Անաստասիադիս. Կիպրոսն ու Հայաստանը, անպատժելիության զոհ լինելով, հույսը կապում են միջազգային իրավունքի հետ

Անաստասիադիս. Կիպրոսն ու Հայաստանը, անպատժելիության զոհ լինելով, հույսը կապում են միջազգային իրավունքի հետ

PanARMENIAN.Net - Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսը ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակի արարողությանը Հայոց ցեղասպանության հուշահամալիրի մոտ ելույթ ունեցավ և նշեց, որ իր համար մեծ պատիվ է հայ ժողովրդի հետ ոգեկոչել Մեծ եղեռնի զոհերի հիշատակը, հայտնում է Tert.am-ը:

Նա ընդգծեց, որ բնական է, որ Կիպրոսն ու Հայաստանը միասնաբար են դատապարտում ցեղասպանության ոճրագործներին։

«Կիպրոսը եվրոպական առաջին երկրներից էր, որ ճանաչեց ցեղասպանությունը։ Յուրաքանչյուրիս ներկայությունն այստեղ նպատակ է հետապնդում վառ պահելու հիշատակը և հարգանքի տուրք մատուցելու միլիոնավոր նահատակներին, ովքեր կյանքից զրկվեցին հարյուր տարի առաջ։ Մենք խմբովի պարտավոր ենք հայտարարել, որ սա չի կարող անպատժելի մնալ։ Հայաստանն ու Կիպրոսը անպատժելիության զոհեր են։ Մենք երկուսս էլ մեր հույսը կապում ենք միջազգային իրավունքի հետ, մեր պատմությունները շաղկապված են, մեր ժողովուրդները պայքարել են ու մնացել կենդանի»,-ասաց նա։

Կիպրոսի նախագահը հիշեց, թե ինչպես 100 տարի առաջ Կիլիկիայի ջարդերից հետո հայ փախստականների նավերը ապահով ապաստան են գտել Կիպրոսում և կիպրոսցիները հպարտ են, որ հայ փախստականների երեխաներն այսօր Կիպրոսի հասարակության կարևոր ու աշխույժ անդամներ են։

«Մեր միասնականությունը նաև խղճի դրսևորումն է, մենք պարտավոր ենք անուշադրության չմատնել պատմական փաստի ողբերգականությունը։ Այս իրադարձությունների ճանաչումը որևէ հանգամանքներում չի սահմանափակում ազգերի դերակատարությունը միջազգային հարաբերություններում։ Նախագահի վճռական դիրքորոշումը ողջունում եմ՝ պատշաճ ժամանակն է, որ ճանաչվի կատարվածը։ Դա ուղի կհարթի հարևան երկրի հետ հարաբերությունների նորմալացմանը և տարածաշրջանի խաղաղությանը։ Այստեղ ենք հարգանքի տուրք մատուցելու հայ ժողովրդին, որ կարողացավ կենդանի մնալ միլիոնավոր նախնիների արյան գնով»,-ասաց նա։

Կիպրոսի Նախագահը նշեց, որ Մեծ եղեռնը հիշելը և վերապրողներին հարգանքի տուրք մատուցելը շատ կարևոր է այսօր հայ ժողովրդի ու Սփյուռքի համար։ «Մենք հիշում ենք ու պահանջում»,-ավարտեց նա։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ փաստացի, ադրբեջանական զինված ուժերը հայտնվել են ռուս խաղաղապահների թիկունքում
Նշվում է նաև, որ ներխուժած ադրբեջանական ստորաբաժանումները մարտի լույս 25-ի գիշեր կրակ են բացել
Դեսպանատան ոչ մեծ թվով աշխատակիցներ դիտարկել են ընտրությունները՝ որպես այցելուներ
Շրջանառության մեջ կդրվի սահմանագծման և սահմանազատման հիմնախնդիրներին վերաբերող ԱԺ հայտարարության նախագիծ
---