Գերմանիայի խորհրդարանն ընդունել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևը (թարմացված)

Գերմանիայի խորհրդարանն ընդունել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևը (թարմացված)

PanARMENIAN.Net - Գերմանիայի խորհրդարանն ապրիլի 24-ին հավանություն է տվել Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևին՝ 100 տարի առաջ Օսմանյան Թուրքիայում իրականացված 1,5 մլն հայերի զանգվածային սպանությունը որակելով ցեղասպանություն, գրում է Reuters-ը:

Աղբյուրը հավելում է, որ «ցեղասպանություն» բառը հատուկ ռեզոնանս ունի Գերմանիայում, որը մեծ ջանքեր է գործադրել՝ ընդունելու Հոլոքոսթի ժամանակ վեց միլիոն հրեաների սպանության համար պատասխանատվությունը:

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակմանը նվիրված նիստի ժամանակ Բունդեսթագի ստորին պալատի բոլոր խորհրդարանական խմբակցությունները քվեարկել են բանաձևի օգտին. այն ստացել է ձայների ճնշող մեծամասնությունը: Այս փաստը, ըստ Reuters-ի, ամենայն հավանականությամբ կհարուցի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի վրդովմունքը:

Խորհրդարանի նիստին մասնակցել է նաև Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:

«Գերմանիան մեղքի իր բաժինն ունի այդ տարիներին կատարվածում»,- իր ելույթի ընթացքում ասել է Բունդեսթագի նախագահ Նորբերթ Լամերթը՝ հավելելով, որ իրական խաղաղություն չի կարող լինել, եթե չի վերականգնվել Ցեղասպանության զոհերի սերունդների համար արդարությունը, գրում է Tert.am-ը։

«Օրհան Փամուկն ու Հրանտ Դինքն արժանի են, որ այսօր ստանան մեր աջակցությունը»,- հավելել է նա։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ բանաձևի քվեարկությունը հետաձգվել է մինչև ապրիլի 30-ը:

Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինի Մայր տաճարում Հայոց ցեղասապանության զոհերի հիշատակին նվիրված արարողության ժամանակ Գերմանիայի նախագահ Յոախիմ Գաուկը Օսմայան կայսրության իրագործած 1915-ի հայկական ջարդերը կոչել է ցեղասապանություն: Այդպիսով, նա դարձել է այդ երկրի առաջին ղեկավարը, որն արտասանել է «Հայոց ցեղասպանություն»:

«Հայերի նման ճակատագիրը պատմության մեջ զանգվածային ոչնչացման, էթնիկ զտման, կոտորածի, այո, ցեղասպանության հստակ օրինակ է, որոնցով 20-րդ դարը հիշվում է սարսափելի ձևով: Այսպիսով մենք խոսում են հրեաների հոլոքոստի հետ այս իրադարձությունների միանմանությունից, Հոլոքոստի, որի համար Գերմանիան պատասխանատվություն է կրում»,- ասել է Գերմանիայի նախագահը: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Գերմանիայի նախագահ Յոահիմ Գաուկը և կանցլեր Անգելա Մերկելը չեն մասնակցի Թուրքիայում Դարդանելի (Չանաքքալե, Գալիպոլի) ռազմական գործողությունների 100-ամյակին նվիրված միջոցառումներին: Թուրքական ընդդիմադիր Zaman թերթի կայքը գրում է, որ նախագահ Գաուկը իր նախապատվությունը տվել է հայերին:

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ապրիլի 21-ին ՔԴԴ/ՔՍԴ խմբակցությունների նիստի ընթացքում հայտնել էր, որ աջակցում է այն դիրքորոշմանը, որով 100 տարի առաջ Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային սպանությունների և տեղահանումների առնչությամբ կարելի է կիրառել ցեղասպանություն տերմինը: Միևնույն ժամանակ Գերմանիայի կառավարության ղեկավարը մտավախություն էր հայտնել, որ Բեռլինի կողմից այդ տերմինի օգտագործումը կարող է բացասական ազդեցություն ունենալ Հայաստանի և Թուրքիայի հաշտեցման գործընթացի վրա, հաղորդում է Deutsche Welle-ը:

 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
---