ՄԱԿ գլխավոր քարտուղարը խուսափում է «ցեղասպանություն» եզրույթից, բայց «ի գիտություն է ընդունել» Պապի խոսքերը

ՄԱԿ գլխավոր քարտուղարը խուսափում է «ցեղասպանություն» եզրույթից, բայց «ի գիտություն է ընդունել» Պապի խոսքերը

PanARMENIAN.Net - ՄԱԿ գլխավոր քարտուղար Պան Գի Մունը «վայրագ հանցագործություն է» համարում հայերի հալածանքներն Օսմանյան կայսրությունում, սակայն չի շտապում օգտագործել «ցեղասպանություն» եզրույթը` կոչ անելով երկրներին շարունակել գործակցությունը 100-ամյա վաղեմության փաստերը հաստատելու նպատակով: Այս դիրքորոշումը լրագրողներին է հայտնել ՄԱԿ գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը:

Ըստ Դյուժարիկի, համաշխարհային կազմակերպության քարտուղարությունում «ի գիտություն են ընդունել» Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հայտարարությունը, որը ապրիլի 12-ին 1915-1916թթ. հայերի սպանություններն ու հալածանքները «անվանեց 20-րդ դարի առաջին ցեղասպանություն»: Ինչպես ասել է Դյուժարիկը, Պան Գի Մունը «հիանալի հիշում է, որ ապրիլի 24-ին Հայաստանում և այլ երկրներում ոգեկոչվելու են 100 տարվա վաղեկության` 1915 թվականի ողբերգական իրադարձությունները», ինչպես նաև գիտակցում է, որ «անցյալի որակման հետ կապված հարցն ավելի մեծ զգայունություն է ստացել»:

«Գլխավոր քարտուղարը վստահ է, որ այդ ոգեկոչումը, 1915-ի ողբերգական իրադարձությունների հիշատակումը, ինչպես նաև գործակցությունը կատարված փաստերի հաստատման ուղղությամբ, պետք է ամրապնդի մեր համընդհանուր ձգտումը` կանխել նման վայրագ հանցագործությունների կրկնությունն ապագայում»,-հայտարարել է գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչը, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթվ զոհերի հիշատակին պատարագի ժամանակ Հռոմի պապ Ֆրանցիսկոսն Օսմանյան կայսրությունում հայերի սպանություններն անվանել է «20-րդ դարի առաջին ցեղասպանություն»: «Հայոց ցեղասպանության, այդ անծայրածիր խենթ ողբերգության 100-րդ տարելիցը հիշելը պարտադիր է, որովհետև ուր հիշատակ չկա, այնտեղ չարիքը դեռ բաց է պահում վերքը: Ծածկել հանցանքը, նշանակում է թողնել, որ վերքն արյունահոսի», - ասել է Հռոմի պապը:

«Հայոց ցեղասպանության, այդ անծայրածիր խենթ ողբերգության 100-րդ տարելիցը հիշելը պարտադիր է, որովհետև ուր հիշատակ չկա, այնտեղ չարիքը դեռ բաց է պահում վերքը: Թաքցնել հանցանքը, նշանակում է թողնել, որ վերքն արյունահոսի», - ասել է Հռոմի պապը:

Հատկանշական է, որ պատարագը նախաձեռնել է հենց Հռոմի պապը: Ճնշումը նրա և Սուրբ Աթոռի վրա եղել է աննախադեպ: Թուրքական կողմն ամեն կերպ փորձել է խաթարել պատարագի անցկացումը, սակայն ջանքերը զուր են անցել: Պատարագն ուղիղ հեռարձակվել է:

Ապրիլի 12-ին Թուրքիայի ԱԳՆ էր կանչվել Անկարայում Վատիկանի դեսպանը: Արտգործնախարարությունում դեսպանին հայտնել էին, որ Հռոմի պապի հայտարարությունը հիասթափեցրել և վշտացրել է իրենց, ինչպես նաև վստահության կորստի պատճառ է դարձել:

Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն իր հերթին ևս կոշտ արձագանք է տվել Հռոմի Ֆրանցիսկոս պապի երեկվա հայտարարությանը, գրում է թուրքական Vatan օրաթերթի կայքը: Դավութօղլուն հայտարարել է, թե այդ հայտարարությունը վայել չէ Պապին: «Հոգևոր առաջնորդներից ակնկալում ենք, որ խաղաղության կոչ անեն: Հռոմի պապի հայտարարությունները Եվրոպայում տարածված ռասիզմն է ավելացնում: Պապի հայտարարությունը միակողմանի է և անհիմն»,- ասել է նա:

Հայտարարությամբ է հանդես եկել նաև Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն: Նա Twitter-ի իր միկրոբլոգում գրել է, թե Ֆրանցիսկոս պապի խոսքերն անընդունելի են, քանի որ դրանք «հեռու են պատմական ու իրավական իրականությունից»:

Ապրիլի 13-ին Վատիկանում Թուրքիայի դեսպան Մեհմեթ Փաչաջըն Հայոց ցեղասպանության մասին Հռոմի Ֆրանցիսկոս պապի ելույթից հետո Թուրքիա կանչվեց` խորհրդակցության նպատակով:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ինչպես և ակնկալվում էր, ոչ ադեկվատ է արձագանքել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված Հռոմի պապի մատուցած պատարագին և նրա խոսքերին այն մասին, որ հայերի զանգվածային սպանությունները Օսմանյան Թուրքիայում 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն էր: Ինչպես գրում է «Վեստնիկ Կավկազան», Թուրքիայի նախագահը գրառում է կատարել Twitter-ի իր միկրոբլոգում` «դատապարտելով» Պապի հայտարարությունը երեք մեծ ողբեգությունների` «Հայոց ցեղասպանության, նացիզմի և ստալինիզմի մասին»:

«Պապի հայտարարությունն անընդունելի է Թուրքիայի համար,-գրել է Էրդողանը:-Կրոնը չպետք է անհիմն հայտարարությունների համար հիմք ծառայի: Դա հանգեցնում է թշնամանքի և ատելության»:

 Ուշագրավ
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Երևանը դե յուրե շարունակում է կազմակերպության անդամ մնալ
---