7 ապրիլի 2015 - 12:09 AMT
Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հարյուրավոր միջոցառումներ՝ Ռուսաստանում

Ռուսաստանում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հարյուրավոր միջոցառումներ կանցկացվեն: Այս մասին լրագրողներին է հայտնել Ռուսաստանի հայերի միության ղեկավար Արա Աբրահամյանը:

«ՌԴ շուրջ 640 քաղաքում հարյուրավոր միջոցառումներ տեղի կունենան, այդ թվում Սյունազարդ դահլիճում տեղի կունենա հուշ-համերգ, կլոր սեղաններ քաղաքական գործիչների, Գիտությունների ակադեմիայի, Հանրային պալատի, Պետդումայի անդամների մասնակցությամբ»,-ասել է նա: «Ռուսաստանը եղբայրաբար կիսում է մեր վիշտը»,-ասել է Աբրահամյանը:

Ապրիլի 22-ին Մոսկվայի Սյունազարդ դահլիճում տեղի կունենա «Աշխարհն առանց ցեղասպանության» հուշ երեկոն, իսկ ապրիլի 19-ին հայ համայնքը կներկայացնի «Դատարանն է գալիս» ներկայացումը Արմեն Ջիգարխանյանի, Դմիտրի Խարատյանի, Օլգա Կաբոյի և այլ հայտնի դերասանների մասնակցությամբ:

Բացի այդ, ապրիլին Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայում տեղի կունենա մեծ գիտաժողով «Ցեղասպանությունը XX դարի պատմության մեջ» խորագրով: Մոսկվայում տեղի կունենան նաև լուսանկարչական ցուցահանդեսներ, հիշատակի համերգներ և կինոցուցադրություններ՝ նվիրված ողբերգությանը, հայտնում է ՏԱՍՍ-ը: Աբրահամյանը նշել է, որ Ցեղասպանության համաշխարհային ճանաչումը, այդ թվում նաև Թուրքիայի կողմից, անխուսափելի է:

«Հայերն այսօր ատելությամբ լցված չեն թուրք ժողովրդի հանդեպ, մենք բոլորս հասկանում ենք, որ ցեղասպանության նախաձեռնողները քաղաքական գործիչներն են եղել»,-ասել է նա: Ըստ Աբրահամյանի, «նույնիսկ զանգվածային կոտորածի ժամանակ Թուրքիայում կային մարդիկ, որոնք փրկում էին հայերին, իսկ այսօր Թուրքիայի մտավորականության շրջանակներում մեծամասնությունը չի կարող չճանաչել, որ ցեղասպանություն եղել է»:

«Ինչպես ցեղասպանության պատճառներն, այնպես էլ հետևանքների վերացումը կախված է քաղաքական գործիչներից»,-ասել է ՌՀՄ վարչության անդամ Ալեքսանդր Մկրտչյանը: «Նախկինի պես այժմ էլ երկրները տարբեր քաղաքական շահեր են հետապնդում, որոնք կարող են ցեղասպանության հանգեցնել տարբեր ժողովրդների մոտ. մենք տեսնում ենք, թե ինչ իրադարձություններ են Ուկրաինայում, ինչ եղավ, մասնավորապես, Օդեսայում»,-ասել է նա:

«Նման քաղաքականության շարունակությունն աշխարհում ցույց է տալիս, որ այժմ էլ ավելի է անհրաժեշտ լսելի դարձնել միջազգայնի հանրության ձայնը, թույլ չտալու համար, որ ցեղասպանությունները կրկնվեն այլ ժողովրդների հանդեպ»,-ասել է Աբրահամյանը: