ԱՄՆ դեսպանատունը՝ ՀՀ-ում ծրագրերի ֆինանսավորման կրճատման պատճառների մասին

ԱՄՆ դեսպանատունը՝ ՀՀ-ում ծրագրերի ֆինանսավորման կրճատման պատճառների մասին

PanARMENIAN.Net - Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը պարզաբանել է ՀՀ-ում իրականացվող ծրագրերի ֆինանսավորման կրճատման պատճառները: Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է.

«ԱՄՆ դեսպանությունը ցանկանում է ներկայացնել 2015 բյուջետային տարում ԱՄՆ կառավարության օժանդակության մասով նախանշվող փոփոխությունները, որոնք գործողության մեջ կմտնեն 2015թ. հոկտեմբերից:

Միացյալ Նահանգների օժանդակության բյուջեն արտացոլում է ազգային անվտանգության ընթացիկ ու նորահայտ մարտահրավերները, Նախագահ Օբամայի քաղաքականությունը և զարգացմանն ուղղված նախաձեռնությունները, դաշնակիցների ու գործընկերների առաջ անվտանգության առումով ստանձնած մեր հանձնառությունները և մեր ջանքերն ուղղված հակամարտությունների կանխարգելմանը, զանգվածային բնաջնջման զենքերի չտարածմանը և խաղաղապահ գործունեությանը:

Վերջին տարվա նոր գլոբալ առաջնահերթությունների ու զարգացումների արդյունքում (այդ թվում էբոլայի հետ կապված ճգնաժամը, Իսլամական պետությունը, Սիրիան և Ուկրաինան) դժվարին որոշումներ պետք է կայացվեն մեր օժանդակության ծրագրերի վերաբերյալ ամբողջ աշխարհում: Այս նոր առաջնահերթություններից բխում է, որ աշխարհի շատ երկրներին, այդ թվում՝ Եվրոպային ցուցաբերվող օժանդակության ծավալները զգալիորեն նվազում են: Ահա այս համատեքստում էլ կատարվել է Հայաստանին ուղղվող ֆինանսավորման կրճատում: Մեր որոշակի օժանդակության ծրագրերի գծով ֆինանսավորման կրճատումը պայմանավորված է մեր բյուջետային իրողություններով ու ի հայտ եկած գլոբալ առաջնահերթություններով, և դա որևէ կերպ կապված չէ մեր իրականացրած ծրագրերի որակի կամ հայ-ամերիկյան բարեկամության ամրության հետ:

Հայաստանին ուղղվող ֆինանսավորման կրճատումը կանդրադառնա թե ԱՄՆ ՄԶԳ-ի, թե Դեսպանության հասարակայնության հետ կապերի գրասենյակի կողմից իրականացվող ծրագրերի վրա: Կրճատումների գումարային չափը առայժմ դեռ պարզ չէ, սակայն Դեսպանությունը պլաններ է մշակում որոշ նոր ծրագրերի կրճատման կամ որոշ ծրագրեր ավելի արագ ավարտին հասցնելու վերաբերյալ:

Չնայած այս կրճատումներին ԱՄՆ ՄԶԳ-ը ակտիվորեն շարունակում է իր գործունեությունը 2013թ. մշակված հայաստանյան ռազմավարությամբ վերհանված գերակա ուղղություններով, որոնց ձևավորման հարցում իրենց ներդրումն են ունեցել ՀՀ կառավարությունը, քաղաքացիական հասարակությունը և մեր հայ գործընկերները: Այս գերակա ուղղությունները ներառում են. տնտեսական աճ գյուղի զարգացման ոլորտում, տուրիզմ, ջրային և էներգետիկ անվտանգություն ու կառավարում, մարդկային կապիտալի զարգացում, տեղական ինքնակառավարման բարեփոխումներ, հակակոռուպցիոն աշխատանքներ և երեխաների պաշտպանություն:

Դեսպանության հասարակայնության հետ կապերի գրասենյակը կշարունակի իրականացնել ժողովրդական դիվանագիտության ծրագրեր, որոնք խթանում են Հայաստանի հաշտեցումը հարևան երկրների հետ, և ծրագրեր Ժողովրդավարության հանձնաժողովի դրամաշնորհների ծրագրի շրջանակում, որոնք ուղղված են քաղաքացիական հասարակության զարգացմանը, ժողովրդավարական գործընթացներին և մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի մեծացմանը Հայաստանում:

Ամերիկյան կառավարության օժանդակությունն ուղղվում է նաև մեր երկկողմ համագործակցության այլ ոլորտների, որոնց թվում են շարունակական աջակցությունն ընթացակարգերի մշակման հարցում, որոնք ապահովում են Մեծամորի ատոմակայանի անվտանգ շահագործումն ու Հայաստանի ավելի մեծ էներգետիկ անվտանգությունը, արդարադատության ոլորտի ամրապնդումը և կոռուպցիայի դեմ պայքարում իրավապահ կառույցների կարողությունների ամրապնդումը, ինչպես նաև ընտանեկան բռնությունների նոր ստորաբաժանման կարողությունների զարգացման նպատակով ոստիկանների ուսուցումը: ԱՄՆ պաշտպանության նախարարությունը ևս շարունակում է սերտորեն աշխատել ՀՀ պաշտպանության նախարարության հետ՝ հայ խաղաղապահների կարողությունների զարգացման և պաշտպանական բարեփոխումների հարցում:

1992թ.-ից ի վեր Միացյալ Նահանգների կողմից Հայաստանին տրամադրվել է ավելի քան 2 միլիարդ ԱՄՆ դոլարի օժանդակություն»:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ԱՄՆ կառավարությունը, հաշվի առնելով միջազգային մի շարք խնդիրներ, որոշում է ընդունել կրճատել եվրոպական մի քանի երկրներում և Հայաստանում իրագործվող ծրագրերի ֆինանսավորումը: Այս մասին հայտնեց Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը հայկական կառավարության ղեկավար Հովիկ Աբրահամյանի հետ հանդիպման ժամանակ։

Ինչպես հայտնեց կառավարության մամուլի ծառայությունը, Միլսն ընդգծել է, որ դա որևէ կերպ պայմանավորված չէ համատեղ ծրագրերի արդյունավետությամբ կամ հայ-ամերիկյան ամուր հարաբերություններով, որոնք գտնվում են բարձր մակարդակի վրա:

Վարչապետը բարձր է գնահատել ԱՄՆ-ի հետ արդյունավետ համագործակցությունն՝ ուղղված Հայաստանի ժողովրդավարական ինստիտուտների, տնտեսության տարբեր ճյուղերի զարգացմանը, ինչպես նաև համատեղ տարբեր ծրագրերի իրականացմանը: Հովիկ Աբրահամյանը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ կառավարությանը տարբեր ոլորտներում մեր երկրին ցուցաբերվող շարունակական աջակցության համար:

Դեսպան Միլսը, կարևորելով Հայաստանի հետ փոխգործակցության խորացումը, նշել է, որ ԱՄՆ-ը շարունակելու է գյուղատնտեսության, էներգետիկայի, զբոսաշրջության ոլորտներում, ենթակառուցվածքների զարգացման, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ու ժողովրդավարական արժեքների զարգացմանն ուղղված համատեղ ծրագրերի իրականացումը:

Հանդիպմանը ներկա գտնված ԱՄՆ միջազգային զարգացման հայկական գրասենյակի ղեկավար Քարեն Հիլիարդն իր հերթին նշել է, որ ԱՄՆ ՄԶԳ-ի համար շարունակում է գերակա մնալ Հայաստանի կառավարման համակարգի, փոքր ու միջին բիզնեսի, ժողովրդավարական ինստիտուտների զարգացման, կոռուպցիայի դեմ պայքարի, ինչպես նաև համայնքներում, այդ թվում՝ սահմանամերձ գյուղերում սոցիալական ուղղվածություն ունեցող ծրագրերի իրականացումը, որոնք կրելու են շարունակական բնույթ:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---