Վիրահայերը հորդորում են իշխանություններին քննարկել Ցեղասպանության ճանաչման հարցը. Արդեն 10-րդ անգամ

Վիրահայերը հորդորում են իշխանություններին քննարկել Ցեղասպանության ճանաչման հարցը. Արդեն 10-րդ անգամ

PanARMENIAN.Net - Վրաստանում գործող հայկական հոգևոր և աշխարիկ հասարակական կազմակերպությունները դիմել են երկրի Խորհրդարանին պահանջով, որպեսզի Վրաստանում սկսվեն 1915-1923թ.ին հայ ժողովրդի Ցեղասպանության փաստի ճանաչման պաշտոնական քննարկումները, հայտնում է Վրաստանի Հայ համայնքի մամուլի ծառայությունը: Դիմում մասնավորապես ասվում է.

«2015 թվականի ապրիլի 24-ին լրանում է Օսմանյան կայսրության տարածքում, պետական մակարդակով ծրագրված հայ ազգի իր իսկ պատմական հայրենիքում ոչնչացման – Ցեղասպանության 100-րդ տարելիցը:

1915-1923թ.ին կատարված հանցագործության արդյունքում հայ ժողովուրդը կորցրեց ավելի քան 2 000 000 իր որդիներին ու դուստրերին, իսկ Հայաստանի մեծ մասը գրավվեց հայ ժողովրդի կոտորածն իրականացնող թուրքական պետության կողմից:

1915-23թթ. Թուրքիայի կողմից կատարված հանցագործությունը գնահատվում է որպես Ցեղասպանություն` հանցագործություն մարդկության դեմ: Դեռևս 1915թ.ի մայիսին Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Ռուսաստանը համատեղ հայտարարությամբ ներկայացան, որի տակ ստորագրած ուժերը Թուրքիայի հանցագործ գործողությունները բնութագրում են որպես «նոր հանցագործություն մարդկության և քաղաքակրթության դեմ»: Հայ ժողովրդի ոտնահարված իրավունքների վերականգնման` հատուցման հարցը քննարկվել է նաև 1919թ.ին Փարիզյան խաղաղ կոնֆերանսի ժամանակ, որի աշխատանքների շրջանակներում ստեղծվել է խաղաղ հայ բնակչության դեմ Թուրքիայի կողմից իրականացրած հանցագործությունը հետաքննող դատական ատյան:

Դատական ատյանի աշխատանքների արդյունքում 1919թ.ին Թուրքիայի ղեկավարությունը մեղավոր է ճանաչվել և մահապատժի դատապարտվել: Արևմտյան Հայաստանի տարածքների ապաբռնագրավման հարցն արտացոլված է եղել 1920թ.ի Սևրի պայմանագրի դրույթներում` դառնալով Փարիզյան խաղաղ կոնֆերանսի արդյունքների մի մասը:

Հայոց ցեղասպանության փաստը հիմք դարձավ հրեական ծագումով լեհ փաստաբան Ռաֆայել Լեմկինի 1943թ մշակած և 1948թ. ՄԱԿ-ի Գերագույն Ասամբլեայի ընդունած բանաձևի համար, ըստ որի ընդունվեց «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելու և պատժելու մասին Կոնվենցիան»: Հարկ է նշել, որ 1993թ.ին հոկտեմբերին 11-ին Վրաստանը վավերացրեց այս կոնվենցիան:

Այսօր 1915-23թթ. Հայոց ցեղասպանության փաստը ճանաչվել է, իսկ նրա կազմակերպիչ Թուրքիան դատապարտվել է ավելի քան 20 երկրների կողմից (Կանադա, Իտալիա, Ֆրանսիա, Շվեյցարիա, Արգենտինա, Լիբանան, Նիդեռլանդներ, Ռուսաստան, Լեհաստան, Վատիկան և այլն): Հայ ժողովրդի հանդեպ Ցեղասպանության իրականացման փաստը ճանաչել է նաև ԱՄՆ-ի 50 նահանգներից 46-ը, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների մի ամբողջ շարք, այդ թվում նաև Եվրոպական Խորհրդարանը, Եվրախորհուրդը, Եվրոպական Ժողովրդական Կուսակցությունը և այլն:

Մենք ներքոստորագրյալ Վրաստանում գործող հայկական հասարակական կազմակերպություններս, հանուն արդարության և ժողովրդավարական արժեքների, կոչ ենք անում Ձեզ` միանալ համաշխարհային քաղաքակիրթ հանրությանը, հարգել Վրաստանի Հանրապետության քաղաքացիների կամքը և Վրաստանի Խորհրդարանում նախաձեռնել Օսմանյան Թուրքիայի տարածքում հայ ժողովրդի Ցեղասպանության փաստի ճանաչաման հարցի քննարկումը»:

Վրաստանում գործող հայկական կազմակերպություններն արդեն 10-րդ անգամն են դիմում Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը քննարկելու խնդրանքով Վրաստանի իշխանություններին: Սակայն, Վրաստանն ամեն կերպ անտեսում է բնակչության մոտ 6 տոկոսը կազմող իր քաղաքացիների կամքը:

Դիմումը ստորագրել են Վիրահայոց թեմը, Վրաստանի Հայ Համայնքը, Վիրահայոց Թեմի «Հայարտուն» մշակութալուսացորռական Կենտրոնը, Սամցխե-Ջավախքի Հասարակական Կազմակերպությունների Խորհուրդը, Թբիլիսիի պետական Հայկական Թատրոնը, Աջարիաի հայերի Միությունը, «Վրաստան» թերթը, Վիրահայերի Միությունը, Թբիլիսահայերի Վեհաժողովը, Թբիլիսահայերի Միությունը, Ախալցխաի Երիտասարդական Կենտրոնը՝ ընդամենը 30 կազմակերպություններ և մտավորականության ներկայացուցիչներ՝ Գիվի Շախնազար, Անահիտ Բոստանջյան և այլոք:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---