Գերմանիայի նախագահը կմասնակցի Ցեղասպանության զոհերի հիշատակի պատարագին

Գերմանիայի նախագահը կմասնակցի Ցեղասպանության զոհերի հիշատակի պատարագին

PanARMENIAN.Net - Գերմանիայի նախագահ Յոահիմ Գաուկը ապրիլի 23-ին Բեռլինում մասնակցելու է Օսմանյան կայսրությունում դարասկզբում զոհված 1,5մլն հայերի և այլ քրիստոնյա փոքրամասնությունների հիշատակին անցկացվելիք պատարագին:

Այդ մասին է հայտնում Գերմանիայի Երկրորդ հեռուստաալիքը, հավելելով, որ Գաուկը Գերմանիայի դաշնության առաջին նախագահն է, որ մասնակցելու է այս առիթով նման միջոցառման: Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, գերմանացի մի խումբ պատգամավորներ հանդես են եկել Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչման և Ցեղասպանության մեջ Գերմանական կայսրության պատմական պատասխանատվության ճանաչման նախաձեռնությամբ, հայտնում է ArmenianGenocide100.org-ը:

Tagesspiegel պարբերականի հաղորդմամբ, ընդդիմադիր «ձախերի» ու «կանաչների» կուսակցությունները կողմ են «ցեղասպանություն» եզրույթն օգտագործելուն, սակայն կառավարությունն ու կոալիցիոն կուսակցություններն այդ նախաձեռնությանը լավ չեն վերաբերվում:

Ավելի վաղ Deutsche Welle պարբերականը հայտնել էր, որ ապրիլի 24-ին կայանալից Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջողառումներին Գերմանիայից Երևան են ժամանելու կառավարության մարդու իրավունքների հանձնակատար Քրիսթոֆ Շտրեսերը և Արտաքին գործերի նախարարի տեղակալ Մայքլ Ռոթը:

Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը սկսվել է 1965-ից, երբ Ուրուգվայն առաջինը ճանաչեց Օսմանյան կայսրությունում հայերի դեմ ոճրագործությունը։ Ցեղասպանության փաստը հիմնավորվել, ճանաչվել ու հաստատվել է ականատեսների վկայություններով, օրեքներով, բանաձևերով և բազմաթիվ նահանգների ու միջազգային կազմակերպությունների որոշումներով: 1915-ին Օսմանյան կայսրությունում հայ բնակչության մասայական կոտորածները որպես նախապես ծրագրավորված ու ամբողջությամբ իրագործված ցեղասպանական ակտ որակող փաստաթղթերի ամբողջական շարքը հսկայական է: Հայոց ցեղասպանությունը ճանաչել են Արգենտինան, Բելգիան, Կանադան, Չիլին, Կիպրոսը, Ֆրանսիան, Հունաստանը, Իտալիան, Լիտվան, Լիբանանը, Նիդերլանդները, Լեհաստանը, Ռուսաստանը, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Ուրուգվայը, Վատիկանը, Վենեսուելան և Բոլիվիան:

2014-ի հունիսի 24-ին Նավարան դարձավ Իսպանիայի չորրորդ ինքնավար տարածաշրջանը, որը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: Այդ փաստը ճանաչել են նաև Բասկերի երկիրը, Կատալոնիան ու Բալեարյան կղզիները:

2015-ի հունվարին Հայոց ցեղասպանությունը ճանաչեց նաև իսպանական Բուրխասոտի քաղաքային խորհուրդը, մարտին՝ Բետերայի քաղաքապետարանը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---