28 ապրիլի 2015 - 11:33 AMT
Էրդողանին հանգիստ չի տալիս Պուտինի մասնակցությունն Ապրիլի 24-ի երևանյան արարողությանը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վշտացրել է այն հանգամանքը, որ Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահներ Վլադիմր Պուտինն ու Ֆրանսուա Օլանդը մասնակցել են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչկան արարողություններին Հայաստանում: Այս մասին Էրդողանը հայտարարել է ապրիլի 27-ի երեկոյան` պաշտոնական այցով Քուվեյթ մեկնելուց առաջ, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը:

«Ես շատ վշտացած եմ, որ անձամբ Պուտինն այդպես վարվեց: Մինչ ցեղասպանության մասին հայտարարություններ անելը, Ռուսաստանը թող իր պատմությունն ուսումնասիրի, իր անցյալի, Ղիմի համար պատասխան տա: Թուրքիան ցեղասպանություն չի գործել: Մենք բացում ենք մեր արխիվներն ուսումնասիրության համար, թող Երևանն էլ նույնը անի»,-ասել է Էրդողանը:

Նա հավելել է նաև, որ «և Ռուսաստանը, և Ֆրանսիան նախկինում ևս օգտագործել են «ցեղասպանություն» եզրույթը 1915-ի իրադարձությունները բնորոշելիս»:

Ռուսաստանը Հայոց ցեղասպանությունը ճանաչել է 1995 թվականի ապրիլի 14-ին:

«Մենք խնդիրներ չունենք հայ ժողովրդի հետ: Խնդիրը Հայաստանի ղեկավարության հետ է, սփյուռքի»,-ասել է նա:

Ապրիլի 24-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Երևանում մասնակցեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման արարողություններին: Երևանում նա հայտարարեց. «Ռուսաստանի դիրքորոշումը եղել է և մնում է հետևողական. мենք միշտ համարել ենք, որ մարդկանց զանգվածային սպանություններին ոչ մի արդարացում չկա և չի կարող լինել»:

1,5 մլն խաղաղ բնակիչ սպանվեց ու ավելի քան 6 հարյուր հազարը վտարվեց սեփական երկրից ու զանգվածային հետապնդումների ենթարկվեց, ոչնչացվեցին ճարտարապետության անգին հուշարձաններ, հինավուրց գրքեր ու անգին ձեռագրեր այրվեցին: Այս մասին ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդում հայտարարել է ՌԴ նախագահՎլադիմիր Պուտինը՝ հավելելով.«Այսօր մենք սգում ենք հայ ժողովրդի հետ միասին»:

Թուրքիայի ԱԳՆ-ն այս արտահայտությունները որակեց որպես «ուժ չունեցող»:

«Չնայած մեր բոլոր զգուշացումներին և կոչերին, Ռուսաստանի նախագահ Պուտինը 1915 թվականի իրադարձությունները որակեց որպես ցեղասպանություն: Մենք սա չենք ընդունում և դատապարտում ենք: Թուրքիայի համար նման քաղաքական հայտարարությունները իրավունքի ակնհայտ խախտում են և իրավական ուժ չունեն»,- ասված է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ:

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ապրիլի 25-ին հայտարարեց, որ Կրեմլում չեն կարծում, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցությունը Երևանում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման արարողություններին կարող է առիթ դառնալ Թուրքիայի բացասական արձագանքի համար: Մամուլի քարտուղարը նշել է, որ Հայաստանն ու Ռուսաստանը «կապված են անհամար թելերով»: «Այդ միջոցառումները չեն կարող մեկնաբանվել որպես ինչ-որ բանի վնասող»,-հայտարարել է Պեսկովը: