ԱԺ-ն որոշեց. 2017-ից պարտադիր միջնակարգ կրթությունը կդառնա 12-ամյա

ԱԺ-ն որոշեց. 2017-ից պարտադիր միջնակարգ կրթությունը կդառնա 12-ամյա

PanARMENIAN.Net - ՀՀ Ազգային ժողովում այսօր՝ ապրիլի 8-ին, ձայների 85` կողմ, 0` դեմ և 27` ձեռնպահ հարաբերակցությամբ ընդունվել է «Կրթության մասին օրենքում լրացումներ ու փոփոխություններ անելու մասին» նախագիծը, որով 2017-ից պարտադիր միջնակարգ կրթությունը կդառնա 12-ամյա:

Ապրիլի 7-ին տեղի ունեցած քննարկման արդյունքում լրամշակվել է Կառավարության կողմից ներկայացված «Կրթության մասին օրենքում լրացումներ ու փոփոխություններ անելու մասին» նախագիծը, որով առաջարկվում է պարտադիր միջնակարգ կրթությունը դարձնել 12 տարի, գրում է Panorama.am-ը:

ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն ասել է, որ երեկ քննարկել են նախագիծը, որին մասնակցել է նաև ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը: «Որոշակի խնդիրներ, որոնք մեզ մտահոգում էին, դուրս ենք բերել նախագծից: Նաև ամրագրել ենք, որ նախագիծը 2017թ-ից պետք է կիրառվի: Միայն պարտադիր բառը չի հանվել, ինչը մեզ մտահոգում է»,- ասել է Բիշարյանը` հավելելով, որ ՕԵԿ-ը կմասնակցի քվերակությանը, բայց ձեռնպահ կմնա:

ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն էլ նշել է, որ թեև որոշակի մտահոգություններ առաջացնող դրույթներ հանվել են, սակայն ասել, որ խնդիրը լիովին կարգավորված է, այդպես չէ: «Քանի որ մինչև 2017թ-ը ժամանակ ունենք նախագծի վրա աշխատելու և լրամշակելու, ուստի ԲՀԿ-ն ևս կքվեարկի ձեռնպահ»,- ասել է Ն.Զոհրաբյանը:

«Թեպետ գիտեմ, որ այս կառավարությունը այդ գործը չի կարող գլուխ հանել, այնուամենայնիվ, իմ այն մտահոգությունը, որ հնարավոր չէ կիրառել և գոնե երկու տարով օրենքը հետաձգել, փարատվել է: Դա հաշվի առնելով` մեր խմբակությունը կողմ կքվեարկի»,- ասել է ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:

Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը մարտի 26-ին Ազգային ժողովում ներկայացրել է «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը և այն որակել կրթական լրջագույն փոփոխություններից մեկը: Նախագծով պարտադիր կհամարվի ոչ թե 9, այլ 12-ամյա կրթությունը: Նախարարը նշել է, որ ՀՀ սահմանադրությամբ ՀՀ քաղաքացիների համար սահմանված է կրթական նվազագույն մակարդակ, որը հիմնական կրթության մակարդակն է, սակայն Սահմանադրությունը թույլ է տալիս պարտադիր կրթության շեմն ավելի բարձրացնել:

«Կառավարությունն առաջարկում է խորհրդարանին ՀՀ-ում ամրագրել նվազագույն կրթության նոր, ավելի բարձր շեմ, այդ շեմը ձևակերպվելու է որպես 12-ամյա տիրույթում գտնվող, ընդհանուր հանրակրթական հիմնական հենքի վրա՝ լրացուցիչ եռամյա կրթության հնարավորություն կամ հանրակրթական ծրագրերով միջնակարգ և ավագ դպրոցներում կամ նախնական ու միջին մասնագիտական, ուսումնական հաստատություններում համապատասխան մասնագիտական կրթության հնարավորությամբ»,- բացատրել է նախարարը և հավելել, որ մասնագիտական կրթությունը լինելու է անվճար:

Նա ընդգծել է, որ այս փոփոխությունը կտարածվի նրանց վրա, ովքեր հաջորդ տարի կընդունվեն իններորդ դասարան՝ հաշվի առնելով նախապատրաստական աշխատանքների առկայությունը:

 Ուշագրավ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչով դիմել է վերջին մեկ տարվա ընթացքում զորացրված հայ երիտասարդներին
Ադրբեջանական կողմի տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը
Հիվանդանոցներում այժմ բուժվողների առողջական վիճակը գնահատելուց հետո կապահովվի վերջիններիս դուրսգրումը
Օրենքով ընդլայնվում են նաև մայրիկների իրավունքները