29 ապրիլի 2015 - 10:32 AMT
Daily Trojan. ԱՄՆ-ի կառավարությունը զոհաբերեց ամերիկյան արժեքները հօգուտ շահի

ԱՄՆ Հարավային Կալիֆորնիայի համալսարանի Daily Trojan ուսանողական թերթն անդրադարձել է վերջին շրջանում միջազգային մամուլում քննարկվող թեմաներից մեկին` Հայոց ցեղասպանությանն ու աշխարհի տարբեր պետությունների կողմից այդ պատմական փաստի ճանաչմանը:

Հոդվածագիր Նիկա Շահերին սկսում է նախագահ Բարաք Օբամայից` նշելով, որ «ԱՄՆ-ի ղեկավարը 7-րդ տարին անընդմեջ խուսափեց իր նախընտրական խոստումը կատարելուց ու 1.5 մլն հայերի սպանությունը որպես ցեղասպանություն որակելուց», հայտնում է Tert.am-ը:

Որպես սենատոր և նախագահի թեկնածու` Բարաք Օբաման ցեղասպանության ճանաչման ջատագովն էր, խոստացել էր, որ նախագահ ընտրվելու դեպքում կճանաչի ցեղասպանությունը և նույնիսկ ասել էր, որ ԱՄՆ-ն «արժանի է այնպիսի առաջնորդի, ով ճշմարտությունը կասի Հայոց ցեղասպանության մասին»: Նախագահ ընտրվելուց հետո նա դրժեց իր խոստումը, որի համար քննադատության ենթարկվեց համայն հայության ու մասնավորապես ԱՄՆ հայ համայնքի կողմից: Իր նախագահության ընթացքում նա ամեն տարի ապրիլի 24-ին հանդես է գալիս ուղերձով և ամեն անգամ դիվանագիտորեն շրջանցում է ցեղասպանություն եզրույթը՝ սահմանափակվելով հայերեն Մեծ եղեռն արտահայտությամբ:

Ավելին՝ 2013-ի մայիսին Օբամայի վարչակազմը դիմել էր գերագուն դատարան՝ խնդրելով չքննել 9-րդ շրջանի բողոքարկիչ դատարանի Կալիֆորնիայի օրենքում կատարված փոփոխությունները չեղյալ հայտարարելու մասին 2012-ի որոշումը, որով նախատեսվում էր երկարացնել հայցերի ներկայացման ժամկետը Ցեղասպանության տարիներին կյանքի ապահովագրության փոխհատուցումների վճարումների վերաբերյալ:

«Չճանաչելով այդ փաստը` ԱՄՆ-ի կառավարությունը զոհաբերեց ամերիկյան արժեքները հօգուտ քաղաքական, տնտեսական ու անվտանգությանն առնչվող շահերի»,-նշում է Շահերին:

Այնուհետ հոդվածագիրը ներկայացնում է Թուրքիայի ու Միացյալ Նահանգների տնտեսական ու քաղաքական կապերի ամրության աստիճանը: Հեղինակի կարծիքով՝ չճանաչելով Օսմանյան կայսրությունում իրականացված Ցեղասպանությունը՝ Միացյալ Նահանգները ծառայում է իր եսասիրական շահերին:

«Կամբոջայում, Ռուանդայում, Սրեբրենիցայում ու Կոսովոյում տեղի ունեցած սոսկալի դեպքերը նույն պարզ պատճառով ևս անտեսվեցին ԱՄՆ-ի կողմից. դրանց խառնվելը չէր բխում ազգային շահերից: «Ցեղասպանություն» եզրույթի օգտագործումից խուսափելը փաստում է, որ աշխարհն իրականում դեռևս չի գիտակցել դրա ողջ իմաստն ու այդ երևույթն արմատախիլ անելու անհրաժեշտությունը: Մինչդեռ ճանաչումն անչափ կարևոր է ապագայում նման դեպքերը կանխելու համար»,-շարունակում է Շահերին:

Ըստ նրա՝ Ցեղասպանության 100-րդ տարելիցը լավ հնարավորություն էր ոչ միայն ԱՄՆ-ի, այլև մյուս պետությունների համար ճանաչելու տեղի ունեցածը: «Դա հնարավորություն էր հավատարիմ մնալու ՄԱԿ-ի կողմից ցեղասպանությունները դատապարտող բանաձևերին ու կանխելու ապագայում ոճրագործությունների իրականացումը: Մինչդեռ Ցեղասպանությունը ճանաչելու հնարավորությունն այդպես էլ չօգտագործվեց»,- եզրափակում է հեղինակը: