Ուկրաինայի ՆԳՆ նախարար. Հայոց ցեղասպանությունը չսերտած դաս է ողջ մարդկության համար

Ուկրաինայի ՆԳՆ նախարար. Հայոց ցեղասպանությունը չսերտած դաս է ողջ մարդկության համար

PanARMENIAN.Net - Ուկրաինայի ներքին գործերի հայազգի նախարար Արսեն Ավակովը հիշատակել է Հայոց ցեղասպանությունը և նշել, որ հարյուր տարի անց հանցագործության դատապարտումն անհրաժեշտություն է, որպեսզի այլևս նման ողբերգություններ չկրկնվեն: Այդ մասին նա գրել է Facebook-ի իր էջում, հայտնում է Tert.am-ը:

«Ամեն տարի նշվում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը: Այս օրը՝ ողբերգական դեպքերի հարյուրամյա տարելիցի օրը, Եվրախորհրդարանը ցեղասպանության զոհերի հիշատակի եվրոպական օր է հռչակել: Եվրոպան հիշատակում է մեկուկես միլիոն սպանվածների, տանջվածների, սովից մահացած մարդկանց, որոնց միակ մեղքը մարդասպանների առաջ եղել է «սխալ» ազգությունը և «սխալ» հավատը: Դա եղել է մանրամասն մտածված և պլանավորված սպանություն, որը տևել է երկու տասնամյակ»,- գրել է Ավակովը:

Նախարարի խոսքով՝ Հայոց ցեղասպանությունը մեկ ժողովրդի ողբերգություն չէ: «Դա սարսափելի, և, ցավոք, չսերտած դաս է ողջ մարդկության համար: Մինչ այժմ ոչ մի երկիր և ոչ մի ժողովուրդ ապահովագրված չէ ողբերգության կրկնությունից»,- գրել է Ավակովը՝ հիշեցնելով, որ ՄԱԿ-ի կողմից ճանաչված վերջին ցեղասպանությունը կատարվել է բոլորովին վերջերս՝ 1995 թվականին:

«Հենց այդ պատճառով է այդքան կարևոր պետական մակարդակով ճանաչել հայերի ցեղասպանությունը: Գոնե հարյուր տարի անց դատապարտել հանցագործությունը, ամրագրել ցանկացած հակամարտությունների և վեճերի՝ նման «լուծման» անթույլատրելիությունը, ստանձնել քաղաքական պարտավորություններ»,- գրել է Ավակովը:

Նա հիշեցրել է, որ Ուկրաինան դեպի Եվրամիություն իր ճանապարհը ձեռք է բերել «Երկնային հարյուրյակի» արյամբ: «Մահացածներից առաջինն Ուկրաինայի հայրենասեր որդի Սերգեյ Նիգոյանն էր: Երկրի արևելքում դիմակայելով ագրեսիային, պայքարելով սեփական երկրի՝ Ուկրաինայի համար՝ Զինված ուժերում, Ազգային գվարդիայում, Ներքին գործերի նախարարությունում, կամավորական ջոկատներում զոհվել են ուկրաինացի հայեր: Նրանք 52-ն են: Ուկրաինացի հայտնի պոետ Լինա Կոստենկոն հիանալի բանաստեղծություն է գրել՝ «Ցավդ տանեմ»: Եկեք և մենք մեզ վրա վերցնենք հայ ժողովրդի ցավը, որպեսզի հիշողության միջոցով ողբերգությունը երբեք չկրկնվի: Այսօր Ուկրաինայի խորհրդարանը մեկ րոպե լռությամբ հարգել է ցեղասպանության ժամանակ զոհված հայերի հիշատակը: Ցավդ տանեմ»,- գրել է Ուկրաինայի ներքին գործերի նախարարը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---