Հալեպի առաջնորդարան. Սիրիահայերը գաղութը լուծարելու քայլին չեն գնա

Հալեպի առաջնորդարան. Սիրիահայերը գաղութը լուծարելու քայլին չեն գնա

PanARMENIAN.Net - Սիրիայի հայերը գաղութը լուծարելու քայլին չեն գնա, քանի որ անհրաժեշտություն չկա, արձագանքելով սիրիահայերի կողմից Հայաստանի կառավարությանն ուղղված տարհանման խնդրանքին, հայտարարել է Հալեպի Հայոց առաջնորդարանի մամուլի քարտուղար Ժիրայր Ռեիսյանը:

«Մենք գաղութը չենք լուծարում։ Հետևաբար, ով դժվարություն ունի, օգնելու պարտավորություն ունենք և կօգնենք, իսկ Սիրիայի կամ Հալեպի սահմաններից դուրս ասելիք չունենք», ասել է Ռեիսյանը, գրում է «Ազատություն» ռադիոկայանը: Հատկապես վերջին շրջանում համացանցում ակտիվորեն շրջանառվում են հալեպահայերին Սիրիայից դուրս բերելու կոչեր։ Վերջին շաբաթների ամենօրյա հրթիռակոծությունները, տասնյակ զոհերն ու վիրավորները, այդ թվում հայերի շրջանում, ստիպում են Սիրիայում և այդ երկրի սահմաններից դուրս գտնվող հայերին մտածել համայնքի տարհանման անհրաժեշտության մասին։

Հայաստանում սիրիահայերի հարցերով հանձնաժողովի նախագահ, Սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը, մեկնաբանելով տարհանման մասին կոչերը, ասել է, որ նման որոշում պետք է կայացվի Հալեպում՝ ազգային կառույցների կողմից, ինչին Հայաստանի կառավարությունը կարձագանքի։

Հայ համայնքի ներկայացուցիչ Ռեիսյանի խոսքով, մինչդեռ, ովքեր ուզում են և հնարավորություն ունեն, կարող են հեռանալ Հալեպից՝ իրենց որոշելիքն է։ Իսկ նրանք, ովքեր կմնան, կշարունակեն նյութական աջակցություն ստանալ։ «Համայնքը կփորձի օգնել նրանց, ովքեր թեկուզ դժվարություններով կյանքը կշարունակեն Սիրիայում», - ընդգծել է Ռեիսյանը։

Հարցին, թե հեռանալու մտադրություն ունեցողներին համայնքը կարո՞ղ է դրամական օգնություն ցուցաբերել, Հայոց առաջնորդարանի բանբերը պատասխանել է. «Համայնքը քաղաքը պարպելու կամ համայնքը լուծարելու աշխատանքի մեջ չէ: Համայնքը պահելու աշխատանքի մեջ է»:

Անցած 4 տարիների հակամարտությունը Հալեպում գրեթե հողին է հավասարեցրել նաև քրիստոնեական թաղամասերը։ Ավերակների մեջ, առանց սննդի, ջրի ու էլեկտրականության կյանքը շարունակող հայերից շատերը չեն ուզում ապրել մահվան ամենօրյա վտանգի տակ, բայց գումար չունեն հեռանալու։ Համայնքի ուժերով ձևավորված Սիրիահայերի օգնության միությունը այսօր էլ շարունակում է սննդով, հագուստով ու անհրաժեշտ այլ պարագաներով ապահովել նրանց։

Սիրիահայերին տարհանելու խնդրանքին Հայաստանի կառավարությունն նաև արձագանքել էր, թե կաջակցի դուրս բերել երեխաներին ու դպրոցականներին։ Համացանցում շատերը ողջունելով այս նախաձեռնությունը՝ միևնույն ժամանակ շեշտում են, որ առանց ծնողների երեխաներին դուրս բերելը ճիշտ չէ։

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---