8 սեպտեմբերի 2006 - 17:50 AMT
Ղարաբաղում հրդեհների վերաբերյալ ՄԱԿ-ի բանաձեւի նախագիծը հստակ քաղաքական նպատակներ է հետապնդում
Ներկայացված բանաձեւի նախագիծը քննարկում է մի հարց, որը, մեր կարծիքով, փակվել էր երկու շաբաթ առաջ ԵԱՀԿ գործող նախագահի, Մինսկի խմբի համանախագահների եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի հետ քննարկումներից հետո: Այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 60-րդ նստաշրջանի 98-րդ ընդլայնված նիստում: Նրա խոսքերով, քննարկումների արդյունքում որոշում էր կայացվել ԵԱՀԿ հովանու ներքո փորձագետներից բաղկացած առաքելություն ուղարկել` հրդեհներից ստեղծված իրավիճակը գնահատելու համար: «Լեռնային Ղարաբաղի իշխանություններն արդեն իսկ ընդունել են այս առաջարկը, եւ Հայաստանն իրապես պատրաստ էր իր ջանքերը գործադրելու` աջակցելու նման առաքելությանը: Մեր հասկացողությամբ, Ադրբեջանը եւս համաձայնել էր դրան»,-նշել է նա:
Արմեն Մարտիրոսյանը տարակուսանք էր հայտնել այն փաստի վերաբերյալ, որ այդ նույն հարցի վերաբերյալ ՄԱԿ-ում շրջանառության մեջ է դրվել բանաձեւի նախագիծ, հատկապես հաշվի առնելով այն, որ նախագիծը կոչ էր անում զուգահեռ առաքելություն ուղարկել ՄԱԿ-ի հովանու ներքո:

«Այդ մոտեցումն անընդունելի էր: Մենք նման քայլը դիտում ենք որպես խոչընդոտ բանակցությունները շարունակելու համար: Եվ քանի որ այն հստակորեն քաղաքական նպատակներ էր հետապնդում, Հայաստանը դեմ հանդես եկավ այդ քայլին:

Այնուամենայնիվ, Մինսկի խմբի համանախագահների հետ մեր բանակցությունների արդյունքում, մենք համաձայնության եկանք մի տեքստի շուրջ, որը պարզապես վերահաստատում է իր աջակցությունը ԵԱՀԿ առաքելությանը: Այս առումով մենք կցանկանայինք ողջունել բոլոր կողմերի պատրաստակամությունը բանակցելու փոխզիջման ոգով` Մինսկի խմբի համանախագահների կարող ու շատ արդյունավետ միջնորդության ներքո: Այդուհանդերձ, թեեւ մենք սատարում ենք ձեռք բերված համաձայնության բովանդակային մասը, սակայն շարունակում ենք դեմ լինել այս օրակարգի կետի եւ նրա տակ ներկայացված ՄԱԿ-ի բանձեւի ընդհանուր գաղափարին: Սա է պատճառը, որ Հայաստանը չի միանում այս բանաձեւի կոնսենսուսին»,-ընդգծել է ՄԱԿ-ում ՀՀ մշատական ներկայացուցիչը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: