8 սեպտեմբերի 2006 - 18:54 AMT
Սեպտեմբերի 9-11 Մոսկվայում կանցնեն Երեւանի օրերը
Սեպտեմբերի 9-ին Մոսկվայում կմեկնարկեն Երեւանի օրերը: Ինչպես նշվում է Երեւանի քաղաքապետարանի կայքում զետեղված հաղորդագրության մեջ, միջոցառումները կբացվեն Մոսկվայի Հեղափոխության հրապարակում` «Ոսկե նուռ» հայկական ապրանքների տոնավաճառով, որը կշարունակվի մինչեւ սեպտեմբերի 10-ը: Նույն օրը «Պավել Սլոբոդկին» կենտրոնում տեղի կունենա «Armenian Navy Band» խմբի ջազային երաժշտության համերգը: Սեպտեմբերի 11-ին Երեւանի քաղաքապետ Ե. Զախարյանի եւ Մոսկվայի քաղաքապետ Յու. Լուժկովի միջեւ տեղի կունենա պաշտոնական հանդիպում: Նույն օրը Ստանիսլավսկու անվան երաժշտական թատրոնի ճեմասրահում կբացվի Երեւանին նվիրված լուսանկարչական աշխատանքների ցուցահանդեսը: Սեպտեմբերի 11-ի երեկոյան Ստանիսլավսկու եւ Նեմիրովիչ-Դանչենկոյի անվան երաժշտական թատրոնում արվեստի հայ վարպետների մասնակցությամբ տեղի կունենա գալա-համերգ, որով եւ պաշտոնապես կավարտվեն Մոսկվայում Երեւանի օրերը: