Ջրամատակարարման համակարգի բարելավման համատեղ ծրագիր՝ Արազափ գյուղում

Ջրամատակարարման համակարգի բարելավման համատեղ ծրագիր՝ Արազափ գյուղում

PanARMENIAN.Net - Ապրիլի 14-ին ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ), ՎիվաՍել-ՄՏՍ-ի և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) կողմից նշվեց Արմավիրի մարզի Արազափ գյուղի ջրամատակարարման համակարգի բարելավման ծրագրի ավարտը: Ծրագրի ավարտական միջոցառմանը ներկա էին ԱՄՆ ՄԶԳ-ի հայաստանյան առաքելության տնօրեն Քարեն Հիլիարդը, ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, FPWC-ի հիմնադիր Ռուբեն Խաչատրյանը, Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, Արազափի գյուղապետ Մանվել Հարությունյանը, ինչպես նաև համայնքի ներկայացուցիչները: Միջոցառման մասնակիցները շրջայց կատարեցին գյուղով, որի ընթացքում նրանց ներկայացվեց ջրամատակարարման նոր համակարգը և նոր սանգոտին, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը:

Արազափ գյուղի ջրամատակարարման ցանցի վերականգնման նպատակով իրականացվեցին հետևյալ աշխատանքները. 18,2 կմ երկարությամբ խողովակաշարի փոխարինում ավելի հուսալի պոլիէթիլենային խողովակաշարով, նոր պոմպի տեղադրում, ինչպես նաև ջրամատակարարման ծառայությունների կառավարման նպատակով համակարգչային ծրագրի ներդրում: Ծրագրի արդյունքում կբարձրանա ջրամատակարարման համակարգի արդյունավետությունը, կնվազեն հոսակորուստները և աղտոտման ռիսկերը, կգրանցվեն ջրի և էներգիայի էական խնայողություններ: Արազափի բնակիչներն այժմ ունեն շուրջօրյա որակյալ ջրամատակարարում` նախկինում ունեցած օրական երեք ժամի փոխարեն: Այսպիսով, նախնական հաշվարկների համաձայն, համայնքում կապահովվի տարեկան մոտ 72,000 մ3 ջրի և 30 Մվտժ հոսանքի խնայողություն:

«Մեր հայրենիքի սահմանների ամրությունը և սահմանը հսկող զինվորներին թիկունք ապահովողները սահմանամերձ բնակավայրերի բնակիչներն են: Տարրական հարմարությունների բացակայությունը ստիպում է մարդկանց հեռանալ հայրենի հողից: Մեր պարտքն է նրանց կողքին լինել, աջակցել և՛ հոգեբանորեն, և՛ կյանքի պայմանները բարելավելու առումով: Այս համատեքստում ավելորդ է նշել մաքուր ջրի կենսական նշանակությունը: Այս գիտակցումով է առաջնորդվում ՎիվաՍել-ՄՏՍ-ը՝ իրականացնելով ջրամատակարարման նախագիծը»,-նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

2014թ.-ին ԱՄՆ ՄԶԳ-ի, ՎիվաՍել-ՄՏՍ-ի և FPWC-ի համագործակցության արդյունքում Արմավիրի մարզի Արազափ և Լուկաշին, ինչպես նաև Տավուշի մարզի Արծվաբերդ և Բերքաբեր գյուղերում իրականացվել են ջրամատակարարման համակարգի բարելավման ծրագրեր՝ բնակչությանը խմելու ջրով ապահովելու և կենսապայմաններ լավացնելու նպատակով: Վերոնշյալ ծրագրերի շահառուների թիվը կազմում է շուրջ 7000 մարդ: Չորս ծրագրերի իրականացման համար ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը հատկացրել է 70 մլն, իսկ ԱՄՆ ՄԶԳ-ն՝ 60 մլն դրամ:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---