7 սեպտեմբերի 2006 - 14:50 AMT
Բուշն ընդունել է ԿՀՎ գաղտնի բանտերի գոյությունը
ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշն ընդունել է ԿՀՎ գաղտնի բանտերի գոյությունը: Նա հայտնել է, որ դրանցում պահվող 14 բանտարկյալները, ովքեր մեղադրվում են ահաբեկչական գործողություններին մասնակցելու մեջ, ուղարկվել են Կուբայում գտնվող ամերիկյան կայան Գուանտանամա: Բուշի կողմից նշված 14 բանտարկյալները կկանգնեն դատարանի առջեւ. նրանց թվում է Խալիդ Շեյխ Մոհամմեդը, ում համարում են 2001 թվականի սեպտեմբերի 11-ին Նյու-Յորքում եւ Վաշինգթոնում տեղի ունեցած ահաբեկչությունների կազմակերպիչներից մեկը:

Նախագահի խոսքերով, նա հայտնեց ԿՀՎ բանտերի մասին, քանի որ դրանցում գտնվող բանտարկյալների հարցաքննությունը ավարտված է: Մյուս պատճառը կայանում է նրանում, որ ԱՄՆ Գերագույն դատարանը արգելել էր ռազմական տրիբունալի օգտագործումն ահաբեկչության մեջ մեղադրվողների գործերի քննման ժամանակ:

Նշեենք, որ այս տարվա գարնանը Եվրոպական խորհրդարանի հանձնաժողովը հայտնաբերել էր, որ Եվրոպայի մի շարք երկրների կառավարությունները աջակցել են ԿՀՎ-ին ահաբեկչության մեջ մեղադրվող հանցագործների գաղտնի տեղափոխման հարցում: Իրավապահ կազմակերպությունները պնդում էին, որ ԱՄՆ իշխանությունները բանտարկյալներին տեղափոխում էին երկրներ, որտեղ նրանց տանջում էին:

Դիկ Մարտին, ով Եվրոպայի Խորհրդի կարգադրությամբ ուսումնասիրել է գաղտնի բանտերի հարցը, հայտարարել է, որ եվրոպական կառավարությունները այժմ իրենք պետք է բացահայտեն ԿՀՎ գաղտնի ծրագրի վերաբերյալ իրենց հայտնի ինֆորմացիան, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը: