ՌԴ 200 ամենահարուստ գործարարների Forbes-ի ցանկում 7 հայ կա

ՌԴ 200 ամենահարուստ գործարարների Forbes-ի ցանկում 7 հայ կա

PanARMENIAN.Net - Հեղինակավոր Forbes հանդեսը հրապարակել է ՌԴ 200 ամենահարուստ գործարարների վարկանիշային աղյուսակը, որը գլխավորում է Վլադիմիր Պոտանինը։ Ի դեպ, վերջինս դիրքերը բարելավել է 7 հորիզոնականով։

Իսկ նախորդ տարվա ամենահարուստ գործարար Ալիշեր Ուսմանովն այս տարի 3-րդ հորիզոնականում է: Երկրորդ հորիզոնականում է «Ալֆա Գրուպ» կոնսորցիումի համասեփականատեր և դիտորդական խորհրդի նախագահ Միխայիլ Ֆրիդմանը, ում հարստությունը 14.6 մլրդ դոլար է, հայտնում է Tert.am-ը: :

Անդրադառնալով Forbes-ի ցուցակում ընդգրկված հայերին՝ հարկ է նշել, որ վարկանիշային աղյուսակի ամենատարբեր հորիզոնականներում է գտնվում 7 հայ գործարար։ Նրանց թվում առաջինը գործարար, «Մագնիտ» մանրածախ խանութների ցանցի հիմնադիր և համասեփականատեր, 47-ամյա Սերգեյ Գալիցկին է (մինչ ամուսնությունը՝ Հարությունյան), ով հայտնվել է ցուցակի 15-րդ հորիզոնականում։ Նախորդ տարվա համեմատ նա զիջել է դիրքերը 2 հորիզոնականով։ Նրա կարողությունը 8.3 մլրդ դոլար է։

«Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը պահպանել է դիրքերը և, ինչպես նախորդ տարի, զբաղեցնում է 26-րդ հորիզոնականը։ 49-ամյա գործարարի կարողությունը 4 մլրդ դոլար է։

Այնուհետ հաջորդում է «Ռոսգոսստրախ» ապահովագրական ընկերության 43-ամյա գործադիր տնօրեն Դանիլ Խաչատուրովը, ով զբաղեցրել է 54-րդ հորիզոնականը. ի տարբերություն նախորդ տարվա՝ նա 14 հորիզոնականով նահանջել է։ 1 տարվա ընթացքում նրա կարողությունը նվազել է 1 մլրդ դոլարով՝ կազմելով 1.6 մլրդ դոլար։

Հայազգի ամենահարուստ գործարարների թվում առավել ցայտուն առաջընթաց է գրանցել «Սկոլկովո» բիզնես-դպրոցի հիմնադիր, 46-ամյա գործարար Ռուբեն Վարդանյանը, ով 124-րդ տեղից տեղափոխվել է 92-րդ հորիզոնական։ Նրա հարստությունն անցած 1 տարվա ընթացքում ավելացել է 0.1 մլրդ-ով՝ կազմելով 0.95 մլրդ դոլար։

Վարդանյանին հաջորդում են «Ռեսո Գարանտիա» ապահովագրական ընկերությունը ներկայացնող Նիկոլայ և Սերգեյ Սարկիսով եղբայրները, ովքեր անկում են գրանցել։ «Ռեսո Գրուպ»-ի 46-ամյա փոխնախագահ Նիկոլայ Սարկիսովն անցած տարի ունեցել է 0.2 մլրդ դոլարի կորուստ, ինչի հետևանքով 0.9 մլրդ դոլար ցուցանիշով զբաղեցրել է 105-րդ հորիզոնականը։ Իսկ 106-րդ տեղում գտնվում է նրա եղբայրը՝ «Ռեսո Գարանտիա»-ի տնօրենների խորհրդի 55-ամյա նախագահ Սերգեյ Սարկիսովը, ում կարողությունը ևս 0.9 մլրդ դոլար է։

Հայազգի ևս մի գործարար՝ 44-ամյա Ալբերտ Ավդոլյանը, ով Wooden Fish Agency ընկերության դիտորդական խորհրդի նախագահի պաշտոնն է զբաղեցնում, գտնվում է 120-րդ հորիզոնականում՝ 0.75 մլրդ կարողությամբ։ Նրա կարողությունը նախորդ տարվա համեմատ չի փոխվել։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---