Գյումրիի սպանությունը. Պերմյակովը մեղսունակ ճանաչվեց` նրան ցմահ ազատազրկում է սպառնում (թարմացված)

Գյումրիի սպանությունը. Պերմյակովը մեղսունակ ճանաչվեց` նրան ցմահ ազատազրկում է սպառնում (թարմացված)

PanARMENIAN.Net - Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի 7 անդամների սապնության մեջ մեղադրվող 102-րդ ռուսական ռազմակայանի զինծառայող Վալերի Պերմյակովը մեղսունակ է ճանաչվել: Այս մասին հայտնել է Ինտերֆաքսն իր աղբյուրի վրա հղումով:

«Քննության հանձնարարականով անցկացված հոգեբուժական փորձաքննությունը զինծառայողին մեղսունակ է ճանաչել: Նա լիովին գիատկցել է իր գործողությունները հանցագործությունը կատարելու պահին»,-ասել է գործկալության զրուցակիցը:

Ըստ նրա, փորձաքննությունը կատարվել է ստացինոր, Գյումրիի ռուսական ռազմակայանի տարածքում, որտեղ կալանքի տակ է գտնվում Պերմյակովը: «Փորձագետներն ի հայտ են բերել որոշակի հոգեկան շեղումներ ու խանգարումներ, սակայն ընդհանուր առմամբ նա հոգեպես մեղսունակ է ճանաչվել»,-ասել է աղբյուրը:

Նա պարզաբանել է, որ եթե զինծառայողն անմեղսունակ ճանաչվեր, նա ըստ օրենքի, պետք է ազատվեր քրեական պատասխանատվությունից և դատարանի որոշմամբ կարող էր հարկադիր հոգեբուժական բուժման ուղարկվել: «Իսկ հիմա բոլոր հիմքերը կան արդեն վերջնական տեսքով նրան մեղադրանք ներկայացնելու, մեղադրական եզրակացությունը հաստատելու և հետագայում գործը դատարան փոխանցելու համար»,-ասել է զրուցակիցը:

Ինչպես հայտնում է «Կոմերսանտը», դատարանը երկարացրել է Վալերի Պերմյակովի կալանքի ժամկետը: Կայազորային զինդատարանի 5-րդ արտագնա նիստի ժամանակ, որն անցկացվել է 102-րդ ռուսական ռազմակայանի տարածքում, պարզվել է, որ Ռուսաստանի Քննչական կոմիտեն խստացրել է և կոնկրետացրել է ավելի վաղ նրան ներկայացված մեղադրանքը: Միյան երկու կետով զինծառայողին ցմահ ազատազրկում է սպառնում:

Պարբերականը նշում է, որ քննությունը խստացրել է և կոնկրետացրել է ավելի վաղ Պերմյակովին ներկայացված մեղադրանքը: Նրան մեղադրանք է առաջադրված նաև ՌԴ Քրեական օրենսգրքի երկու հոդվածով՝ սպանություն (105 հոդվածի 2-րդ մասի «ա» պարագրաֆ) և դասալքություն ամրակցված զենքով (338 հոդվածի 2-րդ մասով):Այժմ 105 հոդվածին է ավելացել «բ» կետը` մանկահասակ անձի կամ անօգնական վիճակում գտնվող անմեղ այլ անձի սպանություն: Պերմյակովին նաև մեղադրանք է ներկայացվել զենքի ապօրինի շրջանառության և կողոպուտի հոդվածով: Հարկ է նշել, որ 105-րդ 2 կետերը ցմահ ազատազրկում են նախատեսում:

Բացի այդ, մեղադրանքի նոր տարբերակում հայտնվել է նաև ՌԴ ՔՕ 33 հոդվածը (մեղսակցություն հանցագործությանը), որի համաձայն զինծառայողը հանդիսանում է Ավետիսյանների ընտանիքի 7 անդամների սպանության անմիջական կատարողը:

Հավանաբար մեղադրանքի խստացումը հնարավոր է դարձել դատաբժշկական փորձաքննության ավարտից հետո, որի ընթացքում նրա կոշիկի, համազգեստի գլխարկի և թողած այլ իրերի կենսաբանական հետքերի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ դրանք համապատասխանում են Պերմյակովի արյան խմբին: Այլ անձանց ներկայության հետքեր տուժածների տանը չեն հայտնաբերվել։

Հունվարի 12-ին Գյումրիում հայտնաբերվեցին Ավետիսյանների ընտանիքի 6 անդամի դիերը: Ընտանիքի մյուս երեխան՝ 6-ամսական Սերյոժա Ավետիսյանը, ծանր մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց, որտեղ վիրահատվեց։ Չնայած բժիշկների ջանքերին, երեխային փրկել չհաջողվեց, փոքրիկը մահացավ հունվարի 19-ին:

Հայ-թուրքական սահմանը հատելու փորձի ժամանակ հայտնաբերված կասկածյալ Վալերի Պերմյակովին մեղադրանք առաջադրվեց, նա ընդունել է իր կատարած հանցանքը: Նրան տեղափոխեցին ռուսական ռազմակայան, ինչը բողոքի մեծ ալիք բարձրացրեց:

Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ կասկածվող Վալերի Պերմյակովին մեղադրանք է առաջադրվել ՌԴ ՔՕ 105-րդ հոդվածի 2-րդ (սպանություն) և 338-րդ հոդվածի 2-րդ մասի (դասալքություն) հատկանիշներով, որպես խափանման միջոց ընտրված է կալանքը: Միաժամանակ, որոշում է կայացվել Վալերի Պերմյակովին որպես մեղադրյալ ներգրավել ՀՀ ՔՕ 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (այն է՝ երկու կամ ավելի անձանց սպանություն, ինչը պատժվում է 8-ից 15 տարի ժամկետով կամ ցմահ ազատազրկմամբ) հարուցված քրգործով:

Իսկ հունվարի 19-ին Գյումրիի քաղաքապետարանը ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին ուղերձ էր հղել, որում, մասնավորապես, նշվում էր՝ ակնկալվում է Կոստանյանի միջնորդությունը, որպեսզի հանցագործության նախաքննությունը հանձնվի հայ իրավապահներին, որոնք կապահովեն գործի քննության արդարացիությունը և թափանցիկությունը, իսկ դատավարությունը տեղի ունենա Հայաստանի Հանրապետությունում:

Ձեռնարկվել են քննչական, դատավարական և օպերատիվ-հետախուզական այլ միջոցառումներ: Վալերի Պերմյակովին քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշում է կայացվել: Մեղադրյալն ընդունել է առաջադրված մեղադրանքը:

ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը, ղեկավարվելով ՀՀ և ՌԴ միջև ՀՀ տարածքում ռուսաստանյան ռազմական բազայի գտնվելու հետ կապված գործերով իրավասության և փոխադարձ իրավական օգնության հարցերի վերաբերյալ Համաձայնագրի 6-րդ հոդվածով, հունվարի 12-ին Գյումրի քաղաքում ՀՀ յոթ քաղաքացիների սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի վարույթը ՀՀ իրավապահ մարմիններին փոխանցելու վերաբերյալ միջնորդությամբ դիմել է ՌԴ գլխավոր դատախազ Յու. Չայկային:

ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությունն այժմ քննարկվում է ՌԴ գործընկերների կողմից: Միջնորդության շուրջ ստեղծված թյուրըմբռնումներից խուսափելու համար հրապարակվեց դրա վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազության միջազգային-իրավական կապերի բաժնի կողմից ՌԴ գլխավոր դատախազություն ուղարկված հարցման պատասխանի լուսապատճենը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---