8 սեպտեմբերի 2006 - 18:01 AMT
Իսպանահայերը կոչ են անում երկրի խորհրդարանին ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Իսպանիայի հայ համայնքի ներկայացուցիչները հունիսին դիմել էին կատալոնացի պատգամավորներ Ռոսա Բոնասին եւ Խուան Պուիգսերսոսին` 20-րդ դարասկզբին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հարցով իսպանական խորհրդարանում քննարկումներ կազմակերպելու կոչով:
Պատգամավորները համապատասխան առաջարկ էին ներկայացրել խորհրդարանի Արտաքին գործերի հանձնաժողովին եւ գործընկերներին հորդորել ճանաչել Հայոց ցեղասպանությունը` որպես մարդկության դեմ հանցագործություն: Ավելի ուշ Ռոսա Բոնասը թուրքական «Անատոլիա» լրատվական գործակալությանը հայտնել է, թե իրենք բանաձեւի նախագծում փոփոխություն են կատարել` հանելով հոդվածը, որում Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչ է արվում Անկարային: Միաժամանակ, Բոնասը հայտարարել է, թե ինքը միշտ էլ հատուկ վերաբերմունք է ունեցել փոքրաթիվ համայնքների նկատմամբ, իսկ Հայոց ցեղասպանության մասին լսել է իսպանահայերի նամակից հետո միայն:

Թուրքիայի դեսպան Վոլքան Վուրալը Իսպանիայի արտգործնախարարությանը եւ խորհրդարանին հայտարարել է, թե առաջարկվող քննարկումներն անցկացվելու դեպքում կվնասվեն թուրք-իսպանական հարաբերությունները, հաղորդում է «Երկիրը»: