28 ապրիլի 2015 - 11:44 AMT
Կիլիկիո կաթողիկոսարանը դիմել է Թուրքիայի ՍԴ՝ Սիսի կաթողիկոսարանի պահանջով

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանն այսօր՝ ապրիլի 28-ին, դիմել է Թուրքիայի Սահմանադրական դատարան՝ Սիսի կաթողիկոսարանի վերադարձի պահանջով, տեղեկացնում է կաթողիկոսարանի պաշտոնական կայքը:

Ավելի վաղ՝ փետրվարի 7-ին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Անթիլիասի մայրավանքում տեղի ունեցած Ազգային կենտրոնական վարչության կրոնական ու քաղաքական ժողովների լիակատար նիստերում քննարկվել է նաև Սիսի պատմական Կաթողիկոսարանի պահանջի վերաբերյալ Թուրքիայի դեմ ներկայացվելիք դատական հայցը: Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա-ն հայտարարել էր, որ առաջիկա երկու շաբաթում Սիսի կաթողիկոսարանի հարցով թուրքական դատարանում հայց կներկայացվի՝ շեշտելով, որ Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ծրագրերի շարքում այս դատը եզակի տեղ պիտի գրավի:

Դատական հայցի նպատակն է միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել հայապատկան կալվածքների վերադարձի հարցին՝ հատուցման համատեքստում:

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ ազգային պահանջատիրության ուղղությամբ գործնական քայլերի հեռանկարով Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսը կարևորել է Սիսի կաթողիկոսարանի և ազգապատկան ու եկեղեցապատկան այլ կալվածքներ վերադարձը՝ հայերի խախտված իրավունքների վերականգնման համատեքստում: Անցած երկու տարում այս հայցի նախապատրաստական աշխատանքներին մասնակցել է թուրքական և միջազգային դատավարական օրենքների մասնագետներից կազմված հանձնախումբ՝ Արամ Ա կաթողիկոսի գլխավորությամբ:

Դեռ 2014-ի սեպտեմբերի 19-ին «Հայաստան-Սփյուռք» համահայկական 5-րդ համաժողովի բացման ժամանակ է Մեծի Տանն Կիլիկո Արամ Ա Կաթողիկոսը հայտարարել, որ պատրաստվում է հայց ներկայացնել Թուրքիայի Սահմանադրական դատարան՝ պահանջելով պատմական կենտրոնի` Սիսի կաթողիկոսարանի վերադարձն իրավատիրոջը` հայ եկեղեցուն ու հայ ժողովրդին:

Արամ Ա-ն նշել է, որ եթե դատը մերժվի Թուրքիայի սահմանադրական դատարանի կողմից, այն կներկայացնեն Մարդու իրավունքների եվրոպական դատարան. «Բազմիցս ասել ենք ու միշտ պետք է կրկնենք ի լուր մեր ժողովրդին, ցեղասպանին և միջազգային հանրությանը, որ մենք պահանջատեր ենք և հավատարիմ ենք մնում մեր նահատակների սրբազան կտակին` որքան էլ ցեղասպանը իր մարտավարական ու ռազմավարական սադրանքներով և նյութական միջոցներով փորձի նսեմացնել ու աղավաղել մեր պահանջատիրությունը միջազգային հանրության առջև: Չենք կարող անտարբեր մնալ մեր ազգի ոտնահարված իրավունքների նկատմամբ, անտարբերությունն ազգային դավաճանություն է:

Մենք ճանապարհ ենք ելել այս հեռանկարով: Եթե դատը շահենք, պատիվը և հաղթանակը կգնա մեր ժողովրդին, մեր հայրենիքն և եկեղեցուն: Իսկ եթե դատը պարտվենք, դարձյալ հաղթանակած կլինենք, որովհետև ցեղասպանին ու միջազգային հանրությանը գործնականորեն հիշեցրած կլինենք, որ հայ ժողովուրդը պահանջատեր է իր իրավունքներին` անկախ նրանից, թե քանի տարի է անցել Հայոց ցեղասպանությունից: Վերջապես, գիտենք, որ այս դատը նյութական մեծ ներդրում է պահանջում: Ամեն դեպքում, մենք վստահում ենք մեր ժողովրդին, որովեհտև եկեղեցին ժողովուրդն է, և եկեղեցական որևէ կենտրոն մեր ժողովրդի սեփականությունն է»:

Քաղաքական իրավիճակով պայմանավորված Կիլիկիայի տարբեր շրջաններից հետո 1295-ին Կաթողիկոսարանը հաստատվեց մայրաքաղաք Սիսում: 1921-ին Օսմանյան Թուրքիայի կառավարությունը երկու օրվա վերջնագիր ներկայացրեց Սահակ Բ Խապայան կաթողիկոսին՝ Կաթողիկոսարանը լքելու պահանջով: Վեհափառը, իր հետ վերցնելով ձեռագրեր, ծիսական սպասքը, ներառյալ մյուռոնի կաթսան, փոքրաթիվ միաբանների հետ հաստատվել է նախ Երուսաղեմում, ապա Հալեպում, Դամասկոսում, Կիպրոսում և 1930-ին Անթիլիասում: