10 ապրիլի 2015 - 17:27 AMT
Բեռլինը նշել է Իրանի դեմ պատժամիջոցների վերացման պայմանները. Կողմերը միմյանց չեն հասկանում

Իրանի դեմ գործող պատժամիջոցները չեղյալ կհամարվեն միայն այն դեպքում, երե կատարվեն Լոզանում համաձայնեցված բոլոր պայմանները, ապրիլի 10-ին Բեռլինում հայտարարել է ԳԴՀ պաշտոնական ներկայացուցիչ Սավսան Չեբլին:

«Մենք հասկանում ենք, որ Իրանի շահերից է բխում, որ պատժամիջոցները որքան հնարավոր է շուտ չեղարկվեն: Սակայն, մենք այդ առումով մինչև հունիսի ավարտն առաջնորդվելու ենք «գործողություն` պատասխան գործողություն» սկզբունքով: Պատժամիջոցների չեղարկումը կախված կլինի այն պայմանների կատարումից, որոնց վերաբերյալ կողմերը պայմանավորվել են»,-հայտարարել է Չեբլին:

Չեբլին նշել է, որ Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Համենեիի խոսքերը վկայում են, որ Լոզանի պայմանագիրը միայն միջանկյալ հանգրվան էր, որը համահունչ է գերմանական ԱԳՆ դիրքորոշմանը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Ավելի վաղ Իրանի նախագահ Հասան Ռոուհանին հայտարարեց, որ կստորագրի ուրանի հարստացման վերաբերյալ համաձայնագիրը միայն այն դեպքում, եթե պատժամիջոցներն անհապաղ չեղյալ համարվեն:

Պետական հեռուստատեսությամբ հեռարձակված ելույթում Իրանի նախագահն ասել է, «Մենք կստորագրենք համաձայնագիրը միայն այն պայմանով, որ պատժամիջոցները հանվեն նույն օրը…Մեզ պայմանագիր է հարկավոր, որը շահավետ կլինի բանակցություններին մասնակցող բոլոր կողմերի համար», գրում է Լենտա.ռու-ն: Ռոուհանիի այդ հայտարարությունը հակասում է «վեցյակի» հետ բանակցություններում Լոզանում ձեռք բերված պայմանավորվածություններին, որոնց համաձայն պատժամիջոցները հանվելու են միայն եզրափակիչ համաձայնագրի կնքումից 9 ամիս անց:

Ապրիլի սկզբին Իրանը և «վեցյակի» երկրները (ԱԽ 5 անդամ + Գերմանիա) կարողացան համաձայնության հասնել Իրանի միջուկային ծրագրի շուրջ ապագա համաձայնագրի սկզբունքային պարամետրերի առումով: «Լոզանում պայմանավորվել են միջուկային ծրագրի շուրջ ապագա համապարփակ համաձայնության հիմքը դնել, որը պետք է պատրաստ լինի մինչև հունիսի 30-ը»,-հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին: Սպիտակ տունը բազմիցս է հայտարարել, որ Օբաման ստիպված կլինի տարբեր մոտեցումներ քննարկել, այդ թվում ռազմական, եթե Իրանի հետ բանակցությունները ձախողվեն: