6 դեկտեմբերի 2002 - 18:43 AMT
ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀԱՅԵՐԸ ԼԱՅՆԱԾԱՎԱԼ ԱԿՑԻԱ ԵՆ ՁԵՌՆԱՐԿԵԼ ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆԸ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ԴԵՄ
Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության դեմ ազգային եւ միջազգային հանրագրերի տակ սորագրությունների հավաքագրում են ծավալել: «ԻՏԱՌ-ՏԱՍՍ» գործակալության համաձայն, այդ արշավը կազմակերպվել էր Հայկական գործի պաշտպանության կոմիտեի կողմից` Ֆրանսիայում հայկական կազմակերպությունների համակարգման խորհրդի աջակցությամբ: Նրանք մտադիր են դիմել Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակին` դեկտեմբերի 12-13-ը Կոպենհագենում կայանալիք Եվրամիության գագաթնաժողովում ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության շուրջ վերջինիս հետ բանակցությունները սկսելու ժամկետի որոշման դեմ հանդես գալու խնդրանքով: Ֆրանսահայերն իրենց պահանջը պատճառաբանում են նրանով, որ Անկարան չի կատարել մի շարք նախնական պայմաններ, մասնավորապես, չի ճանաչել 1915-1923 թթ. Օսմանյան Թուրքիայում հայոց ցեղասպանությունը, չի վերացրել 1991 թվականից կիրառվող Հայաստանի շրջափակումը, չի երաշխավորում իր երկրում կրոնական փոքրամասնությունների իրավունքները: Ակցիայի շրջանակներում ծրագրված են մի շարք ցույցեր Փարիզում, Լիոնում եւ Մարսելում, որտեղ բնակվում է Ֆրանսիայի հայկական սփյուռքի մեծ մասը: Դեկտեմբերի 5-ին «ՍՕՖՌԵՍ» հասարակական կարծիքի հարցման ինստիտուտի կողմից հրապարակած տվյալների համաձայն` ֆրանսիացիների 58 տոկոսը հանդես են գալիս Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության դեմ: