ԱՄՆ սենատորները բանաձև են ներկայացրել. Անընդունելի է ժխտել Հայոց ցեղասպանության փաստը

ԱՄՆ սենատորները բանաձև են ներկայացրել. Անընդունելի է ժխտել Հայոց ցեղասպանության փաստը

PanARMENIAN.Net - Հետևելով Հայոց ցեղասպանության մասին Հռոմի պապի պատմական հայտարարությանը և Եվրախորհրդարանի ընդունած բանաձևին՝ ամերիկացի սենատորներ Ռոբերտ Մենենդեսը, Մարկ Քրքը, Բարբարա Բոքսերը և Քորի Գարդները ներկայացրել են օրինագիծ, որի նպատակն է կարգավորել հայ-թուրքական հարաբերությունները՝ հիմնված Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության «ամբողջական ճանաչման» վրա, գրում է asbarez.com-ը՝ վկայակոչելով Ամերիկայի Հայ դատի հանձնախմբին:

Այս օրենքը ներկայացվել է ապրիլի 24-ի առիթով ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի սպասվող հայտարարությունից առաջ:

Որպես սենատոր և նախագահի թեկնածու` Բարաք Օբաման ցեղասպանության ճանաչման ջատագովն էր, խոստացել էր, որ նախագահ ընտրվելու դեպքում կճանաչի ցեղասպանությունը և նույնիսկ ասել էր, որ ԱՄՆ-ն «արժանի է այնպիսի առաջնորդի, ով ճշմարտությունը կասի Հայոց ցեղասպանության մասին»: Նախագահ ընտրվելուց հետո նա դրժեց իր խոստումը, որի համար քննադատության ենթարկվեց համայն հայության ու մասնավորապես ԱՄՆ հայ համայնքի կողմից: Իր նախագահության ընթացքում նա ամեն տարի ապրիլի 24-ին հանդես է գալիս ուղերձով և ամեն անգամ դիվանագիտորեն շրջանցում է ցեղասպանություն եզրույթը՝ սահմանափակվելով հայերեն Մեծ եղեռն արտահայտությամբ:

Ավելին՝ 2013-ի մայիսին Օբամայի վարչակազմը դիմել էր գերագուն դատարան՝ խնդրելով չքննել 9-րդ շրջանի բողոքարկիչ դատարանի Կալիֆորնիայի օրենքում կատարված փոփոխությունները չեղյալ հայտարարելու մասին 2012-ի որոշումը, որով նախատեսվում էր երկարացնել հայցերի ներկայացման ժամկետը Ցեղասպանության տարիներին կյանքի ապահովագրության փոխհատուցումների վճարումների վերաբերյալ:

Ներկայացված օրինագիծը գրեթե նույնն է, ինչ 2014 թվականի ապրիլին ներկայացվածը, միայն ավելացված է Հռոմի պապի հայտարարության մասին հատվածը, հայտնում է Tert.am-ը:

Ապրիլի 12-ին Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթվ զոհերի հիշատակին պատարագի ժամանակ Հռոմի պապ Ֆրանցիսկոսն Օսմանյան կայսրությունում հայերի սպանություններն անվանել է «20-րդ դարի առաջին ցեղասպանություն»: «Հայոց ցեղասպանության, այդ անծայրածիր խենթ ողբերգության 100-րդ տարելիցը հիշելը պարտադիր է, որովհետև ուր հիշատակ չկա, այնտեղ չարիքը դեռ բաց է պահում վերքը: Ծածկել հանցանքը, նշանակում է թողնել, որ վերքն արյունահոսի», - ասել է Հռոմի պապը:

«Բանաձևն ասում է, որ անընդունելի է ժխտել Հայոց ցեղասպանության փաստը և պատմությունը և շարունակել լռեցնել մահացածների ձայները: Երբ աշխարհն ապրիլի 24-ին նշում է Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցը, Միացյալ Նահանգները պետք է ստանձնի այս ցեղասպանությունը ճանաչելու պարտավորությունը՝ անմեղ զոհերի հիշատակը հարգելու և թույլ չտալու համար, որպեսզի նման ողբերգությունները կրկնվեն»,- ասել է Մենենդեսը:

«100 տարին չափազանց շատ է 1,5 միլիոն հայերի սպանությունն իր անունով չկոչելու համար՝ ցեղասպանություն»»,- ասել է սենատոր Քրքը:

«Վաղուց ժամանակն է, որ Միացյալ Նահանգները ճանաչի դա որպես ցեղասպանություն, հարգի զոհերի հիշատակը և անի հնարավորը՝ նման հանցագործությունների կրկնություն թույլ չտալու համար»,- հավելել է նա:

«Այս տարի Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցն է՝ անասելի ողբերգություն, որը բիծ է թողել աշխարհի հավաքական խղճի վրա»,- ասել է սենատոր Բոքսերը: «Ավելի քան 20 երկիր, ԱՄՆ 43 նահանգ և Հռոմի պապը ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, և ժամանակն է, որ Միացյալ Նահանգները միանա նրանց»,- հավելել է նա:

 Ուշագրավ
Եվրահանձնաժողովը խստորեն դատապարտել է Արցախի կրոնական և պատմական հուշարձանների ոչնչացումը
«Աշխարհում որտեղ էլ հեղաշրջում լինի, մենք դա դատապարտում ենք»,-ասել է նա
Պեսկովը նշել է, որ իրավիճակը պետք է մնա սահմանդրական դաշտում
ՀՀ քաղաքացիները Վրաստան ժամանելիս պարտավոր են իրենց մոտ ունենալ PCR թեստի բացասական պատասխան