16  20.04.15 - «Տեղեկություններ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում անցկացվող միջոցառումների մասին» թեմայով մամուլի ասուլիս

Վիգեն Սարգսյան. Ապրիլի 24-ին Երևանում կլինի 4 երկրի նախագահ

Վիգեն Սարգսյան. Ապրիլի 24-ին Երևանում կլինի 4 երկրի նախագահ

PanARMENIAN.Net - Ապրիլի 24-ին Հայաստան կժամանի 60 պաշտոնական պատվիրակություն՝ պետություններից ու միջազգային կազմակերպություններից, այսօր՝ ապրիլի 20-ին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող Վիգեն Սարգսյանը՝ նշելով, որ նախագահներ կժամանեն 4 պետությունից՝ Ռուսաստանից, Ֆրանսիայից, Կիպրոսից ու Սերբիայից։

«Ի դեպ, Կիպրոսի նախագահը ժամանում է Խորհրդարանի նախագահի հետ։ Իսկ այլ պետությունների պատվիրակությունները գալիս են որպես տվյալ պետության և նախագահի ներկայացուցիչ։ Բազմաթիվ ղեկավարներ ՀՀ նախագահին ուղղված իրենց նամակում նշել են, որ Հայոց ցեղասպանությունը համընդհանուր հիշողության և ամբողջ մարդկության դեմ կատարված հանցագործության տարելիցն է, և հետևաբար իրենք պետք է ներկայացված լինեն ամենաբարձր մակարդակով։ Մի մասը, օրինակ՝ Կանադայի վարչապետը նշել էր, որ այս օրը ինքը ավանդաբար լինում է հայ համայնքի հետ»,-ասել է նա և նշել` արդեն հայտնի է, որ Գերմանիայի նախագահը ապրիլի 23-ին կմասնակցի Բեռլինի մայր տաճարում կայանալիք հոգեհանգիստին, բացի այդ Հայաստանում կլինի Գերմանիան ներկայացնող նախարարական պատվիրակություն:

Վիգեն Սարգսյանը նաև տեղեկացրել է, որ նախագահական նստավայրում սպասվում են բազմաթիվ երկկողմ հանդիպումներ, ինչպես ՀՀ նախագահի հետ, այնպես էլ մյուս նախագահների միջև, գրում է Tert.am-ը:

«Սուրբ աթոռը ներկայացված է լինելու Կարդինալով, բայց գիտեք նաև, որ Հռոմի Պապը ապրիլի 12-ին Վատիկանում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Չեխիայի նախագահը նամակում նշում է, որ կուզեր ներկա լինել, բայց հանդիպում ունի Վատիկանում՝ իր բանագնացը Հայաստանում կլինի»,- ասել է Սարգսյանը:

Հարցին, թե ինչո՞ւ էր ՌԴ Նախագահի մամուլի խոսնակը երկար ժամանակ նշում, որ Վլադիմիր Պուտինի այցելության հարցը քննարկվում է, և ռուսական կողմը չէր շտապում պաշտոնապես հայտարարել նախագահի այցի մասին, Վիգեն Սարգսյանը պատասխանել է. «Դա ստանդարտ արարողակարգային պատասխան է։ Նախագահի աշխատակազմը հայտարարում է դրա մասին այն պահին, երբ նպատակահարմար է համարում»։

Ինչ վերաբերում է ԵՏՄ անդամ մյուս երկրներին, ապա Սարգսյանը նշել է, որ Բելառուսից ներկա կլինի պատվիրակություն, իսկ Ղազախստանում ապրիլի 24-ին նախագահական ընտրություններ են՝ որևէ պատվիրակություն Հայաստան չի ժամանի։

Հարցին, թե տեղեկություններ ունե՞ն, թե ինչ կազմակերպություններ կլինեն Հայաստանում ապրիլի 24-ին, Վիգեն Սարգսյանը դժվարացավ պատասխանել։ ԱՄՆ-ի պատվիրակության մասին Վիգեն Սարգսյանը նշել է, որ ավելին ասել չի կարող, քան հայտնի է մամուլում։ «Մեր մոտեցումը միշտ եղել է այն, որ մենք առաջինը որևէ մեկի մասնակցությունը չենք հաստատել, միշտ թողել ենք իրենց հայտարարելու դրա մասին», - ասել է նա:

Մայր Աթոռ Սբ Էջմիածնի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Տեր Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը, անդրադառնալով ապրիլի 23-ին Մայր Աթոռ Սբ Էջմիածնում նախատեսված Հայոց ցեղասպանության նահատակների սրբադասման արարողությունը, տեղեկացրել է, որ այն կավարտվի 19:15-ին՝ համազգային լռության րոպեով. «1915-ը խորհրդանշող համազգային լռության րոպեն կուղեկցվի ներքին հոգևոր ճիչով, որի ընթացքում ՀՀ, ինչպես նաև Հայ առաքելական եկեղեցու քույր եկեղեցիներում կհնչի 100 զանգ»:

Այս տարի՝ ապրիլի 24-ին, առաջին անգամ կլինի Հայոց ցեղասպանության նահատակների ոչ թե հոգեհանգստի, այլ բարեխոսության կարգը, հավելել է Տեր Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը:

Սրբադասման արարողության ընթացքում կօծվի նաև սուրբ նահատակների սրբապատկեր, որը, Վիգեն Սարգսյանի խոսքով, ապրիլի 24-ին կտեղափոխվի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հանրությանը երկրպագելու հնարավորություն տալով:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---