի համանախագահները հունվարի 27-ին հարկադրված էին հիշեցնել Ադրբեջանի արտգործնախարարին իրենց մանդատի մասին և «մտահոգություն հայտնեցին ընթացող բանակցային գործընթացի, Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ դիտորդների պարտականությունների առնչությամբ քննադատության վերաբերյալ»:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---