8 սեպտեմբերի 2006 - 17:31 AMT
Շարլ Ազնավուրը կբացի Հայաստանի տարին Ֆրանսիայում
Սեպտեմբերի 30-ին Երեւանի Հանրապետության հրապարակում տեղի կունենա համերգ մեծն շանսոնյե Շարլ Ազնավուրի եւ ֆրանսիացի այլ երգիչների մասնակցությամբ, որով կնշանավորվի «Ֆրանսիայում Հայաստանի տարվա» մեկնարկը: Ֆրանսիացի երգիչների անունները, որոնք կմասնակցեն այդ համերգին, դեռեւս ճշտվում են: Չի բացառվում, որ մասնակիցների թվում կարող է լինել նաեւ Պատրիսիա Կաասը: «Նստելատեղերի» արժեքը կկազմի 40-120 հազար դրամ, սակայն բաց երկնքի տակ կայանալիք համերգը կարող են ունկընդրել բոլոր ցանկացողները, հաղորդում է «Ազգային տարի» պետական ոչ առեւտրային կազմակերպությունը: Նշենք, որ «Ֆրանսիայում Հայաստանի տարվա» բացման արարողությանն ակնկալվում է Ֆրանսիայի հանրապետության նախագահ Ժակ Շիրակի այցը: Ֆրանսիայի նախագահի ժամանման առթիվ կայանալիք պաշտոնական ընդունելության ժամանակ կհնչի պոպուրի հայ կոմպոզիտոր Ստեփան Շաքարյանի ֆրանսիական երգերից: