Նալբանդյան. Թուրքիան փորձում է շանտաժի ենթարկել պետություններին և միջազգային կառույցներին

Նալբանդյան. Թուրքիան փորձում է շանտաժի ենթարկել պետություններին և միջազգային կառույցներին

PanARMENIAN.Net - Վաղուց ակնհայտ է, որ ժխտողականության քաղաքականությունը որևէ հեռանկար չունի, ասել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ մեկնաբանելով Թուրքիայի արձագանքը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Եվրախորհրդարանի ընդունած բանաձևին:

Թուրքիայի արտգործնախարարությունը ապրիլի 15-ի երեկոյան հաղորդագրություն է տարածել, որում «անհեթեթ, հայկական քարոզչությամբ լեցուն» է որակել Հայոց ցեղասպանության վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևը: Պաշտոնական Անկարան մեղադրում է Եվրոպական խորհրդարանին՝ Եվրամիություն - Թուրքիա հարաբերություններում հերթական անգամ խոչընդոտներ ստեղծելու համար: «Մենք լուրջ չենք ընդունում նրանց, ովքեր ընդունել են այս բանաձևը՝ աղավաղելով պատմությունն ու օրենքները: 2014 թվականի ընտրություններում 42 տոկոս մասնակցության ցուցանիշն արդեն իսկ խոսում է այն մասին , թե ինչ տեղ է գրավում Եվրոպական խորհրդարանը Եվրամիության քաղաքական մշակույթի մեջ», - նշված է Թուրքիայի արտգործնախարարության հայտարարության մեջ:

«Դեսպաններ հետ կանչելով, կոպիտ քննադատություն հնչեցնելով երկրների, կազմակերպությունների հասցեին, որոնք հարգանքի տուրք են մատուցում ցեղասպանության զոհ դարձած մեկուկես միլիոն անմեղ հայերի հիշատակին, իրենց ձայնն են բարձրացնում ժխտողականության դեմ, մարդկության դեմ նոր հանցագործությունների կանխարգելման օգտին, Թուրքիայի ղեկավարությունը ավելի ու ավելի միայնակ է մնում խորտակվող ժխտողականության նավի վրա», - շեշտել է արտգործնախարարը, գրում է «Ազատություն» ռադիոկայանը:

Նալբանդյանի խոսքով Թուրքիան փորձում է ճնշումներ գործադրել.«Ես կասեի շանտաժի ենթարկել միջազգային կառույցների, բազմաթիվ երկրների։ Սակայն, դժվար թե այս հարցում հաջողություն ունենա, միգուցե հաջողի միայն այն երկրներում, որտեղ չեն հարգվում մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները, ուր խարխուլ է ժողովրդավարությունը»:

Ի՞նչ է տալիս դեսպանների հետկանչը։ Lավ հիշում ենք, որ հետկանչից հետո ստիպված են լինում նրանց հետ վերադարձնել, ասել է արտգործնախարարը՝ հավելելով․ «Եվրոպական 28 երկիր ներկայացնող խորհրդարանն է երեկ բանաձև ընդունել։ Լավ է, որ Անկարայում գոնե գիտակցել են՝ 28 երկրից հետ չեն կանչել դեսպաններին։ Հակառակ դեպքում թուրք դեսպանների համար գործազրկության լուրջ խնդիր կառաջանա»։

Թուրքիայի իշխանությունների արձագանքը, ըստ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի, հիշեցնում է ցուգցվանգում հայտնված շախմատիստի, որի ամեն հաջորդ քայլ ավելի է բարդացնում նրա դիրքերը.«Ինչպես ասվում է Եվրախորհրդարանի բանաձևում՝ առանց ճշմարտության հնարավոր չէ հասնել հաշտեցման, և կավելացնեի՝ միջազգային հանրության հետ»:

Ապրիլի 15-ին Եվրախորհրդարանը ընդունել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձև՝ կոչ անելով Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը, առանց նախապայմանների վավերացնել հայ - թուրքական արձանագրությունները և բացել Հայաստանի հետ սահմանը: Բանաձևը ընդունվել է ձայների բացարձակ մեծամասնությամբ՝ 554 կողմ, 13 դեմ: «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շեմին Եվրոպական խորհրդարանը հարգանքի տուրք է մատուցում Օսմանյան կայսրությունում զոհված 1.5 միլիոն անմեղ հայերի հիշատակին, եվրոպական արդարադատության և համերաշխության ոգուն համահունչ միանում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ անցկացվող ոգեկոչման արարողությանը, և կոչ է անում Եվրամիության հանձնաժողովին ու խորհրդին միանալ ոգեկոչմանը», - նշված է բանաձևում:

Հայոց ցեղասպանություն

Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին:

Դեռևս Ցեղասպանության իրագործման տարիներին` 1915-23թթ. տերությունները ընդունեցին հայերի կոտորածը դատապարտող բանաձևեր: ԱՄՆ-ն երեք անգամ (1916, 1919, 1920) նմանատիպ բանաձևեր է ընդունել, սակայն դա չկասեցրեց Օսմանյան կայսրության գործողությունները: 1915թ. Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Ռուսաստանը հանդես եկան համատեղ հռչակագրով` դատապարտելով հայերի բնաջնջումը:

Աշխարհի շատ երկրներ և ազդեցիկ միջազգային կազմակերպություններ ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը: Պաշտոնապես առաջինը Հայոց ցեղասպանությունն ընդունել և դատապարտել է Ուրուգվայը 1965թ-ին: Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաև Եվրոպայի Խորհուրդը, Եվրախորհրդարանը, ՄԱԿ-ի խտրականության կասեցման և փոքրամասնությունների պաշտպանության կանխարգելման ենթահանձնաժողովը, ՄԱԿ-ի ռազմական հանցագործությունների գծով հանձնաժողովը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը: Հայերի ոչնչացումը պաշտոնապես ցեղասպանություն են ճանաչել Ֆրանսիան, Ավստրիան, Իտալիան, Գերմանիան, Բելգիան, Լյուքսեմբուրգը, Շվեդիան, Նիդերլանդները, Շվեյցարիան, Ռուսաստանը, Լեհաստանը, Լիտվան, Հունաստանը, Սլովակիան, Կիպրոսի Հանրապետությունը, Լիբանանը, Ուրուգվայը, Արգենտինան, Վենեսուելան, Չիլին, Բոլիվիան, Կանադան, Վատիկանը, Բրազիլիան, Լյուքսեմբուրգը, Գերմանիան, Պարագվայը, Սիրիան և ԱՄՆ-ի 45 նահանգ:

Բելգիայում և Շվեդիայում Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն է սահմանված (45 հազար եվրո տուգանքից մինչև 1 տարվա ազատազրկում): 2006թ. հոկտեմբերի 12-ին Ֆրանսիայի խորհրդարանն օրինագիծ ընդունեց, որի համաձայն Հայոց ցեղասպանության ժխտումը կքրեականացվի, ինչպես Հոլոքոսթը:

Ժամանակակից Թուրքիան ժխտում է Հայոց ցեղասպանության պատմական փաստը և վարում է այդ փաստի ժխտման ներքին և արտաքին քաղաքականություն: Թուրքական պետության գործողությունները ներկայացվում են որպես «բռնագաղթ»` հայերի անվտանգությունն ապահովելու նպատակով: Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին խոսում են միայն առանձին թուրք մտավորականներ, որոնց թվում են պատմաբան Թաներ Աքչամն ու Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը:

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---