Հայտնի է կործանված A-320-ի երկրորդ սև արկղի պարունակությունը. Նախնական վարկածը հաստատվում է

Հայտնի է կործանված A-320-ի երկրորդ սև արկղի պարունակությունը. Նախնական վարկածը հաստատվում է

PanARMENIAN.Net - Ֆրանսիայում կործանված A-320-ի երկրորդ սև արկղի պարունակությունը հաստատում է այն վարկածը, որ երկրորդ օդաչու Անդրեաս Լյուբիցի գործողությունները միտումնավոր են եղել, հայտնում է Լենտա.ռու-ն BFMTV հեռուստաալիքի վրա հղումով:

Lufthansa ընկերության Germanwings դուստր ձեռնարկությանը պատկանող Բարսելոնայից Դյուսելդորֆ թռչող Airbus A-320 օդանավը կործանվել է մարտի 24-ին Ֆրանսիայի հարավում: Աղետի հետևանքով 150 մարդ է զոհվել, որից վեցը՝ անձնակազմի անդամներ: Օդանավում հիմնականում եղել են Գերմանիայի ու Իսպանիայի քաղաքացիներ:

«Օդաչուների խցիկում գտնվելիս Լյուբիցը ավտոպիլոտի միջոցով նվազեցրել է թռիչքի բարձրությունը մինչև 100 ֆուտ (30 մետր), որից հետո այնպես է կարգաբերել սարքը, որ օդանավի վայրէջքի արագությունն ավելանա»,-ասվում է Ավիավթարների հետաքննության բյուրոյի (ԱՀԲ) զեկույցում:

Ապրիլի 2-ին փրկարարները հայտնաբերեցին երկրորդ ինքնագրիչը, որը գրանցում է թռիչքի տեխնիկական տվյալները: Նույն օրն երեկոյան այն հանձնվեց Ավիավթարների հետաքննության բյուրոյին:

Առաջին ինքնագրիչը, որը ձայնագրում է անձնակազմի խոսակցությունները, հայտնաբերվել էր վթարի օրը՝ մարտի 24-ին, որի տվյալների հիման վրա նախնական եզրակացություն արվեց, որ կատարվածի մեղավորը երկրորդ օդաչուն է:

Քննության վարկածով, որը հիմնված է սև արկղերից մեկի ձայնագրության վրա, երկրորդ օդաչու Անդրեաս Լյուբիցը անձնակազմի ղեկավարի դուրս գալուց հետո փակել է խցիկի դուռը, ապա միտումնավոր վայրէջք է կատարել: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Լյուբիցն առողջական խնդիրներ ուներ:

«Սև արկղից ստացված ձայնագրության մեջ լսվում են դուռը կոտրելու փորձերի ձայներ, կարգավարի ձայնը, ինչպես նաև ինքնաթիռի համակարգերի զգուշացումները հնարավոր բախման մասին: Երկրորդ օդաչուն ոչինչ չի պատասխանել, սակայն նրա նորմալ շնչառությունը լսելի է ընդհուպ մինչև աղետի պահը: Ռոբենը հավելել է նաև, որ կործանված ինքնաթիռի ուղևորները մինչև վերջին պահը չեն գիտակցել, թե ինչ է կատարվում: «Բղավոցներ լսվում են միայն կործանումից անմիջապես առաջ, ամենավերջին վայրկյաններին»,-ասել է Մարսելի դատախազը:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ երկրորդ օդաչուն թաքցնում էր Lufthansa ընկերությունից առողջական խնդիրները: Նրա տանը հայտնաբերվել է ողբերգության օրվա համար տրված հիվանդության թերթիկը, որի համաձայն նա չպետք է աշխատանքի գնար, և «բժշկական բովանդակության այլ փաստաթղթեր», որոնք մատնանշում էին, որ Լյուբիցն անառողջ էր:

Մինչդեռ A320-ի օդանավի երկրորդ օդաչուի նախկին ընկերուհին հայտնել է, որ «Լյուբիցը ցանկանում էր պատմության մեջ մտնել՝ փոխելով համակարգը»: Գերմանական Bild թերթին Անդրեաս Լյուբիցի նախկին ընկերուհին պատմել է, որ նա մտադիր էր մի այնպիսի բան անել, որ «իրեն հիշեն»: «Երբ ես իմացա աղետի մասին, ուղեղումս անընդհատ պտտվում էր նրա այդ արտահայտությունը. Մի օր ես այնպիսի բան կանեմ, որը կփոխի համակարգը, բոլորը կիմանան իմ անունն ու կհիշեն ինձ»,-ասել է 26-ամյա Մարիան (անունը փոխված է):

«Այն ժամանակ ես դրան նշանակություն չտվեցի, բայց հիմա կարևորում եմ»,-ասել է աղջիկը: Ըստ նրա, Լյուբիցը մարդամոտ չէր և գաղտնապահ էր

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---