10 ապրիլի 2015 - 15:19 AMT
Թուրքիայի ԱԳՆ-ն «քայլեր է ձեռնարկում» Եվրախորհրդարանում Ցեղասպանության մասին բանաձևի քննարկման դեմ

Թուրքիայի արտգործնախարարության մամուլի խոսնակ Թանժու Բիլգիչը Եվրախորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության մասին բանաձևի քվեարկությանն է անդրադարձել:

Հունվարի 29-ին Եվրախորհրդարանը գրանցեց բանաձևի նախագիծը, որով պատգամավորները կոչ են անում Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Նախաձեռնության ետևում են եվրոպական ծայրահեղ աջակողմյան կուսակցությունները: Պատգամավորների թվում են Ֆրանսիայի «Ազգային ճակատի» անդամներ Մարին լե Պենը, Լուի Ալիոն, Ժան Լյուկ Շաֆհաուզերը և այլոք:

Ինչպես տեղեկացնում է թուրքական «Աքշամ» թերթի կայքը, նա նշել է, որ իրենք իրենց տեսակետն արդեն ներկայացրել են ԵԽ-ին։

«Մեր տեսակետը մանրամասնությամբ ներկայացրել ենք։ Այդ հարցի առնչությամբ խորհրդարանների կողմից որոշումները ճիշտ չենք համարում։ Մենք անհրաժեշտ քայլեր ենք ձեռնարկում»,-ասել է նա։

Անդրադառնալով Նիդերլանդների խորհրդարանում Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևի քվեարկությանը՝ Բիլգիչը նշել է, որ դրան ևս ուշադրությամբ են հետևում և տեղյակ են, որ ապրիլի 1-ի դրությամբ 4 բանաձև է ներկայացվել։

«Այդ բանաձևերի առնչությամբ, սակայն, Հոլանդիայի արտգործնախարարը դիրքորոշում էր հայտնել։ Նա նշել էր, որ Հայոց ցեղասպանության վերաբերյալ որոշում կայացնելը կառավարության գործը չէ, այլ գիտնականների, և ընդգծել էր հարցը Հայաստանին ու Թուրքիային թողնելու անհրաժեշտությունը»,- ասել է Բիլգիչը, հայտնում է Tert.am-ը:

Եվրախորհրդարանը Հայոց ցեղասպանության մասին բանաձևը նախատեսում է քվեարկության դնել ապրիլի 15-ին։ Թուրքական լրատվամիջոցներում պարբերաբար խոսվում է այն մասին, որ բանաձևն, ամենայն հավանականությամբ, ընդունվելու է։

Եվրախորհրդարանը նախկինում արդեն ընդունել է համապատասխան բանաձև` 1987-ին` կոչ անելով Թուրքիայի իշխանություններին ճանաչել ցեղասպանության փաստը:

Մարտի 12-ին Եվրախորհրդարանը ընդունել է մարդու իրավունքների և ժողովրդավարության վերաբերյալ 2013 թվականի իր տարեկան զեկույցը: Փաստաթղթի որոշ պարբերություններ վերաբերում են Հայաստանին, մասնավորապես հատվածը, որով «Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ կոչ է անում ԵՄ բոլոր անդամ պետություններին ընդունել Ցեղասպանությունը և խրախուսում ԵՄ ինստիտուտներին նպաստել Ցեղասպանության ճանաչմանը»:

«Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպությունը (ՀԵԲ կայ) ջերմորեն ողջունել է Եվրոպական խորհրդարանի զեկույցը: ՀԵԲ ղեկավար Էդուարդո Լորենցո Օչոան մեկնաբանում է. «Երկարատև ընդմիջումից հետո Եվրախորհրդարանը վերահաստատում է իր դիրքորոշումը Հայոց ցեղասպանության վերաբերյալ և կրկին հավաստիացնում, որ ցեղասպանությունները և դրանց ժխտումը պետք է դիտարկել մարդու իրավունքների շրջանակում: Այս առանձնահատուկ տարվա ընթացքում մենք երախտապարտ ենք հայ ժողովորդի հանդեպ եվրոպական համերաշխության նման ուժեղ ազդանշանի համար»:

Ընդունված փաստաթուղթը նաև անդրադառնում է կրոնական փոքրամասնությունների իրավիճակին, մասնավորպես՝ Մերձավոր Արևելքում՝ փոքրամասնությունների թվում նշելով նաև առաքելական հայերին: Այս պարբերություններով Խորհրդարանը «կոչ է անում ԵՄ-ին և նրա անդամ երկրներին երաշխավորել, որ կրոնական փոքրամասնությունները հարգվեն ամբողջ աշխարհում, մասնավորապես՝ Մերձավոր Արևելքում, որտեղ քրիստոնյաները, ներառյալ կաթոլիկները, առաքելական հայերը, կոպտերը, եզդիներն ու մուսուլման փոքրամասնությունները հալածվում են Իսլամական պետության և այլ ահաբեկչական խմբավորումների կողմից»: