Կոնգրեսական Շիֆը հիասթափված է Օբամայի որոշումից. Եթե ոչ 100 տարի անց, ապա ե՞րբ

Կոնգրեսական Շիֆը հիասթափված է Օբամայի որոշումից. Եթե ոչ 100 տարի անց, ապա ե՞րբ

PanARMENIAN.Net - Կոնգրեսական Ադամ Շիֆը խորապես հիասթափված է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ապրիլի 24-ի ուղերձում Հայոց ցեղասպանությունը չճանաչելու որոշումից: Այդ մասին կոնգրեսականը գրել է Facebook-յան իր էջում: «Խորապես հիասթափված եմ նրանից, որ նախագահը հերթական անգամ չի կարողանում ճիշտ գնահատել 1,5 մլն հայերի բնաջնջումը 1915-23 թթ. և ճանաչել, որ դա ցեղասպանություն էր: Որքա՞ն պետք է սպասեն զոհերն ու նրանց ժառանգները, մինչև որ մեր երկիրն այնքան համարձակություն ունենա, որ դիմակայի Թուրքիային` ճշմարտությունն ասելով Օսմանյան կայսրության հանցավոր անցյալի մասին: Եթե նախագահը չասի անցյալը ճանաչելու մասին, ապա ո՞վ պետք է դա անի: Եթե՞ ոչ 100 տարի անց, ապա ե՞րբ»,-գրել է նա:

«ԱՄՆ-ն տարիներ շարունակ հպարատցել է, որ փարոս է հանդիսանում մարդու իրավունքների պաշտպանության, վայրագությունների դեմ պայքարի, սեփական և այլ երկրների անցյալի ցավոտ էջերի ճանաչման գործում: Դա չի կարող լինել, եթե նախագահը կամ Կոնգրեսը մեղսակից են դառնոմ Հայոց ցեղասպանության ժխտման քաղաքականությանը: Անցած շաբաթ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հայտարարեց վերքն ամոքելու անհրաժեշտության մասին, որը շարունակում է արյունահոսել ճանաչման բացակայության պատճառով: Ես միայն ուզում եմ, որ Վաշինգտոնում դա լսեն»,-գրել է Շիֆը:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահի աշխատակազմի ղեկավար Դենիս Մակդոնոուն և ազգային անվտանգության խորհրդականի տեղակալ Բեն Ռոդսը Սպիտակ տանը հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը հայտարարեցին, որ Բարաք Օբաման որոշել է չճանաչել Հայոց ցեղասպանությունն ապրիլի 24-ի իր ամենամյա ուղերձում, գրում է Asbarez-ը:

«Այն, որ Օբաման տեղի տվեց Թուրքիային ազգային խայտառակություն է, ճշմարտության դավաճանություն, վստահության դավաճանություն»,-հայտարարել է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի նախագահ Քեն Խաչիկյանը: «Այն օրերին, երբ ողջ աշխարհի ուշադրությունը գամված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, նախագահ Օբաման օգտագործում է մեր երկրի հեղինակությունը ոչ թե ճշմարտությունը պաշտպանելու, այլ ի սպաս դնելու բերանները փակելու օտարերկրյա քաղաքականությանը: Ըստ էության, նա ԱՄՆ քաղաքականությունը Հայոց ցեղասպանության հարցում վստահել է Թուրքիայի նախագահ Էրդողանին»,-ասել է Խաչիկյանը:

«Որպես ամերիկահայեր, չնայած նախագահ Օբամայի անդադար կապիտուլացիաներին օտարերկրյա ճնշման առջև, մենք, մեր դաշնակիցների հետ միասին, կրկնակի եռանդով կաշխատենք` ամրապնդելու համար ամերիկյան աջակցությունը Հայոց ցեղասպանության հարցի արդար կարգավորմանը»,-հավելել է նա:

Որպես սենատոր և նախագահի թեկնածու` Բարաք Օբաման ցեղասպանության ճանաչման ջատագովն էր, խոստացել էր, որ նախագահ ընտրվելու դեպքում կճանաչի ցեղասպանությունը և նույնիսկ ասել էր, որ ԱՄՆ-ն «արժանի է այնպիսի առաջնորդի, ով ճշմարտությունը կասի Հայոց ցեղասպանության մասին»: Նախագահ ընտրվելուց հետո նա դրժեց իր խոստումը, որի համար քննադատության ենթարկվեց համայն հայության ու մասնավորապես ԱՄՆ հայ համայնքի կողմից: Իր նախագահության ընթացքում նա ամեն տարի ապրիլի 24-ին հանդես է գալիս ուղերձով և ամեն անգամ դիվանագիտորեն շրջանցում է ցեղասպանություն եզրույթը՝ սահմանափակվելով հայերեն Մեծ եղեռն արտահայտությամբ:

Ավելին՝ 2013-ի մայիսին Օբամայի վարչակազմը դիմել էր գերագուն դատարան՝ խնդրելով չքննել 9-րդ շրջանի բողոքարկիչ դատարանի Կալիֆորնիայի օրենքում կատարված փոփոխությունները չեղյալ հայտարարելու մասին 2012-ի որոշումը, որով նախատեսվում էր երկարացնել հայցերի ներկայացման ժամկետը Ցեղասպանության տարիներին կյանքի ապահովագրության փոխհատուցումների վճարումների վերաբերյալ:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---