Hürriyet. Թուրքիայի վարչապետի հայազգի գլխավոր խորհրդականն ազատվել է պաշտոնից

Hürriyet. Թուրքիայի վարչապետի հայազգի գլխավոր խորհրդականն ազատվել է պաշտոնից

PanARMENIAN.Net - Թուրքիայի վարչապետի հայազգի գլխավոր խորհրդական Էթյեն Մահչուփյանն ազատվել է պաշտոնից: Պաշտոնական հիմնավորմամբ Մահչուփյանի ազատման պատճառը տարիքային սահմանափակումն է, իսկ ազատվել էր դեռ մարտի 9-ին:

«Ես հիմա արտերկրում եմ և շարունակում եմ վարչապետի խորհրդական լինել, միայն թե դրա համար այլևս չեն վճարում ինձ»,- ասել է Մահչուփյանը, Hürriyet Daily News-ին հղումով գրում է Today’s Zaman-ը:

Թուրքական լրատվամիջոցները վերջին օրերին քննադատում էին վարչապետի գլխավոր խորհրդականին, որ քանի դեռ Թուրքիայի կառավարությունը զբաղված է Հայոց ցեղասպանության վերաբերյալ Հռոմի պապի արած հայտարարությանը խստապես արձագանքելով՝ նա հայտարարում է, որ 1915 թվականին հայերի հետ տեղի ունեցածն անհնար է չանվանել ցեղասպանություն.«Եթե Բոսնիայում ու Աֆրիկայում տեղի ունեցածն ընդունվում է որպես ցեղասպանություն, ապա 1915 թվականին հայերի հետ տեղի ունեցածն անհնար է չանվանել ցեղասպանություն: Հռոմի պապի հայտարարությամբ Վատիկանը ձերբազատվեց 100-ամյա հոգեբանական բեռից: Վատիկանն իսկապես կարող էր վաղուց արած լինել դա, սակայն չէր արել: Պետք չէ Վատիկանի արած հայտարարությունում փնտրել քաղաքական կողմ: Թե՛ հայերի, թե՛ ոչ հայերի համար «ցեղասպանություն» բառեզրն արդեն քաղաքական լինելուց ավելի շատ ձեռք է բերել հոգեբանական իմաստ: Կարևոր է փաստելը, թե ինչ է տեղի ունեցել: Կարևոր է առերեսվել կատարվածին և միասին ապագա կերտել՝ այդ ամենից դասեր քաղելով»:

Մահչուպյանին վարչապետի խորհրդականի պաշտոնում նշանակել էր Ահմեդ Դավութօղլուն՝ 2014-ի հոկտեմբերին՝ Թուրքիայում նախագահական ընտրությունններում Էրդողանի հաղթանակից և նոր կառավարություն ձևավորելուց հետո: Մահչուպյանն այս պաշտոնում նշանակված առաջին հայն է:

Ապրիլի 12-ին Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթվ զոհերի հիշատակին պատարագի ժամանակ Հռոմի պապ Ֆրանցիսկոսն Օսմանյան կայսրությունում հայերի սպանություններն անվանել է «20-րդ դարի առաջին ցեղասպանություն»: «Հայոց ցեղասպանության, այդ անծայրածիր խենթ ողբերգության 100-րդ տարելիցը հիշելը պարտադիր է, որովհետև ուր հիշատակ չկա, այնտեղ չարիքը դեռ բաց է պահում վերքը: Ծածկել հանցանքը, նշանակում է թողնել, որ վերքն արյունահոսի», - ասել է Հռոմի պապը:

Հատկանշական է, որ պատարագը նախաձեռնել է հենց Հռոմի պապը: Ճնշումը նրա և Սուրբ Աթոռի վրա եղել է աննախադեպ: Թուրքական կողմն ամեն կերպ փորձել է խաթարել պատարագի անցկացումը, սակայն ջանքերը զուր են անցել: Իսկ պատարագից հետո թուրքական հիստերիան դեռ շարունակվում է՝ վարչապետի, արտգործնախարարի, այլ նախարարների մակարդակով: Դավութօղլուն նույնիսկ հայտարարել է, թե Հռոմի պապը միացել է Թուրքիայի և ԱԶԿ-ի դեմ «չարիքի առանցքին»:

Պատարագին ներկա են եղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Գարեգին Բ և Արամ Ա կաթողիկոսները, պաշտոնատար այլ անձինք:

Հայոց ցեղասպանություն

Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին:

Դեռևս Ցեղասպանության իրագործման տարիներին` 1915-23թթ. տերությունները ընդունեցին հայերի կոտորածը դատապարտող բանաձևեր: ԱՄՆ-ն երեք անգամ (1916, 1919, 1920) նմանատիպ բանաձևեր է ընդունել, սակայն դա չկասեցրեց Օսմանյան կայսրության գործողությունները: 1915թ. Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Ռուսաստանը հանդես եկան համատեղ հռչակագրով` դատապարտելով հայերի բնաջնջումը:

Աշխարհի շատ երկրներ և ազդեցիկ միջազգային կազմակերպություններ ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը: Պաշտոնապես առաջինը Հայոց ցեղասպանությունն ընդունել և դատապարտել է Ուրուգվայը 1965թ-ին: Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաև Եվրոպայի Խորհուրդը, Եվրախորհրդարանը, ՄԱԿ-ի խտրականության կասեցման և փոքրամասնությունների պաշտպանության կանխարգելման ենթահանձնաժողովը, ՄԱԿ-ի ռազմական հանցագործությունների գծով հանձնաժողովը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը: Հայերի ոչնչացումը պաշտոնապես ցեղասպանություն են ճանաչել Ֆրանսիան, Ավստրիան, Իտալիան, Գերմանիան, Բելգիան, Լյուքսեմբուրգը, Շվեդիան, Նիդերլանդները, Շվեյցարիան, Ռուսաստանը, Լեհաստանը, Լիտվան, Հունաստանը, Սլովակիան, Կիպրոսի Հանրապետությունը, Լիբանանը, Ուրուգվայը, Արգենտինան, Վենեսուելան, Չիլին, Բոլիվիան, Կանադան, Վատիկանը, Բրազիլիան, Լյուքսեմբուրգը, Գերմանիան, Պարագվայը, Սիրիան և ԱՄՆ-ի 45 նահանգ:

Բելգիայում և Շվեդիայում Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն է սահմանված (45 հազար եվրո տուգանքից մինչև 1 տարվա ազատազրկում): 2006թ. հոկտեմբերի 12-ին Ֆրանսիայի խորհրդարանն օրինագիծ ընդունեց, որի համաձայն Հայոց ցեղասպանության ժխտումը կքրեականացվի, ինչպես Հոլոքոսթը:

Ժամանակակից Թուրքիան ժխտում է Հայոց ցեղասպանության պատմական փաստը և վարում է այդ փաստի ժխտման ներքին և արտաքին քաղաքականություն: Թուրքական պետության գործողությունները ներկայացվում են որպես «բռնագաղթ»` հայերի անվտանգությունն ապահովելու նպատակով: Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին խոսում են միայն առանձին թուրք մտավորականներ, որոնց թվում են պատմաբան Թաներ Աքչամն ու Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
Նա նշել է, որ դիտարկում է հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, բայց կոնկրետ որոշումներ չկան
---