6 սեպտեմբերի 2006 - 14:03 AMT
ՀՀ նախագահը հանձնարարել է ձեռնարկել բոլոր անհրաժեոշտ միջոցները Շ.Հովասափյանի սպանությունը բացահայտելու համար
Այսօր Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանձնարարել է հանրապետության իրավապահ մարմիններին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները բացահայտելու համար Պետական հարկային ծառայության օպերատիվ-քննչական վարչության բաժնի պետ Շահեն Հովասափյանի սպանությունը: Այդ մասին PanARMENIAN.Net-ին է հայտարարել Հայաստանի նախագահի մամլո քարտուղար Վիկտոր Սողոմոնյանը: Նա դատապարտել է հանցավոր գործունեությունն, ուղղված հարկային վարչարարության ուժեղացման եւ բոլորի համար հավասար հարկային պայմաններ ստեղծելու դեմ, որն, ի դեպ, ի վիճակի չէ շեղել երկրի նպատակասլաց քաղաքականությունն այդ ոլորտում: Ինչպես նշել է Վ.Սողոմոնյանը, Հայաստանի նախագահը ցավակցություն է հայտնել զոհվածի հարազատներին:

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան պայթեցվել է Շահեն Հովասափյանի ծառայողական մեքենան: Պայթյունը տեղի է ունեցել, երբ Շ.Հովասափյանը դուրս է եկել տնից, աշխատավայր գնալու նպատակով: Շահեն Հովասափյանը մահացել է տեղում, վարորդը ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց: